Տարոն Մարգարյանին զինվորական ողջույն և զեկույց տալը ՀՀ ԶՈՒ ներքին ծառայողական կանոնակարգի խախտում էր
Նմանատիպ
Նախկին զինվորական Արթուր Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է այն հարցադրումներին, թե արդյոք խախտում չէր Տարոն Մարգարյանին զինվորական ողջույն և զեկույց տալը.
Ովքեր ցանկանում են իմանալ, թե ում կարող է տրվել զինվորական ողջույն’ կարդացեք ստորև նշված հոդվածները:
Հոդվածներ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՆԵՐՔԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԳՐՔԻՑ.
Զինվորական ողջույն
——————————–
Հոդված 44. Զինվորական ողջույնը զինծառայողների ընկերական համախմբվածության մարմնացումն է, նրանց փոխադարձ հարգանքի և ընդհանուր բարեկրթության վկայությունը:
Բոլոր զինծառայողները պարտավոր են հանդիպման կամ միմյանց կողքով անցնելիս ողջունել իրար’ խստիվ պահպանելով Հայաստանի Հանրապետության զինված ուժերի շարային ծառայության կանոնադրությամբ սահմանված կանոնները:
Ենթակաները և զինվորական կոչմամբ կրտսերները առաջինն են ողջունում, իսկ հավասար դիրքում գտնվողներից’ առավել քաղաքակիրթը:
Հոդված 45. Զինծառայողները, բացի դրանից, պարտավոր են ողջունել (հարգանք մատուցել)’
– Մեծ եղեռնի զոհերի հուշահամալիրներին (հուշարձաններին).
– անհայտ զինվորի գերեզմանին.
– հայրենիքի ազատության և անկախության համար մարտերում զոհված զինվորների եղբայրական գերեզմաններին.
– Հայաստանի Հանրապետության դրոշին’ հանդիսությունների և պաշտոնական արարողությունների ժամանակ.
– զորամասի մարտական դրոշին.
– զինվորական ստորաբաժանումների կողմից ուղեկցվող հուղարկավորման թափորներին:
Հոդված 46. Զորամասերը և ստորաբաժանումները շարքում եղած ժամանակ, հրամանի համաձայն, ողջունում են’
– Հայաստանի Հանրապետության Նախագահին, Ազգային ժողովի նախագահին, Վարչապետին և պետական կառավարման լիազորված մարմնի ղեկավարին (նախարարին).
– գեներալ-գնդապետներին և բոլոր ուղղակի պետերին, ինչպես նաև զորամասի (ստորաբաժանման) տեսչական ստուգման ղեկավարման համար նշանակված անձանց:
Շարքի մեջ, տեղում գտնվելիս, նշված անձանց ողջունելու համար ավագ հրամանատարը տալիս է «Զգա~ստ: Հավասարությունը դեպի Աջ, (Ձախ, Կենտրոն)» հրամանը, դիմավորում է նրանց, զեկույց տալիս: Օրինակ’ «Պարոն գեներալ-մայոր, 110-րդ մոտոհրաձգային գունդը ընդհանուր երեկոյան գնդային ստուգման համար շարված է: Գնդի հրամանատար’ գնդապետ Հովհաննիսյան»:
Զորամասը մարտական դրոշով շարելիս (զորահանդեսի, շարային ստուգատեսի, զինվորական երդման ժամանակ և այլ դեպքերում) զեկույցի մեջ նշվում է զորամասի լրիվ անվանումը’ թվարկելով նրան շնորհված բոլոր պատվավոր անվանումներն ու շքանշանները:
Շարքով շարժման պահին ողջունելիս’ պետը միայն հրաման է տալիս:
Հոդված 47. Զորամասերն ու ստորաբաժանումները հրամանով ողջունում են (հարգանք են մատուցում) նաև’
-Մեծ եղեռնի զոհերի հուշահամալիրներին (հուշարձաններին).
– անհայտ զինվորի գերեզմանին.
– հայրենիքի ազատության և անկախության համար մարտերում զոհված զինվորների եղբայրական գերեզմաններին.
– Հայաստանի Հանրապետության դրոշին’ հանդիսությունների և պաշտոնական արարողությունների ժամանակ.
– զորամասի մարտական դրոշին.
– զինվորական ստորաբաժանումների կողմից ուղեկցվող հուղարկավորման թափորներին.
– միմյանց հանդիպելիս:
Հոդված 48. Հայաստանի Հանրապետության Նախագահին, Ազգային ժողովի նախագահին, Վարչապետին և պետական կառավարման լիազորված մարմնի ղեկավարին (նախարարին), շարքով տեղում կանգնած ժամանակ, զինվորական ողջույնն ուղեկցվում է նվագախմբերի կատարած քայլերգով և պետական օրհներգով:
Զորամասերի իրենց զորամասի հրամանատարին և ավելի բարձր ուղղակի պետերին, ինչպես նաև տեսչական ստուգման համար նշանակված անձանց ողջունելիս’ նվագախումբը կատարում է միայն քայլերգը:
Հոդված 49. Շարքից դուրս գտնվելիս, ինչպես պարապմունքի պահին, այնպես էլ պարապմունքներից ազատ ժամերին, զորամասերի և ստորաբաժանումների զինծառայողները պետերին ողջունում են «Զգա~ստ» կամ «Ոտքի´: Զգա~ստ» հրամաններով:
Շտաբներում և հիմնարկներում հրամանով ողջույն տրվում է միայն ուղղակի պետերին և տեսչական ստուգման ղեկավար նշանակված անձանց:
Շարքից դուրս պարապմունքների դեպքում, ինչպես նաև խորհրդակցությունների ժամանակ, ուր ներկա են միայն սպաներ, զինվորական ողջույնի համար տրվում է «Պարոնայք սպանե´ր» հրամանը:
«Զգա~ստ», «Ոտքի´: Զգա~ստ» կամ «Պարոնայք սպանե´ր» հրամանը տալիս է ներկա գտնվող սպաներից (պետերից) ամենաավագը կամ եկած հրամանատարին (պետին) առաջինը տեսած զինծառայողը: Այս հրամանով բոլոր ներկա գտնվողները ոտքի են ելնում, դառնում են եկած հրամանատարի (պետի) կողմը և ընդունում շարային կեցվածք, իսկ սպաները, ենթասպաները, գլխարկ դրած դեպքում, դրանից բացի ձեռքը հպում են գլխարկին: Ներկա գտնվող հրամանատարներից (պետերից) ամենաավագը մոտենում է եկողին և զեկույց տալիս:
Եկած հրամանատարը (պետը), ընդունելով զեկույցը, տալիս է «Ազա~տ» կամ «Պարոնայք սպանե´ր» հրամանը, իսկ զեկույց տվողը կրկնում է այդ հրամանը, որից հետո բոլոր ներկաներն ընդունում են «ազատ» դիրքը կամ նստում են: Սպաները, ենթասպաները գլխարկ դրած դեպքում իջեցնում են ձեռքը և այնուհետև վարվում են եկած հրամանատարի (պետի) ցուցումով:
Հոդված 50. «Զգա~ստ» կամ «Ոտքի´: Զգա~ստ» հրամանները և հրամանատարին (պետին).
զեկույցը տրվում է տվյալ օրը զորամաս կամ ստորաբաժանում կատարած նրա միայն առաջին այցելության դեպքում:
Ավագ հրամանատարի (պետի) ներկայությամբ կրտսերին զինվորական ողջույնի համար հրաման և զեկույց չի տրվում:
Լսարանային պարապմունքների ժամանակ «Զգա~ստ», «Ոտքի´: Զգա~ստ» կամ «Պարոնայք սպանե´ր» հրաման տրվում է յուրաքանչյուր պարապմունքի սկզբին և ավարտին:
«Զգա~ստ», «Ոտքի´: Զգա~ստ», «Պարոնայք սպանե´ր» հրամանը հրամանատարին (պետին) զեկուցելուց առաջ տրվում է այն ժամանակ, եթե այդ պահին ներկա են ուրիշ զինծառայողներ: Նրանց բացակայության ժամանակ հրամանատարին (պետին) միայն զեկույց է տրվում:
Հոդված 51. Պետական օրհներգի կատարման ժամանակ շարքում գտնվող զինծառայողները, շարային կեցվածք են ընդունում առանց հրամանի, իսկ ստորաբաժանումների հրամանատարները սկսած դասակից և ավելի բարձր, դրանից բացի ձեռքը հպում են գլխարկին:
Շարքից դուրս գտնվող զինծառայողները օրհներգի կատարման ժամանակ ընդունում են շարային կեցվածք, իսկ գլխարկ կրելու դեպքում’ ձեռքը հպում դրան:
Հոդված 52. Զորամասերին կամ ստորաբաժանումներին զինվորական ողջույնի կատարման հրաման չի տրվում’
– զորամասը կամ ստորաբաժանումը տագնապով վերկացի, երթի, ինչպես նաև տակտիկական պարապմունքների և զորավարժությունների ժամանակ.
– կառավարման կետերում, կապի հանգույցներում և մարտական հերթապահության վայրերում.
– կրակագծում և կրակային (ելման) դիրքերում’ հրաձգության (հրթիռարձակման) ժամանակ.
– օդանավակայաններում թռիչքների ժամանակ.
– շինարարական, տնտեսական կամ ուսումնական բնույթի աշխատանքների ժամանակ, ինչպես նաև արհեստանոցներում, հավաքակայաններում, անգարներում, լաբորատորիաներում անցկացվող պարապմունքների ու աշխատանքների ժամանակ.
– մարզական մրցումների և խաղերի ժամանակ.
– սնվելու ժամանակ և «Ավարտ» ազդանշանից հետո մինչև «Ոտքի´» ազդանշանը.
– հիվանդների համար նախատեսված շինություններում:
Թվարկված դեպքերում պետը կամ ավագը ժամանած հրամանատարին միայն զեկույց է տալիս: Օրինակ’ «Պարոն մայոր´»: Երկրորդ մոտոհրաձգային վաշտը կատարում է վարժական հրաձգության երկրորդ վարժությունը: Վաշտի հրամանատար’ կապիտան Հովհաննիսյան»:
Հուղարկավորման թափորին մասնակցող ստորաբաժանումները զինվորական ողջույն չեն տալիս:
Հոդված 53. Զորամասում անցկացվող հանդիսավոր ժողովներում, կոնֆերանսներում, ինչպես նաև ներկայացումներում, համերգներում և կինոյում զինվորական ողջույնի համար հրաման չի տրվում և հրամանատարին (պետին) զեկույց չի տրվում
Անձնակազմի ընդհանուր ժողովներում զինվորական ողջույնի համար տրվում է «Զգա~ստ» կամ «Ոտքի´: Զգա~ստ» հրաման և հրամանատարին (պետին) զեկույց է տրվում:
Օրինակ’ «Պարոն փոխգնդապե´տ, գումարտակի անձնակազմը ընդհանուր ժողովի համար ներկայացավ: Գումարտակի շտաբի պետ’ մայոր Հովհաննիսյան»:
Հոդված 54. Անհատ զինծառայողներին պետի կամ ավագի դիմելու դեպքում այդ զինծառայողները, բացառությամբ հիվանդների, շարային կեցվածք են ընդունում և նշում իրենց պաշտոնը, զինվորական կոչումը և ազգանունը: Ձեռքով բարևելիս’ ավագն առաջինն է մեկնում ձեռքը: Եթե ավագը առանց ձեռնոցի է, կրտսերը ձեռքսեղմումից առաջ իր աջ ձեռքից հանում է ձեռնոցը: Առանց գլխարկի զինծառայողները ձեռքսեղմումն ուղեկցում են գլխի թեթև խոնարհումով:
Հոդված 55. Պետի կամ ավագի ողջույնին («Ողջույն ձեզ») շարքում կամ շարքից դուրս եղած բոլոր զինծառայողները պատասխանում են. «Ողջույն, պարոն կապիտան (գնդապետ)»: Եթե պետը կամ ավագը հրաժեշտ է տալիս («Ցտեսություն, պարոնա´յք»), ապա զինծառայողները պատասխանում են «Ցտեսությու~ն», ավելացնելով «պարոն» և զինվորական կոչումը, առանց ծառայությունը կամ զորատեսակը նշելու:
Օրինակ’ սերժանտներին, ենթասպաներին և սպաներին պատասխանելիս’ «Ողջույն, պարո´ն կրտսեր սերժանտ», «Ցտեսությու´ն, պարոն ավագ», «Ողջույն, պարո´ն կապիտան», «Ցտեսությու´ն, պարոն լեյտենանտ» և այլն:
Հոդված 56. Եթե հրամանատարը (պետը) ծառայության կարգով շնորհավորում է զինծառայողին կամ շնորհակալություն հայտնում նրան, ապա զինծառայողը պատասխանում է հրամանատարին (պետին)’ «Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը»:
Եթե հրամանատարը (պետը) շնորհավորում է զորամասին (ստորաբաժանմանը), ապա վերջինս պատասխանում է եռակի երկարաձիգ «Ուռա~»-յով, իսկ եթե հրամանատարը (պետը) շնորհակալություն է հայտնում, ապա զորամասը (ստորաբաժանումը) պատասխանում է’ «Ծառայում ենք Հայաստանի Հանրապետությանը»:
Հրամանատարներին (պետերին) և տեսչական ստուգման եկած անձանց ներկայանալու կարգը
Հոդված 57. Զորամաս եկած ավագ հրամանատարին (պետին) ներկայանում է միայն զորամասի հրամանատարը: Մյուս անձինք ներկայանում են միայն ավագ հրամանատարի (պետի) անմիջապես նրանց դիմելու դեպքում’ նշելով իրենց պաշտոնը, զինվորական կոչումը և ազգանունը:
Հոդված 58. Զինծառայողները իրենց անմիջական պետերին են ներկայանում’
– զինվորական պաշտոնի նշանակվելիս,
– զինվորական պաշտոնը հանձնելիս,
– զինվորական կոչումը շնորհելիս,
– շքանշանով կամ մեդալով պարգևատրվելիս,
– գործուղման, բուժման կամ արձակուրդ մեկնելիս և վերադառնալիս:
Անմիջական պետին ներկայանալով’ զինծառայողը նշում է իր զինվորական պաշտոնը, զինվորական կոչումը, ազգանունը և ներկայանալու պատճառը:
Օրինակ’ «Պարո´ն մայոր: Առաջին մոտոհրաձգային վաշտի հրամանատար’ կապիտան Հովհաննիսյան: Ներկայանում եմ ինձ կապիտանի զինվորական կոչում շնորհելու առիթով»:
Հոդված 59. Գնդում նոր նշանակում ստացած սպաներն ու ենթասպաները ներկայանում են գնդի հրամանատարին, ապա նրա տեղակալներին, իսկ վաշտում նշանակում ստանալիս’ գումարտակի հրամանատարին, վաշտի հրամանատարին և նրանց տեղակալներին:
Գնդի հրամանատարը նոր ժամանած սպաներին գնդի սպայական կազմին է ներկայացնում սպաների մոտակա խորհրդակցությունում կամ գնդի շարքում:
Հոդված 60. Զորամասի տեսչական ստուգման ժամանակ նրա հրամանատարը ներկայանում է տեսչական ստուգման ղեկավար նշանակված անձին, եթե նա զինվորական կոչումով հավասար է զորամասի հրամանատարին կամ բարձր է նրանից: Իսկ եթե ստուգողը զինվորական կոչումով ցածր է զորամասի հրամանատարից, ապա նա ներկայանում է զորամասի հրամանատարին:
Նախքան տեսչական ստուգումը զորամասի հրամանատարը տեսչին (ստուգողին) ներկայացնում է ստուգման ենթակա ստորաբաժանումների հրամանատարներին:
Հոդված 61. Ստուգողի (տեսչի)’ ստորաբաժանումներ այցելելու դեպքում այդ ստորաբաժանումների հրամանատարները դիմավորում են նրան և զեկույց տալիս:
Եթե տեսուչը (ստուգողը) ստորաբաժանում է ժամանում զորամասի հրամանատարի հետ, ապա ստորաբաժանման հրամանատարը տեսչին (ստուգողին) զեկույց է տալիս այն դեպքում, եթե նա կոչումով հավասար է զորամասի հրամանատարին կամ բարձր է նրանից:
Եթե տեսչական ստուգման ժամանակ ժամանում է ավագ հրամանատար (պետ), ապա նրան զեկույց է տալիս զորամասի (ստորաբաժանման) հրամանատարը, իսկ ստուգողը (տեսուչը) ներկայանում է:
Հոդված 62. Հայաստանի Հանրապետության Նախագահի, ՀՀ Ազգային ժողովի նախագահի, ՀՀ վարչապետի, Հայաստանի Հանրապետության պետական կառավարման լիազորված մարմնի ղեկավարի (նախարարի) ու նրա տեղակալների զորամաս ժամանման դեպքում զորամասի հրամանատարը դիմավորում, զեկույց է տալիս և ուղեկցում է այդ անձանց, իսկ հրավերով ժամանած Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներին, Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս մարտական գործողությունների մասնակիցներին, զինված ուժերի վետերաններին, գիտության, մշակույթի և արվեստի վաստակավոր գործիչներին, Հայաստանի Հանրապետության հասարակական կազմակերպությունների, արտասահմանյան պետությունների ներկայացուցիչների և այլ պատվավոր անձանց զորամասի հրամանատարը դիմավորում է և ներկայանում առանց զեկույց տալու:
Զորամաս ժամանած պատվավոր այցելուներին որպես հիշատակ համապատասխան գրառումներ կատարելու համար տրվում է պատվավոր այցելուների գիրքը:
Հոդված 63. Ավագ հրամանատարների (պետերի) առանձին ծառայողական հանձնարարություններ կատարելու համար զինծառայողների’ զորամաս (ստորաբաժանում) ժամանելու դեպքում զորամասի (ստորաբաժանման) հրամանատարը ներկայանում է միայն կոչումով իրենից ավագին: Մնացած դեպքում ժամանողներն իրենք են ներկայանում զորամասի (ստորաբաժանման) հրամանատարին և զեկուցում իրենց գալու նպատակի մասին:
Հոդված 64. Տեսուչների (ստուգողների) կամ ավագ հրամանատարների ծառայողական հանձնարարությունները կատարող զինծառայողների բոլոր ցուցումները հաղորդվում են զորամասի հրամանատարի միջոցով: Նշված անձինք պարտավոր են զորամասի (ստորաբաժանման) հրամանատարին հաղորդել տեսչական ստուգման կամ իրենց վրա դրված ծառայողական հանձնարարությունների կատարման արդյունքների մասին:
Զորամասի (ստորաբաժանման) զինծառայողներին հարցում կատարելիս ստուգողները ղեկավարվում են 8-րդ հավելվածի պահանջներով: