ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մեծ մասն անհանգստացած է Քեսաբի դեպքերով. Սամանտա Փաուեր

ՄԱԿ ԱԽ անդամները ՄԱԿ-ում բարձրացրել են պատմական հայկական Քեսաբ քաղաքի գրավման հարցը և միջազգային մարմնին կոչ արել «ավելին անել այդ մարդկանց կարիքները հոգալու համար»: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայ դատի ԱՄՆ հանձնախմբից, այս մասին ապրիլի 2-ին Կոնգրեսի լսումների ժամանակ Հատկացումների պալատի անդամներին հայտնել է ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների դեսպան Սամանտա Փաուերը:

Հատկացումների պալատի հանձնաժողովի պետական արտաքին գործառնությունների ենթահանձնաժողովի հարցուպատասխանի ժամանակ ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը դեսպանին խնդրել է ներկայացնել, թե ինչ ջանքեր են գործադրում ՄԱԿ-ը և նրա գործակալություները Քեսաբում առաջած ճգնաժամի առնչությամբ: «ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամների մեծ մասը բարձրացրել են Քեսաբի հարցը’ կոչ անելով հոգալ այդ մարդկանց կարիքները: Պետք է նշեմ, որ ԱՄՆ-ը և ՄԱԿ-ը, դժբախտաբար, քաղաքը գրաված ծայրահեղական խմբավորումների վրա ազդելու այնքան էլ շատ լծակներ չունեն»,- ասել է Փաուերը:

«Մենք միանում ենք Կալիֆորնիայի և ողջ ԱՄՆ հայությանը’ շնորհակալություն հայտնելու կոնգրեսական Շիֆին’ դեսպան Փաուերի առաջ Քեսաբից քշված հայերի վիճակի մասին բարձրաձայնելու համար: Մենք գնահատում ենք դեսպան Փաուերի հայտարարությունը, որ Քեսաբը խիստ մտահոգիչ խնդիր է, և նրա տված մեկնաբանությունը Կոնգրեսին’ ծայրահեղ իսլամիտների գործողությունների հետևանքով տեղահանված հայ քաղաքացիներին օգնելու ՄԱԿ ԱԽ ջանքերի մասին»,- նշել է Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համփարյանը:

Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը շարունակելու է աշխատանքները կենգրեսականների հետ’ խրախուսելու Միացյալ Նահանգների կառավարությանը’ խնդրի կապակցությամբ խոսել նաև քեսաբցիների տառապանքների անմիջական մեղավոր Թուրքիայի հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում