AM | RU
USD
EUR
RUB

«Տա Աստված, որ ոչ մեկն իր հայրենիքը, իր օջախը չկորցնի»

 

ԼՂՀ Շահումյանի շրջանի վարչակազմի նախկին ղեկավար Ռոբերտ Այդինյանը ծնվել է Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության Շահումյանի շրջանի Վերինշեն համայնքում:
Իր ծննդավայրի, այնտեղի կյանքի ու հատկապես գաղթի մասին պարոն Այդինյանը դժվարությամբ է պատմում, ձայնը դողում է, հուզմունքը խանգարում է խոսել: Այնուամենայնիվ, զրուցակիցս սկսում է պատմել, իսկ պատմելու բան հաստատ շատ կա:

«Մեր համայնքն ամենամեծ ավաններից մեկն էր ամբողջ Կովկասում: Մեր ավանում միայն հայեր էին ապրում: Ավանի երկարությունը 7 կմ էր: Մեծ գյուղատնտեսություն ունեինք, անասնապահությամբ էինք զբաղվում ու կարտոֆիլ էինք ցանում: Եղել է ժամանակ, որ բանակին էլ ենք կարտոֆիլ մատակարարել: Գյուղում գործում էր գիպսի քարհանք: Մատակարարում էինք թե´ Հայաստանին, թե´ Վրաստանին, թե´ Ադրբեջանին, թե´ Ռուսաստանին:

Ժողովուրդը շատ լավ էր ապրում, տարեկան 350-400 ծնունդ էինք ունենում: Երկու միջնակարգ դպրոց ունեինք, դրանցից մեկում չորս զուգահեռ դասարաններ կային», հայրենի գյուղի մասին հպարտությամբ ու կարոտով պատմում է նա:

Ռոբերտ Այդինյանը գաղթից առաջ վերջին տասը տարիներին աշխատել է որպես ավանային խորհուրդի նախագահ:

Հատկապես կարեւորում է այն պատմական փաստը, որ երբ Արցախն անկախանալու հարց է բարձրացրել, իրենք էլ շրջանում են հարց բարձրացրել, հանրաքվե անցկացրել ու միացել Արցախին:
«Պիտի ասեմ, որ համայնքի բնակիչները բոլորն էլ մասնակցեցին հանրաքվեին, եւ միաձայն որոշվեց միանալ Ղարաբաղին», ընդգծում է նա:

Կամա թե ակամա Շահումյանի շրջանի պատմության ժամանակագրությունը հանգեցնում է դաժան բռնագաղթին. մի թեմա, որի մասին խոսելիս միշտ էլ վախենում եմ զրուցակիցներիս դեռ չլավացած վերքերը նորից ցավացնել, բայց միեւնույն ժամանակ հասկանում եմ, որ այս վայրագությունների մասին պետք է խոսել' ապագայում դրանց կրկնությունը չթույլատրելու նպատակով:

Շահումյանի շրջանի հայաբնակ գյուղերում անհանգստություններն սկսվել են 1988-ից: «Կեսօրին տների վրա ռումբեր էին գցում, մարդիկ էին մահանում: Մեր գյուղում շատ մարդիկ են մահացել: Մանուկ երեխաներն իրենց բակում մահանում էին, սնարյադ էր պայթում, սպանում էր երեխաներին: Ռուսաստանից գեներալներ էին եկել մեր գյուղ, որ տարա ցույց տվի, խելագարվեցին, ի միջայլոց դա նկարահանած էլ կա, իրոք խելագարվել էին, տեսնում էին սնարյադը բաց, տները պայթած….», հիշում է Ռոբերտ Այդինյանը:

«Մինչեւ այդ կապիտան էր եկել, Սմիրնով էր անունը, ես նրան ասացի' պարոն Սմիրնով, ձեզ ով փող է տալիս, դուք նրա համար եք պայքարում, էդպես չի կարելի… մտավ փոստ, զանգեց Մոսկվա, թե էս խեղճ ժողովրդին ինչու՞ եք էսպես կոտորում…

Եթե մնար ադրբեջանցիներին, նրանք չէին կարողանա մտնել: Գանձակում ավիադիվիզիա էր գործում, հենց այդտեղի ինքնաթիռներն էին ռմբակոծում մեր շրջանը», պատմում է պարոն Այդինյանն ու շարունակում վերհիշել պատմական իրադարձությունները:

«Սկզբում երեք գյուղ վերցրին մեր շրջանից, Էրքեջ, Մանաշիդ, Բուզլուխ: Հետո պարոն Սարգսյանը եկավ, ժողով արեց ու վեց օրից այդ գյուղերը նորից ազատագրեցինք: Բայց թշնամու զենքն էնքան էր շատացել, ուժերն այնքան անհավասար էին, որ մենք էլ չէինք դիմանում: Մեր տղաները թեթեւ զենքով էին, իսկ նրանցը տանկեր էին, ինքնաթիռներ: Ու հունիսի 13-ին ես կապվեցի մեր հրամանատարի' Շահեն Մեղրյանի հետ, նա ասաց' Ռոբերտ, ժողովուրդը թող դուրս գա, որովհետեւ տանկերն արդեն մտել էին գյուղի վերեւի մասը: Եթե հասնեին բնակիչներին, կոտորելու էին: Մեր գյուղում 6000 բնակչություն կար, բոլորին պիտի հանեինք…»:

Այդպես, հունիսի 13-ը վերջին օրն է լինում Շահումյանի շրջանի Վերինշեն համայնքի բնակիչների համար, որ նրանք տեսնում են իրենց ծննդավայրն ու հայրենի օջախները: Ամբողջ բնակչությունը հեռանում է գյուղից' թողնելով ամեն ինչ' տուն, իրեր, կարոտ, հայրենիք…

«Գյուղից դուրս գալու ժամանակ էլ անընդհատ վերեւից խփում էին: Ոչ մի բան չենք վերցրել, ու իմաստ էլ չուներ, քանի որ կյանքն էր այդ պահին ամենակարեւորը: Հիմնականում ոտքով ենք գնացել: Ճանապարհին էլ էին ռմբակոծում, եւ ես մինչեւ հիմա չեմ էլ ուզում պատկարեցնել, թե ինչպես կարող էին մեզ ճանապարհին կոտորել, մի քանի ռումբի հարց էր»:

Գաղթի մանրամասները չի ցանկանում հիշել, բայց ձայնը դողալով մի դրվագ է նկարագրում. «Մի կին երեք երեխաներին էլ չէր կարողանում տանել, երեքին էլ գցեց գետը, երկուսին փրկեցինք, մեկին չկարողացանք…»:

Գյուղից դուրս գալուց հետո հիմնականում ոտքով են տեղաշարժվել, քանի որ փոխադրամիջոցներ չկային: Ոչ մի տեղ էլ վիճակը լավ չէր, պատերազմ էր, ոչ մեկին էլ մեղադրել չենք կարող…

«Այդ օրը շատ ուժեղ անձրեւ էր, ավելի էր դժվարացնում տեղաշարժվելը, ոտքով մի կերպ հասանք մինչեւ Հաթերք: Հաթերքն այդ ժամանակ հայերի ձեռքում էր ու գյուղի բնակիչներն իրենց տնից դուրս էին եկել, ու փախստականներին իրենց տանն էին տեղավորում: Ուտելիք չկար, հնար չկար, բայց իրենք մեզ շատ օգնեցին»: Հաթերքից փախստականները ոտքով մի կերպ հասել են Ստեփանակերտ, Գորիս, այնտեղից' Երեւան, Հրազդան, Չարենցավան… Այդինյանների ընտանիքը տեղավորվել է Արտաշատ քաղաքում:

«Մի կերպ կարողացանք հասնել Հայաստան: Այնտեղ միգրացիայի վարչության պետը' Վլադիմիր Մովսիսյանը, բռնագաղթվածներին շատ մեծ օգնություն էր ցույց տալիս, որքան հնարավոր էր' տեղավորում էր մարդկանց: Փախստականներից շատերն այդ տարիներին գնացին Ռուսաստան, ստիպված էին, ապրելու հնար չկար: Այդ ժամանակ մենք տուն ստացանք Արտաշատում: Երեք երեխաներս էլ փոքր էին' 8, 10 եւ 12 տարեկան էին: Կինս ուսուցչուհի է, այնտեղ դպրոցում էր աշխատում, ես էլ միգրացիայի վարչությունում էի աշխատում, զբաղվում էի փախստականների հարցերով»: Այնուամենայնիվ, տուն ու աշխատանք ստանալուց հետո էլ հայրենի Շահումյանի ազատագրման հարցը շահումյանցիներին հանգիստ չի տվել:

«Այդ ժամանակ մենք մի քանի անգամ եկել էինք Ղարաբաղ մեր' Շահումյանի ազատագրման հարցով: 1994-ին պարոն Քոչարյանն ինձ առաջարկեց գալ Ականաբերդ (հետագայում Ակնաբերդ և ևս երկու գյուղերից կազմված շրջանը միացվում է Քարվաճառի շրջանի համայնքներին ու ձեւավորվում է ներկայիս ԼՂՀ Շահումյանի շրջանը' Քարվաճառ շրջկենտրոնով- Թ.Գ.) եւ ժամանակավոր այնտեղ աշխատել: Հրամանիս մեջ այդպես էլ գրել էին' պետական պաշտպանության կոմիտեի ներկայացուցիչ, ժամանակավոր, մինչեւ Շահումյանի ազատագրումը: Ազատագրումն անընդհատ ուշանում էր, իսկ այս շրջանը մեծանալու տեղ ուներ, այստեղ բնակվել ցանկացողներ կային,եւ 2000 թվականին Քարվաճառի շրջանն էլ միացրին, դարձավ նոր Շահումյանի շրջան»:

Այսպես, Այդինյանների ընտանիքը 2000 թվականից ապրում է Քարվաճառում, Ռոբերտ Այդինյանը դրանից հետո էլ մի քանի տարի աշխատել է որպես շրջանի վարչակազմի ղեկավար, իսկ որդին' Ռոլանդ Այդինյանն անցած տարի ընտրվել է Քարվաճառի քաղաքապետ:

«Սա վաղեմի հայկական տարածք է, եկեղեցիներն ու խաչքարները հաստատում են, որ սա հայկական տարածք է: Սկզբի տարիներին թեկուզ եւ դժվարությունները շատ էին, բայց վերաբնակեցումն ավելի շատ էր, շատ մարդիկ էին գալիս: Ստեղծվել է 16 գործող համայնք, իրենց դպրոցներով: Այդ տարիներին մեզ շատ են օգնել նախկին շահումյանցիները, դպրոցներ են կառուցել: Օրինակ, մեր Վերինշենի դպրոցի աշակերտներից Ջիլավյան Գեւորգը կառուցեց Նոր Վերինշեն գյուղի դպրոցը, -ասում է պարոն Այդինյանն ու ամփոփում,- ես չեմ ցանկանա, որ որեւէ մեկը կորցնի իր հայրենիքը, իր օջախը, որտեղ ինքը ծնվել, մեծացել է, դա շատ դժվար է, շատ…»:

Քարվաճառը Ռոբերտ Այդինյանի թոռների ծննդավայրն է, հայրենիքը, նրանց' ապահով ու խաղաղ հայրենիք ունենալու իրավունքը:

«Ազատագրված Քարվաճառ. նրանց իրավունքը» շարքից

Թամարա Գրիգորյան

Լրահոս
ԱՀ Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ Պահեստազորայինները մեկնում են առաջնագիծ. ՏԵՍԱՆՅՈՒԹ Նախնական տվյալներով` հայկական կողմն ունի 16 զոհ և հարյուրից ավելի վիրավոր Հակառակորդի ԱԹՍ-ի խոցումը Ստեփանակերտի երկնքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ ԱԺ հատուկ նիստը. ՈՒՂԻՂ ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը դիմել է տեղի հայերին ՀՀ խորհրդարանական և արտախորհրդարանական կուսակցությունների ներկայացուցիչներ ՀՅԴ-ում են Նիկոլ Փաշինյանը ստորագրեց ռազմական դրություն հայտարարելու մասին որոշումը Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է գալիս հայատարարությամբ․ ՈՒՂԻՂ «Ադրբեջանը պետք է անհապաղ դադարեցնի իր ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում». ԵԽ պատգամավոր Միխաել Գալեր Տիգրան Աբրահամյան. Արցախում պահեստազորայինների հավաքը օպերատիվ և կազմակերպված է իրականացվում Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հաղորդագրությունը իրականությանը չի համապատասխանում․ ՀՀ ՊՆ ՀՀԿ-ն ներդնում է իր ողջ ներուժը, դիվանագիտական կապերը՝ սատար կանգնելու Արցախի ժողովրդի անկախության սրբազան պայքարին ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հանդես են եկել հայտարարությամբ Լավրովը Մնացականյանի հետ հեռախոսազրույցում լուրջ մտահոգություն է հայտնել. ՌԴ ԱԳՆ Եվրախորհրդի ղեկավարը դիմել է ԼՂ հակամարտության կողմերին Արցախում 10 զինծառայող է զոհվել. Սամվել Բաբայան (տեսանյութ) Ադրբեջանական հարձակման պատճառով տուժել են մի շարք համայնքների ենթակառուցվածքներ Իրավիճակն առաջնագծում. Արծրուն Հովհաննիսյանի և Աննա Նաղդալյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ Նիդերլանդների խորհրդարանի պատգամավորը դատապարտել է Ադրբեջանի հարձակումը Արցախի զինուժը հաջողությամբ հետ է մղում հակառակորդի բոլոր գրոհները. մանրամասներ ՀԱՊԿ-ը հանդես է գալիս ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման օգտին Ռուսաստանը կոչ է անում անհապաղ դադարեցնել կրակը առաջնագծում ԱՀ և ՀՀ ԱԳՆ-ները համակարգված աշխատում են միջազգային կառույցների հետ՝ Բաքվի ագրեսիան կասեցնելու համար Թրամփը նշել է ընտրություններում իր պարտության միակ պայմանը ԱՄՆ հայտարարությունները հիմնված են իրադրության վերլուծությունների և նրանց տիրապետած տեղեկատվության վրա Հրապարակված ջրամատակարարման նոր գրաֆիկը չի ենթադրում ջրամատակարարման ժամերի կրճատում Վերաքննիչ դատարանը, օրենքի խախտմամբ, հնարավորություն տվեց, որ դատախազությունը վերացնի իր թերությունը. Երեմ Սարգսյան ՀՀ առողջապահության նախարարությունը կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ ձեռք կբերի Սերժ Սարգսյանը կանխատեսում էր Արցախի շուրջ ստվերային գործարքների գնալու հավանականությունը. Աշոտյան ՀՅԴ. Անթույլատրելի և դատապարտելի է իշխանությունների այս արատավոր գործելաոճը «Հայրենիք». Գագիկ Ծառուկյանը քաղբանտարկյալ է և պետք է անհապաղ ազատ արձակվի Նախորդ շաբաթ հայ դիրքապահների ուղղությամբ հակառակորդն արձակել է ավելի քան 3000 կրակոց. ՊԲ ԱԱԾ-ն փոխանակ զբաղվի այս փաստով, զբաղված է քաղաքական ձերբակալություններով. Մադաթյան Վաղվանից ՀՀ տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ Ծառուկյանի կալանքը խլացրեց պետական շահի դեմ և ժողովրդի թիկունքում թշնամու հետ գաղտնի պայմանավորվելու աղմուկը․ Արթուր Ղազինյան Փաշինյանը ձևավորել է իր սրտի դատավորների թիմը, որոնք կայացնում են իշխանության ցանկությանը համահունչ վճիռներ․ Էլինար Վարդանյան Աղբյուր Սերոբ փողոցի բնակիչները բողոքի ակցիա են անում. ՈՒՂԻՂ Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու դեպքերը կտրուկ աճել են ԲՀԿ-ն հայտարարություն է տարածել
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan