Հունաստանում քննարկում են Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծն աշնանային նստաշրջան տեղափոխելու հարցը

Հունաստանում քննարկում են Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծն աշնանային նստաշրջան տեղափոխելու հարցը

Հունաստանի խորհրդարանում այսօր քննարկվում է Ցեղասպանության ժխտումը քերականացնող օրինագծի քննարկումն ու քվեարկությունն աշնանային նստաշրջան տեղափոխելու հարցը: «Արմենպրես»-ի հետ զրույցում Հունաստանում հրատարակվող «Ազատ օր» պարբերականի գլխավոր խմբագիր Հռիփսիմե Հարությունյանն ասաց, որ խորհրդարանում քննարկումները սկսվել են եւ ամեն ինչ տարվում է նրան, որ օրինագծի քննարկումը հետաձգվի մինչեւ հոկտեմբեր:

«Ընդհանուր առմամբ օրինագծի վերաբերյալ դիրքորոշումն ու վերաբերմունքը շատ դրական է: Սակայն կան որոշ հարցեր, որոնք խորհրդարանականների մոտ տարակարծություններ են առաջացրել եւ դա է պատճառը, որ կառավարությունը ցանկանում է վերացնել փաստաթղթում առկա խոչընդոտներն ու այդ պատճառով դիմել է խորհրդարանին, որպեսզի հարցի քննարկումը հետաձգվի մինչեւ աշնանային նստաշրջան»,- ասաց Հռիփսիմե Հովհաննիսյանը’ հավելելով, որ եթե խորհրդարանն ընդունի կառավարության առաջարկությունը, ապա օրինագիծն, ամենայն հավանականությամբ, կքննարկվի հոկտեմբերին:

Հռիփսիմե Հովհաննիսյանի փոխանցմամբ’ հայ համայնքում սպասում են օրինագծի քննարկման ավարտին եւ միայն խորհրդարանի որոշումից հետո պարզ կդառնա, թե համայնքն ինչպիսի հայտարարությամբ հանդես կգա:

«Ամեն դեպքում մենք տրամադրված ենք վճռական եւ միասնական այս հարցում հասնելու հաղթանակի եւ հաստատելու արդարություն»,- ասաց Հռիփսիմե Հովհաննիսյանը:

Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը Հունաստանի խորհրդարանում պետք է քննարկվեր օգոստոսի 26-27-ին, սակայն վերջին պահին Հունաստանի արդարադատության նախարար Հարալամբոս Աթանասիունի նախաձեռնությամբ օրինագծի քննարկումը դուրս եկավ խորհրդարանի այս շաբաթվա օրակարգից’ պատճառաբանությամբ, որ կան տեխնիկական որոշ խնդիրներ, որոնք հարթելուց հետո միայն հնարավոր կլինի օրինագիծը ներկայացնել խորհրդարանականների դատին: Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծն առաջարկում է, որ Հունաստանում քրեական պատասխանատվության կենթարկվեն հա յերի եւ Պոնտոսի հույների ցեղասպանությունը ժխտող անձինք: Մինչ այդ, Հունաստանի խորհրդարանն արդեն ընդունել էր օրինագիծ, որով քրեական պատասախանատվության է ենթարկվում Հոլոքոստը ժխտող անձինք:

Հունաստանի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, իսկ ապրիլի 24-ը ճանաչել հիշատակի օր: Յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ին Հունաստանի կառավարությունը 3 խոշոր քաղաքներում կազմակերպում է հիշատակի միջոցառումներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում