Համալսարանականներն այցելել են Եղեգնուտ գյուղի դպրոց

Համալսարանականներն այցելել են Եղեգնուտ գյուղի դպրոց

Ապրիլի 25-ից 27-ը Երեւանի Պետական Համալսարանի դասախոսներից եւ ուսանողներից կազմված 100 հոգանոց խումբը գտնվում է Արցախում:

2006 թվականից սկսած’ ամեն տարի Երևանի պետական համալսարանի ուսանողական կառույցները՝ ի դեմս Ուսանողական Խորհուրդի, Ուսանողական Գիտական Ընկերության, «Վարդանանք» ռազմահայրենասիրական դաստիարակության ակումբի, Ուսանողների հետ տարվող աշխատանքների բաժնի աջակցությամբ այցելում են Արցախ: Այս մասին տեղեկանում ենք ԵՊՀ-ի տարածած մամուլի հաղորդագրությունից:

Ուսանողների հետ տարվող աշխատանքների բաժնի վարիչ Վահագն Վարագյանն իր խոսքում խոսքերով’ այս տարի Արցախ կատարվելիք այցելության գլխավոր նպատակն էր մասնակցել Եղեգնուտի’ Պետրոս Ղևոնդյանի անունը կրող միջնակարգ դպրոցում կայանալիք հուշ-ցերեկույթին’ նվիրված ազատամարտիկի 50-ամյակին:

Ապրիլի 25-ին համալսարանականները եղել են Արցախի Շահումյանի շրջանի Եղեգնուտ գյուղի Պետրոս Ղեւոնդյանի անունը կրող դպրոցում, որտեղ տեղի է ունեցել միջոցառում: Միջոցառման մանրամասները ճշտեցինք դպրոցի ուսուցչուհի Մարիամ Փիլաֆյանից:

Ցերեկույթն իր ողջույնի խոսքով բացել է դպրոցի տնօրեն Ժորա Սարգսյանը:

Դպրոցի աշակերտները համալսարանականներին դիմավորել են տոնական միջոցառմամբ, ազգային երգ ու պարով: Մայր բուհի ներկայացուցիչները եւս միացել են երեխաներին ու շուրջպար բռնել դպրոցի բակում: Միջոցառումը կազմակերպել էր դպրոցի կազմակերպչական գծով ուսմասվար Սիլվա Մովսիսյանը:

«Համալսարանականների խմբի հետ Եղեգնուտ էր այցելել նաեւ Ռուզաննա Կրպեյանը, Արցախի հերոս Թաթուլ Կրպեյանի քույրը», նշեց Եղեգնուտի դպրոցի ուսուցչուհին եւ հավելեց, որ նմանատիպ այցելությունները նաեւ նպատակ ունեն նպաստել Հայաստանի Հանրապետության եւ Արցախի երիտասարդների միջեւ կապի ամրապնդմանը:

Բացի այդ, նախատեսված էր նաեւ համալսարանականները այցը Սրխավենդում գտնվող Պետրոս Ղևոնդյանի անվան զորամաս:

Այցի ընթացքում նախատեսվում է նաև Արցախի պետական համալսարանում անցկացնել գիտաժողով՝ նվիրված զինադադարի 20-ամյակին: Ապրիլի 27-ին ուսանողները կայցելեն Բերձոր’ համալսարանական պուրակ, որտեղ կկազմակերպվի ծառատունկ՝ նվիրված ԵՊՀ հիմնադրման 95 և Ուսանողական Խորհուրդի հիմնադրման 20-ամյակներին:

Նշենք, որ համալսարանականների կողմից Բերձորում արդեն տնկվել է 3100 ընկուզենի, եւս 200 տնկի նրանք կավելացնեն այս այցի շրջանակներում:

Թամարա Գրիգորյան

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում