ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն այցելեցին Քարվաճառ, հրաժարվեցին մեկնաբանություն տալուց

ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն այցելեցին Քարվաճառ, հրաժարվեցին մեկնաբանություն տալուց

Այսօր, մայիսի 17-ին, ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ժակ Ֆորը (Ֆրանսիա), Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը այցելեցին ԼՂՀ Շահումյանի շրջանի Քարվաճառ քաղաք: 

Ամերիկացի համանախագահն ավելի վաղ թվիթերյան իր էջում նշել էր Քարվաճառ (նախկին Քելբաջար) եւ Բերձոր (նախկին Լաչին) նախատեսվող այցելության մասին: 

Քարվաճառում ԵԱՀԿ միջնորդներին ուղեկցում էին ԼՂՀ արտգործնախարար Կարեն Միրզոյանը, Շահումյանի շրջանի վարչակազմի ղեկավար Վիտալի Դանիելյանը, վարչակազմի ղեկավարի տեղակալ Ռոման Բաբաջանյանը, Քարվաճառի քաղաքապետ Ռոլանդ Այդինյանը:

 Փորձեցինք համանախագահներից ճշտել Քարվաճառի շրջան այցելության նպատակները: ԵԱՀԿ միջնորդները նշեցին, որ հարցերով պետք է դիմել ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքին, որն էլ սակայն, կտրականապես հրաժարվեց պատասխանել որեւէ հարցի եւ պարզապես արագ հեռացավ դեպի հանդիպման համար նախատեսված սենյակ:

Քարվաճառի բնակիչների հետ հանդիպումներ եւ զրույցներ այս այցելության շրջանակներում նախատեսված չեն եղել:

Հիշեցնենք, որ այս տարվա մայիսի 7-ին ամերիկացի համանախագահ Ուորլիքը ելույթ է ունեցել Քարնեգիի միջազգային հիմնադրամում եւ բավականին վիճահարույց առաջարկներ է ներկայացրել` արցախյան հիմնահարցում խաղաղության հասնելու համար: Ըստ նրա` խաղաղության հասնելու պայմաններից մեկն էլ ազատագրված տարածքի (Քարվաճառ, Քաշաթաղ…) հետ հանձնումն է Ադրբեջանին: 

Թամարա Գրիգորյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում