Քեսաբում երկու տարեց հայերից մինչև այժմ տեղեկություն չկա

Քեսաբում 25 տարեց հայերից 22-ը այժմ թուրքական Ուակիֆ գյուղում են: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց քեսաբահայ Կարո Մանճիկյանը, ով այժմ գտնվում է Լաթաքիայում: Նա նշեց, որ Քեսաբում գտնվող 2 հայերից առայժմ տեղեկություններ չկան: Կարո Մանճիկյանը նաև տեղեկացրեց, որ ևս երկու հայ երիտասարդներ, ովքեր մինչև Քեսաբի վրա տեղի ունեցած հարձակումը այնտեղ են եղել, այժմ անհետ կորել են, որևէ լուր նրանց վերաբերյալ չկա: Երիտասարդների ծնողներն այժմ Լաթաքիայում են:

«Սիրիական բանակը քայլեր է ձեռնարկում Քեսաբի վրա հնարավորինս արագ վերահսկողություն հաստատելու համար, բոլորը վերադառնալու մեծ հույսեր ունեն»,- նշեց Մանճիկյանը՝ ավելացնելով, որ Լաթաքիայի եկեղեցու 2 սրահում հաստատված մոտ 150 քեսաբահայերն ապահովված են սննդով, ծածկոցներով, հագուստով:

«Լաթաքիայի տեղեկատվական ցանց» ֆեյսբուքյան էջից տեղեկացանք, որ Լաթաքիայի 45 բարձունքի շրջակայքում տեղի ունեցած բախումների ժամանակ 11 զինյալ են սպանվել: Աղբյուրը նաև տեղեկացրել է, որ սիրիական բանակը վերահսկողություն է հաստատել Ջաբ ալ Հարամի տարածքի վրա:

Քեսաբի շրջանի վրա հարձակումն սկսվել է մարտի 21-ին Թուրքիայի սահմանի ութ կետերից: Հարձակումն իրականացրել են «Ջաբհա ան Նուսրա» և «Ջեյշ ալ Իսլամ»խմբավորումները Թուրքիայի կառավարության անմիջական աջակցությամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում