Քուրդ նախկին քաղաքապետը հանդիպել է ԱՄՆ-ում հաստատված դիարբեքիրցի հայերին

Քուրդ նախկին քաղաքապետը հանդիպել է ԱՄՆ-ում հաստատված դիարբեքիրցի հայերին

Դիարբեքիրի նախկին քաղաքապետ, հայտնի քուրդ գործիչ Օսման Բայդեմիրը Միացյալ Նահանգների Նյու Ջերսի քաղաքում հանդիպել է Դիարբեքիրից գաղթած հայերի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական Demokrathaber.net-ը:

Հանդիպմանը ներկա են գտնվել տարբեր տարիներին Դիարբեքիրից ԱՄՆ քաղաքներ գաղթած շուրջ 200 հայեր, ինչպես նաև Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցու հիմնադրամի գործադիր խորհրդի նախագահ Էրգյուն Այըքը:

Որոշ ուղերձներ հղելով հայկական համայնքի ներկայացուցիչներին’ Բայդեմիրն ասել է. «Դժբախտաբար, շատ մեծ ցավեր ապրեցինք: Դժբախտաբար, մեր որոշ ժողովուրդներ, շատ թանկ վճարելով, ստիպված եղան լքել իրենց հողերը: Մեծ տրավմաներ ապրեցին: Եվ դրանցից առաջինը մեր բարեկամ ու եղբայր հայ ժողովուրդն էր: Նրանք մեծ կոտորածներ ապրեցին, սակայն հիմնական կորցնողը մենք’ այդտեղ մնացածներս եղանք»:

Քուրդ գործիչը հիշեցրել է, որ հետագայում կոտորածներ տեղի ունեցան արդեն քրդերի հետ: Նա կյանքը նմանեցրել է բնության էկոհամակարգին: «Բնության նման’ հասարակությունների լեզուն և մշակույթը առանձին էկոհամարակգ են: Եթե մի տեսակը հանեցիր, պոկեցիր, այդտեղ հավասարակշռությունը խախտվում է: Երբ հավասարակշռությունը խախտվում է, այդտեղ մեծ ցավերն ու տրավմաներն անխուսափելի են դառնում»,- նշել է Օսման Բայդեմիրը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում