Քեսաբահայերը պատրաստվում են տուն վերադառնալ

Քեսաբահայերը պատրաստվում են տուն վերադառնալ

Քեսաբից բռնի տեղահանված ու Լաթաքիայում բնակություն հաստատած սիրիահայերը ոգևորված են Քեսաբի ազատագրման նորությամբ և պատրաստվում են վերադառնալ իրենց բնակավայր: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: «Ես երեկ խոսել եմ Քեսաբի քաղաքաքապետի’ Վազգեն Չափարյանի հետ, նա շատ ոգևորված է, գնացել էին Քեսաբ, իհարկե, որոշակի կորուստներ կան, բայց ընդհանուր առմամբ վիճակն ավելի տանելի է: Հիմա ականազերծում են տարածքը, դրանից հետո, բնականաբար, մերոնք տեղաշարժվելու են ու գնալու իրենց բնակավայրերը: Մեծ ոգևորություն կա, Լաթաքիայում արդեն բոլորը հավաքվում են, իսկ նրանք, ովքեր տեղափոխվել են Այնճար, Բեյրութ կամ Երեւան, իրենք կորոշեն իրենց հաջորդ քայլը: Կարևորն այն է, որ հնարավորությունն արդեն կա, ու նրանք կարող են մեկնել»,-ուրախությամբ փաստեց նախարարը:

Պատասխանելով հարցին, թե որն է լինելու համայն հայության հաջորդ քայլը, ինչպիսի օգնություն պետք է ցուցաբերվի քեսաբահայերին, Հրանուշ Հակոբյանը նշեց, որ նախ պետք է գնահատվի իրավիճակը, յուրաքանչյուր ընտանիքն ինչի կարիք ունի, որից ելնելով էլ օգնության բնույթը կորոշովի: «Մենք դիմել ենք մեր հայկական բոլոր համայնքներին, սփյուռքի կառույցներին հնարավոր հանգանակություն անելու համար: Մենք պարտավոր ենք օգնել Քեսաբին, որ այն ամբողջությամբ վերականգնվի, ամրանա, և Կիլիկիայի այդ հատվածն իրոք կարողանա միշտ հայաբնակ լինել»,-եզրափակեց նախարար Հակո բյանը:

Սիրիական բանակը հսկողություն է հաստատել Լաթաքիայի հյուսիսում գտնվող Քեսաբ գյուղաքաղաքի վրա՝ վերականգնելով կայունությունն ու անվտանգությունը’ ոչնչացնելով տասնյակ զինյալների: Հունիսի 14-ին բանակը առաջխաղացում է գրացնել Երկու Աղբյուր (Էքիզոլուք, Ան Նաբային) և Գարատուրան բնակավայրերի ուղղությամբ: Թուրք-սիրիական սահմանի մերձակայքում և Լաթաքիայի հյուսիսում գտնվող Քեսաբ գյուղաքաղաքի վրա հարձակումը սկսվել է մարտի 21-ին Թուրքիայի սահմանի մի քանի կետերից: Գյուղաքաղաքից բնակիչների մեծ մասը տեղափոխվել է առավել ապահով վայրեր, հիմնականում Լաթաքիա, իսկ որոշ ընտանիքներ, այդ թվում’ մեծահասակներ, մնացել են իրենց տներում, հետո գերի վերցվել զինյալների կողմից, տարվել Թուրքիայի միակ հայկական’ Վաքըֆ գյուղ, սակայն հետագայում նրանք եւս միացել են Լաթաքիայի իրենց հարազատներին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում