Դադիվանքում նշվեց Սուրբ Խաչվերացը (լուսանկար)
Արցախի Շահումյանի շրջանում նշեց Սուրբ Խաչվերացի տոնը: Նախ, սեպտեմբերի 13-ին Քարվաճառի Վիլյամ Սարոյանի անվան միջնակարգ դպրոցում տեղի ունեցած միջոցառման ժամանակ դպրոցի Հայ եկեղեցու պատմություն առարկան դասավանդող ուսուցչուհի Անահիտ Հարությունյանը ներկայացրեց տոնի պատմությունն ու խորհուրդը: «Սուրբ Խաչվերացը Հայ առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներից վերջինն է: Այն Խաչին նվիրված տոներից ամենակարեւորն է, քանի որ նվիրված է գերությունից խաչի վերադարձի ու փառաբանության հիշատակին: Տոնը նշվում է սեպտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում հանդիպող կիրակի օրը», նշեց ուսուցչուհին ու ընդգծեց, որ այս տարի այն տոնվում է սեպտեմբերի 14-ին. այդ կիրակին կոչվում է Պայծառ կիրակի: Ուսուցչուհին ընդգծեց, որ այս տոնը քրիստոնյաների համար մեծ խորհուրդ ունի, քանի որ Քրիստոսի մարմինը դիպել է խաչափայտին: Նա նաեւ ներկայացրեց տոնի հետ կապված սովորույթները:
Իսկ արդեն կիրակի օրը, Խաչվերացի տոնին նվիրված միջոցառում էր կազմակերպվել Դադիվանք վանական համալիրում: Տոնին մասնակցում էին բնակիչներ շրջանի տարբեր համայնքներից: Հյուրեր կային Մարտակերտից, Շուշիից, Ստեփանակերտից:
Արցախի թեմի հոգեւորական Հայր Սահակը Դադիվանքում մատուցեց Սուրբ Պատարագ, այնուհետ կատարվեց խաչի անդաստանի արարողությունը: Հոգեւորականը շնորհավորեց բոլոր ներկաներին պայծառ տոնի կապակցությամբ ու պատգամեց կյանքում միշտ ապավինել խաչին:
Տոնի հոգեւոր մասին հաջորդեց գեղարվեստականը: Երգերով ու պարային կատարումներ հանդես եկան խմբեր շրջանի Քարվաճառ, Եղեգնուտ, Նոր Բրաջուր համայնքներից, ինչպես նաեւ' Մարտակերտի շրջանից: Այնուհետ հավատացյալներին բաժանվեց մատաղ:
Միջոցառման կազմակերպիչ, Շահումյանի շրջանի Եղեգնուտ համայնքի բնակչուհի Մարիամ Փիլաֆյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ միջոցառումը կազմակերպվել է ԼՂՀ Մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ:
«Մենք ցանկանում ենք, որ Խաչվերացն Արցախում դառնա ավանդական տոն, քանի որ այն եկեղեցու հինգ տաղավար տոներից մեկն է: Իմ ամենամեծ նպատակն այն է, որ արցախցիներն իրենց հարազատների շիրիմներին այցելեն ոչ թե մայիսի 2-ին, այլ իմանան, որ եկեղեցական տաղավար տոների հաջորդ օրը մեռելոց է, այդ օրը եկեղեցիներում մատուցվում է սուրբ պատարագ' հանգուցյալների հոգու հանգստության համար եւ հենց այդ օրերին է պետք այցելել հարազատների շիրիմներին», խոսելով միջոցառման նպատակներից' նշեց Մարիամ Փիլաֆյանը:
Մեր զրուցակիցը կարեւորեց նաեւ միջոցառման անցկացման վայրի ընտրությունը: «Հատկապես հուլիս ամսին հակառակորդի կողմից մեր շրջանում հետախուզադիվերսիոն գործողությունների փորձից հետո կարեւոր է ցույց տալ, որ այստեղ կյանքը բնականոն հունով շարունակվում է, տարբեր շրջաններից հյուրեր գալիս են, իրենք էլ տեսնում են, որ մենք հանգիստ ապրում ենք, ու նաեւ չենք մոռանում մեր եկեղեցական տոները», ամփոփեց Մարիամ Փիլաֆյանը:
Թամարա Գրիգորյան