Դիվերսիայի մասին լուրերը լսելուց հետո ինչ չպետք է անեն մեր քաղաքացիները

Դիվերսիայի մասին լուրերը լսելուց հետո ինչ չպետք է անեն մեր քաղաքացիները

ԼՂՀ վարչապետի մամուլի քարտուղար Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Թեև ես բնավորություն չունեմ ֆեյսբուքի «արդիական» թեմաների հոսքին տրվելու, բայց այս անգամ պետք է գրեմ, քանի որ բացի արդիական լինելուց, այս խնդիրը նաև կարևոր նշանակության է…
Հաշվի առնելով նախորդ մանր-մունր դեպքերը՝ չեմ զարմանում Քարվաճառի դիվերսիայի շուրջ ստեղծված տեղեկատվական անգրագետ աղմուկից ու խուճապից: Սակայն մի քանի խնդրանք-հետևություն կուզեի բխեցնել դրանից՝

1. Այսպիսի դեպքերում չպետք է տրվել բամբասանքներին, որոնք սովորաբար թե՛ ուղղորդված, թե՛ ինքնահոսի են լինում: Այս պարագայում այնքան իրարամերժ տեղեկություններ եմ ստացել բազմազան աղբյուրներից, որ ինձ թվում էր, թե խոսքը բազմաթիվ դեպքերի մասին է: Չպետք է մոռանալ, որ կան պաշտոնական աղբյուրներ, որոնք ամենաձեռնահասն են խնդրո առարկայի վերաբերյալ: Բարեբախտաբար, այդ աղբյուրները (մասնավորապես՝ ՊՆ-ը) բավականին թափանցիկ ու օպերատիվ են գործում: Չի կարելի երկրորդ ձեռքի «տեղեկատվության» տարածման շղթայի օղակ դառնալ, էլ չասեմ, որ ֆեյսբուքյան ընկերոջ մորաքրոջ տղայի աներձագի քենակալն այնքան շեղմամբ տեղեկատվություն է տալիս, որ միգուցե ավելի լավ կլիներ վստահել ադրբեջանական աղբյուրներին, քան իրեն:

2. Խուճապի չպետք է մատնվել, հատկապես երբ թիկնած ես համակարգչի առջև երևանյան կամ այլ քաղաքի բնակարանումդ, քանի որ, նախ, դիվերսիաների նպատակներից մեկը սովորաբար խուճապ առաջացնելն է լինում, ինչին «մեծահոգաբար աջակցում են» թե՛ անհատները, թե՛ որոշ լրատվամիջոցներ: Բացի դրանից, ստացված տեղեկատվությունը սովորաբար մեծ շեղումով է տեղ հասնում՝ ձեզ ստիպելով հավատալ ուռճացված պատմությունների: Մի թարմ օրինակ. Քարվաճառի մի բնակչի հավաստմամբ՝ այդ օրերին տեղի բնակիչների մոտ խուճապ չկար, և նրանք դիվերսիոն խմբի վտանգին վերաբերվում էին հումորով, այնինչ տասնյակ կիլոմետրերով հեռու գտնվող Վարդենիսում (և ոչ միայն այնտեղ) նկատվում էին խուճապի նշաններ:

3. Բացի բամբասանքի շղթայի օղակ դառնալուց, ոմանք չեն դիմանում նաև «փորձագիտական լուրջ կարծիք» հայտնելու կամ «հեծանիվ հայտնաբերելու» գայթակղությանը՝ առանց համապատասխան փորձ/հմտություն և տեղեկատվություն ունենալու: Օրինակ, ու՞մ խելքին է փչել վիճարկել ձերբակալված դիվերսանտի դիվերսանտ լինելու հանգամանքը՝ ելնելով նրա լուսանկարից: Ո՞վ ասեց, որ դիվերսանտի տեսքը պետք է գիտությունների թեկնածուի կամ պետական պաշտոնյայի տեսք լինի. երևի ակնկալվում էր այդ տարաբախտի մարմնին տեսնել գրքի դաջվածք…

Հետևեք մեզ նաև Telegram-ում