Թարմ լուրեր Լաթաքիայից. ամեն ինչ արվում է, որպեսզի քեսաբցիներին գաղթականի իրավիճակից դուրս բերեն

Անօթևան մնացած մոտ 150 քեսաբահայ ընտանիք է այժմ պատսպարված Լաթաքիայի Սուրբ Աստվածածին եկեղեցում, որտեղ նրանք սնունդ ու ապրուստի համար այլ անհրաժեշտ պարագաներ են ստանում: Ապրիլի 4-ին հրավիրված ասուլիսում ուղիղ տեսազանգի միջոցով Սփյուռքահայության շտապ օգնության գործադիր մարմնի անդամ Կարո Մանճիկյանը թարմ լուրեր հաղորդեց Լաթաքիայից: «Սուրբ Աստվածածին եկեղեցուն կից տարածքում ապաստանած քեսաբահայերին հերթ ականությամբ ճաշ, ու ընթրիք է մատուցվում, նրանք թաղի գուրգուրանքի առարկան են դարձել: Այստեղ ամեն ինչ արվում է, որպեսզի քեսաբցիներին գաղթականի իրավիճակից դուրս բերեն: Եվ չի մարում Քեսաբ բարձրանալու մշուշով պատած այդ երազանքը»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ’ նշեց Մանճիկյանը:

«Մեր աչքը վեր է հառած, որպեսզի առաջխաղացում արձանագրվի’ այստեղ տեղափոխվածների կարիքները հոգալու համար»,- ընդգծեց Սփյուռքահայության շտապ օգնության գործադիր մարմնի անդամը’ շեշտելով, որ իրենք պատրաստ են վերադառնալ Քեսաբ’ անգամ գիտակցելով, որ իրենց տները թալանված են և փլված, քանի որ ցանկանում են պահպանել պապենական հողերը:

Նրա տեղեկացմամբ’ իրենք ունեն հավատարիմ բարեկամներ սահմանի մյուս կողմում, ովքեր իրենց հայտնել են, որ տների ողջ կահկարասիքը թուրքերի կողմից վաճառվոմ է շուկաներում: «Սա թուրքական պետության հովանավորած քաղաքականությունն է»,- շեշտեց Քեսաբի դեպքերի ականատեսը: Անդրադառնալով գերության մեջ հայտնված և Քեսաբում մնացած տարեցներին’ Մանճիկյանը նշեց, որ նրանց թիվը հասնում է 25-ի, և նրանք ծանր բարոյահոգեբանական վիճակում են:

«Մեդիա կենտրոն»-ում ապրիլի 4-ին ցուցադրվելու է «Քեսաբ» ֆիլմաշարի առաջին մասը, որին կհաջորդի քննարկում: «Քեսաբ» վավերագրական ֆիլմ-նախագծի մտահղացման հեղինակներն են Մխիթարյան միաբանության վարդապետ Հայր Համազասպ Քեշիշյանը, Նորայր Մելքոնյանը, Նանե Բագրատունին, Լիպարիտ Ասատրյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում