Հայ որբերի գորգը կցուցադրվի Սպիտակ տանը

Հայ որբերի գորգը կցուցադրվի Սպիտակ տանը

Սպիտակ տան որոշումը’ աշնանը ցուցադրել հայ որբերի գործած գորգը, մեծ խանդավառություն է առաջացրել ամերիկահայ համայնքում եւ հայամետ կոնգրեսականների մոտ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Ամերիկայի հայկական համագումարից, «Նախագահ Քալվին Քուլիջը և հայ որբերի գորգը» գրքի հեղինակ Մարտին Դերանյանը, տեղեկանալով Սպիտակ տան որոշման մասին, նշել է, որ հավատում է ամերիկյան կառավարությանը, որն ի վերջո ճիշտ որոշում է կայացրել: «Ես գնահատում եմ Վաշինգտոնում մեր ընտրված պաշտոնյաների, ինչպես նաև Ամերիկայի հայկական համագումարի աշխատանքը, որն օգնում է ապահովել այս գործընթացը»,- ասել է Դերանյանը:

«Ամերիկայի’ Հայոց ցեղասպանությունը վերապրածներին փրկելու մարդասիրական միջամտության համար երախտագիտության այս նյութական խորհրդանիշի ցուցադրությունը դրական առաջընթաց է»,- հայտատարել է Ամերիկայի հայկական համագումարի տնօրեն Բրայան Արդունին:

Ամերիկայի հայկական համագումարի գնահատմամբ, որոշումը մեծ առաջընթաց է, քանի որ նախորդ տարի դեկտեմբերին նախատեսված գորգի մեկօրյա ցուցադրությունը Սմիթսոնյան ինստիտուտում հետաձգվել էր:

Համաձայն Ազգային անվտանգության խորհրդատու Էնթոնի Բլինկենի’ Բրեդ Շերմանին ուղղված անցյալ տարվա նամակի’ «Սպիտակ տան հավաքածուի մաս կազմում են լիարժեք մշակված ցուցադրություններ, այլ ոչ թե մեկօրյա մասնավոր միջոցառումներ»:

Ըստ ամերիկյան լրատվամիջոցների, անցած տարի թուրքական կառավարությունն Սպիտակ տան վրա ճնշում է գործադրել’ միջոցառումը չեղյալ հայտարարելու համար, որը բացասական արձագանք է գտել Կոնգրեսի անդամների շրջանում: Սենատորներ Էդվարդ Մարքը, Ադամ Շիֆն և Դեյվիդ Վալադաոյը Կոնգրեսի ավելի քան 30 անդամի անունից նամակ են ուղղել Նախագահ Օբամային’ կոչ անելով թույլատրել գորգի ցուցադրությունը:

«Քուլիջի գորգի» ցուցադրության հետաձգման հետ մեկտեղ, Համագումարը հայ որբերի գործած «Քույր գորգը» ցուցադրելու քարոզարշավ սկսեց: Այս ընթացքում «Քույր գորգը» ցուցադրվել է Բոստոնում, Մասսաչուսեթս և Բոկա Ռեյթոնում:

1925թ. «Նյու Յորք Թայմս»-ի գլխավոր խմբագիր և Մերձավոր Արևելքի ամերիկյան Նպաստամատույց ընկերության փոխնախագահ, դոկտոր Ջոն Հ. Ֆինլին նվիրեց Հայոց Ցեղասպանության որբերի կողմից պատրաստված գորգը գործող Նախագահ Քալվին Քուլիջին: Գորգը պարտաստվել էր ի երախտագիտություն՝ 20-րդ դարի առաջին ցեղասպանությունից փրկվածներին Ամերիկայի ցուցաբերած օգնության և մեծահոգության: Ինչպես նախկինում հաղորդվել է, գորգը ցուցադրվել էր Սպիտակ տանը 1984 և 1995 թվականներին, սակայն դրանից ի վեր չի ցուցադրվել: Այս հարցը Համագումարը բարձրաձայնել է բոլոր ԱՄՆ-ի վարչակազմերի առջև:

Հետևեք մեզ նաև Telegram-ում