Նվերներ Դադիվանքի դպրոցի աշակերտներին` նոր ուսումնական տարվա մեկնարկին

Նվերներ Դադիվանքի դպրոցի աշակերտներին` նոր ուսումնական տարվա մեկնարկին

«Նոր ուսումնական տարվա մեկնարկին չէի ցանկանում դատարկաձեռն այցելել աշակերտներիս», պատմում է ԼՂՀ Շահումյանի շրջանի Դադիվանք համայնքի դպրոցի անգլերենի ուսուցչուհի Սաթինե Քալանթարյանը, ով Դադիվանքի դպրոցում աշխատում է անցած ուսումնական տարուց:

Ըստ մեր զրուցակցի, նախորդ ուսումնական տարվա ընթացքում ինքն աշակերտների հետ աշխատելիս նկատել էր, որ շատ երեխաներ գրենական պիտույքների եւ դպրոցական հագուստի կարիք ունեն: «Վեց հոգանոց դասարանում, օրինակ, չկարողացա ստուգողական աշխատանքների համար տետրեր հավաքել, ի վերջո ինքս եմ գնել տետրերը», հիշում է ուսուցչուհին:

Ամառային արձակուրդների ընթացքում դպրոցի ուսուցչուհին դիմել է մի շարք պաշտոնյաների’ երեխաների համար գրենական պիտույքներ գնելու համար աջակցություն ստանալու նպատակով:
«Մի շարք պաշտոնյաների եմ դիմել, սակայն իմ նամակին արձագանքեց միայն ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՀԿ ֆրակցիայի ղեկավար պարոն Վահրամ Բաղդասարյանը: Ու հենց նրա աջակցության շնորհիվ հնարավոր եղավ Դադիվանքի աշակերտներին նվերներ փոխանցել»:

Դպրոցի աշակերտներին նոր ուսումնական տարվա մեկնարկին տրամադրվել են գրենական պիտույքներ, դպրոցական պայուսակներ, վերնաշապիկներ ու քաղցրավենիք:
Երիտասարդ ուսուցչուհին անձամբ ճանաչում է գյուղի բոլոր ընտանիքներին եւ նվերներ գնելիս հաշվի է առել յուրաքանչյուր երեխայի ու տվյալ ընտանիքի կարիքները:

Նվերները երեխաներին հանձնվել են սեպտեմբերի 8-ին:

Բացի Դադիվանքի դպրոցում աշխատելը, Ս. Քալանթարյանը անգլերեն լեզու է դասավանդել նաեւ Շահումյանի շրջանի Նոր Մանաշիդ ու Չարեքտար համայնքների դպրոցներում: Ուսուցչուհին գիտի, որ վերոնշյալ երկու համայնքների դպրոցների աշակերտները եւս սոցիալական բազմաթիվ խնդիրներ ունեն, եւ նմանատիպ նվերների անհրաժեշտություն նաեւ այնտեղ կա:

«Շնորհակալ եմ ՀՀ ԱԺ պատգամավոր Վահրամ Բաղդասարյանին’ օժանդակության համար: Նաեւ հույս ունեմ, որ հաջորդ անգամ հնարավորություն կունենամ նվերներով այցելել Չարեքտար ու Նոր Մանաշիդ համայնքների դպրոց եւ ուրախություն պարգեւել նաեւ այդ դպրոցներում սովորող աշակերտներին», ընդգծեց մեր զրուցակիցը:

Տեղեկացնենք, որ այս ուսումնական տարում Դադիվանք համայնքի դպրոց է հաճախում 23 աշակերտ, որոնցից 3-ն առաջին դասարանցի են:

Դպրոցն անցած ուսումնական տարում շրջանավարտ չի ունեցել:

Թամարա Գրիգորյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում