«Տա Աստված, որ ոչ մեկն իր հայրենիքը, իր օջախը չկորցնի»

«Տա Աստված, որ ոչ մեկն իր հայրենիքը, իր օջախը չկորցնի»

ԼՂՀ Շահումյանի շրջանի վարչակազմի նախկին ղեկավար Ռոբերտ Այդինյանը ծնվել է Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության Շահումյանի շրջանի Վերինշեն համայնքում:
Իր ծննդավայրի, այնտեղի կյանքի ու հատկապես գաղթի մասին պարոն Այդինյանը դժվարությամբ է պատմում, ձայնը դողում է, հուզմունքը խանգարում է խոսել: Այնուամենայնիվ, զրուցակիցս սկսում է պատմել, իսկ պատմելու բան հաստատ շատ կա:

«Մեր համայնքն ամենամեծ ավաններից մեկն էր ամբողջ Կովկասում: Մեր ավանում միայն հայեր էին ապրում: Ավանի երկարությունը 7 կմ էր: Մեծ գյուղատնտեսություն ունեինք, անասնապահությամբ էինք զբաղվում ու կարտոֆիլ էինք ցանում: Եղել է ժամանակ, որ բանակին էլ ենք կարտոֆիլ մատակարարել: Գյուղում գործում էր գիպսի քարհանք: Մատակարարում էինք թե´ Հայաստանին, թե´ Վրաստանին, թե´ Ադրբեջանին, թե´ Ռուսաստանին:

Ժողովուրդը շատ լավ էր ապրում, տարեկան 350-400 ծնունդ էինք ունենում: Երկու միջնակարգ դպրոց ունեինք, դրանցից մեկում չորս զուգահեռ դասարաններ կային», հայրենի գյուղի մասին հպարտությամբ ու կարոտով պատմում է նա:

Ռոբերտ Այդինյանը գաղթից առաջ վերջին տասը տարիներին աշխատել է որպես ավանային խորհուրդի նախագահ:

Հատկապես կարեւորում է այն պատմական փաստը, որ երբ Արցախն անկախանալու հարց է բարձրացրել, իրենք էլ շրջանում են հարց բարձրացրել, հանրաքվե անցկացրել ու միացել Արցախին:
«Պիտի ասեմ, որ համայնքի բնակիչները բոլորն էլ մասնակցեցին հանրաքվեին, եւ միաձայն որոշվեց միանալ Ղարաբաղին», ընդգծում է նա:

Կամա թե ակամա Շահումյանի շրջանի պատմության ժամանակագրությունը հանգեցնում է դաժան բռնագաղթին. մի թեմա, որի մասին խոսելիս միշտ էլ վախենում եմ զրուցակիցներիս դեռ չլավացած վերքերը նորից ցավացնել, բայց միեւնույն ժամանակ հասկանում եմ, որ այս վայրագությունների մասին պետք է խոսել’ ապագայում դրանց կրկնությունը չթույլատրելու նպատակով:

Շահումյանի շրջանի հայաբնակ գյուղերում անհանգստություններն սկսվել են 1988-ից: «Կեսօրին տների վրա ռումբեր էին գցում, մարդիկ էին մահանում: Մեր գյուղում շատ մարդիկ են մահացել: Մանուկ երեխաներն իրենց բակում մահանում էին, սնարյադ էր պայթում, սպանում էր երեխաներին: Ռուսաստանից գեներալներ էին եկել մեր գյուղ, որ տարա ցույց տվի, խելագարվեցին, ի միջայլոց դա նկարահանած էլ կա, իրոք խելագարվել էին, տեսնում էին սնարյադը բաց, տները պայթած….», հիշում է Ռոբերտ Այդինյանը:

«Մինչեւ այդ կապիտան էր եկել, Սմիրնով էր անունը, ես նրան ասացի’ պարոն Սմիրնով, ձեզ ով փող է տալիս, դուք նրա համար եք պայքարում, էդպես չի կարելի… մտավ փոստ, զանգեց Մոսկվա, թե էս խեղճ ժողովրդին ինչու՞ եք էսպես կոտորում…

Եթե մնար ադրբեջանցիներին, նրանք չէին կարողանա մտնել: Գանձակում ավիադիվիզիա էր գործում, հենց այդտեղի ինքնաթիռներն էին ռմբակոծում մեր շրջանը», պատմում է պարոն Այդինյանն ու շարունակում վերհիշել պատմական իրադարձությունները:

«Սկզբում երեք գյուղ վերցրին մեր շրջանից, Էրքեջ, Մանաշիդ, Բուզլուխ: Հետո պարոն Սարգսյանը եկավ, ժողով արեց ու վեց օրից այդ գյուղերը նորից ազատագրեցինք: Բայց թշնամու զենքն էնքան էր շատացել, ուժերն այնքան անհավասար էին, որ մենք էլ չէինք դիմանում: Մեր տղաները թեթեւ զենքով էին, իսկ նրանցը տանկեր էին, ինքնաթիռներ: Ու հունիսի 13-ին ես կապվեցի մեր հրամանատարի’ Շահեն Մեղրյանի հետ, նա ասաց’ Ռոբերտ, ժողովուրդը թող դուրս գա, որովհետեւ տանկերն արդեն մտել էին գյուղի վերեւի մասը: Եթե հասնեին բնակիչներին, կոտորելու էին: Մեր գյուղում 6000 բնակչություն կար, բոլորին պիտի հանեինք…»:

Այդպես, հունիսի 13-ը վերջին օրն է լինում Շահումյանի շրջանի Վերինշեն համայնքի բնակիչների համար, որ նրանք տեսնում են իրենց ծննդավայրն ու հայրենի օջախները: Ամբողջ բնակչությունը հեռանում է գյուղից’ թողնելով ամեն ինչ’ տուն, իրեր, կարոտ, հայրենիք…

«Գյուղից դուրս գալու ժամանակ էլ անընդհատ վերեւից խփում էին: Ոչ մի բան չենք վերցրել, ու իմաստ էլ չուներ, քանի որ կյանքն էր այդ պահին ամենակարեւորը: Հիմնականում ոտքով ենք գնացել: Ճանապարհին էլ էին ռմբակոծում, եւ ես մինչեւ հիմա չեմ էլ ուզում պատկարեցնել, թե ինչպես կարող էին մեզ ճանապարհին կոտորել, մի քանի ռումբի հարց էր»:

Գաղթի մանրամասները չի ցանկանում հիշել, բայց ձայնը դողալով մի դրվագ է նկարագրում. «Մի կին երեք երեխաներին էլ չէր կարողանում տանել, երեքին էլ գցեց գետը, երկուսին փրկեցինք, մեկին չկարողացանք…»:

Գյուղից դուրս գալուց հետո հիմնականում ոտքով են տեղաշարժվել, քանի որ փոխադրամիջոցներ չկային: Ոչ մի տեղ էլ վիճակը լավ չէր, պատերազմ էր, ոչ մեկին էլ մեղադրել չենք կարող…

«Այդ օրը շատ ուժեղ անձրեւ էր, ավելի էր դժվարացնում տեղաշարժվելը, ոտքով մի կերպ հասանք մինչեւ Հաթերք: Հաթերքն այդ ժամանակ հայերի ձեռքում էր ու գյուղի բնակիչներն իրենց տնից դուրս էին եկել, ու փախստականներին իրենց տանն էին տեղավորում: Ուտելիք չկար, հնար չկար, բայց իրենք մեզ շատ օգնեցին»: Հաթերքից փախստականները ոտքով մի կերպ հասել են Ստեփանակերտ, Գորիս, այնտեղից’ Երեւան, Հրազդան, Չարենցավան… Այդինյանների ընտանիքը տեղավորվել է Արտաշատ քաղաքում:

«Մի կերպ կարողացանք հասնել Հայաստան: Այնտեղ միգրացիայի վարչության պետը’ Վլադիմիր Մովսիսյանը, բռնագաղթվածներին շատ մեծ օգնություն էր ցույց տալիս, որքան հնարավոր էր’ տեղավորում էր մարդկանց: Փախստականներից շատերն այդ տարիներին գնացին Ռուսաստան, ստիպված էին, ապրելու հնար չկար: Այդ ժամանակ մենք տուն ստացանք Արտաշատում: Երեք երեխաներս էլ փոքր էին’ 8, 10 եւ 12 տարեկան էին: Կինս ուսուցչուհի է, այնտեղ դպրոցում էր աշխատում, ես էլ միգրացիայի վարչությունում էի աշխատում, զբաղվում էի փախստականների հարցերով»: Այնուամենայնիվ, տուն ու աշխատանք ստանալուց հետո էլ հայրենի Շահումյանի ազատագրման հարցը շահումյանցիներին հանգիստ չի տվել:

«Այդ ժամանակ մենք մի քանի անգամ եկել էինք Ղարաբաղ մեր’ Շահումյանի ազատագրման հարցով: 1994-ին պարոն Քոչարյանն ինձ առաջարկեց գալ Ականաբերդ (հետագայում Ակնաբերդ և ևս երկու գյուղերից կազմված շրջանը միացվում է Քարվաճառի շրջանի համայնքներին ու ձեւավորվում է ներկայիս ԼՂՀ Շահումյանի շրջանը’ Քարվաճառ շրջկենտրոնով- Թ.Գ.) եւ ժամանակավոր այնտեղ աշխատել: Հրամանիս մեջ այդպես էլ գրել էին’ պետական պաշտպանության կոմիտեի ներկայացուցիչ, ժամանակավոր, մինչեւ Շահումյանի ազատագրումը: Ազատագրումն անընդհատ ուշանում էր, իսկ այս շրջանը մեծանալու տեղ ուներ, այստեղ բնակվել ցանկացողներ կային,եւ 2000 թվականին Քարվաճառի շրջանն էլ միացրին, դարձավ նոր Շահումյանի շրջան»:

Այսպես, Այդինյանների ընտանիքը 2000 թվականից ապրում է Քարվաճառում, Ռոբերտ Այդինյանը դրանից հետո էլ մի քանի տարի աշխատել է որպես շրջանի վարչակազմի ղեկավար, իսկ որդին’ Ռոլանդ Այդինյանն անցած տարի ընտրվել է Քարվաճառի քաղաքապետ:

«Սա վաղեմի հայկական տարածք է, եկեղեցիներն ու խաչքարները հաստատում են, որ սա հայկական տարածք է: Սկզբի տարիներին թեկուզ եւ դժվարությունները շատ էին, բայց վերաբնակեցումն ավելի շատ էր, շատ մարդիկ էին գալիս: Ստեղծվել է 16 գործող համայնք, իրենց դպրոցներով: Այդ տարիներին մեզ շատ են օգնել նախկին շահումյանցիները, դպրոցներ են կառուցել: Օրինակ, մեր Վերինշենի դպրոցի աշակերտներից Ջիլավյան Գեւորգը կառուցեց Նոր Վերինշեն գյուղի դպրոցը, -ասում է պարոն Այդինյանն ու ամփոփում,- ես չեմ ցանկանա, որ որեւէ մեկը կորցնի իր հայրենիքը, իր օջախը, որտեղ ինքը ծնվել, մեծացել է, դա շատ դժվար է, շատ…»:

Քարվաճառը Ռոբերտ Այդինյանի թոռների ծննդավայրն է, հայրենիքը, նրանց’ ապահով ու խաղաղ հայրենիք ունենալու իրավունքը:

«Ազատագրված Քարվաճառ. նրանց իրավունքը» շարքից

Թամարա Գրիգորյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում