Երևանում ավարտվել է ընդդիմության հանրահավաքը։ Ի՞նչ էին պահանջում Եռյակի առաջնորդները (լուսանկարներ)

Երևանում ավարտվել է ընդդիմության հանրահավաքը։ Ի՞նչ էին պահանջում Եռյակի առաջնորդները (լուսանկարներ)

Ազատության հրապարակում կայացավ խորհրդարանական ոչ իշխանական ուժերի՝ ԲՀԿ, ՀԱԿ և «Ժառանգություն» կուսակցությունների համատեղ հանրահավաքը, որին մասնակցում էին առաջնորդներ՝ Լևոն Տեր-Պետրոսյանը, Գագիկ Ծառուկյանը և Րաֆֆի Հովհաննիսյանը: Առաջինը ելույթ ունենալու պատիվը  վերապահվել էր Րաֆֆի Հովհաննիսյանին: Վերջինը նախ հիշեցրեց, որ 2013-ին կայացած նախագահական ընտրությունների ժամանակ տեղին է ունեցել գողություն, բայց ոչ թե իր քվեն են գողացել, այլ ժողովրդի ձայնը: Այնուհետ ՀՀ նախկին արգործնախարարն անդրադարձավ 5 տարի առաջ նախաստորագրված հայ-թուրքական արձանագրություններին՝ շեշտելով, որ դրանք հակասում էին ՀՀ սահմանադրությանը և շարունկությունն էին 1921 թվականին Մոսկվայի և Ղարսի պայամանագրերի: Այս համատեքստում  Հովհաննիսյանը չանտեսեց նաև ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցման փաստը, որն ըստ նրա ոչ այլ ինչ է, քան ՀՀ անկախության վաճառք:

«Այսօր, առանց որևէ լեգիտիմության, առոչինչ իր ստորագրությունը դրեց մի փաստաթղթի վրա, որը վաճառում է ՀՀ ինքնիշխանությունը»,-շեշտեց նա՝  պնդելով, թե միայն լեգիտիմ իշխանությունը կարող է  գծել  Ռուսաստանի և Հայաստանի գործընկերության եզրերը: Հովհաննիսյանը չմոռացավ նաև Շանթ Հարությունյանին և Վոլոդյա Ավետիսյանին՝ նրանց  հռչակելով  քաղբանտարկյալներ: Ամփոփելով ելույթը Հովհաննիսյանը շնորհակալություն հայտնեց հանրահավաքին ներկա քաղաքացիներին՝ ասելով, թե մնում է բարի ճանապարհ մաղթել Սերժ Սարգսյանին: Այդ պահին հավաքի մասնակիցներից ոմանք գոռացին.«Հիմա, հիմա»: Սրան ի պատասխան Րաֆֆի Հովհաննիսյանն առաջարկեց խորհրդակցել Գագիկ Ծառուկյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի հետ, սակայն, դա մի տեսակ առաջին հայացքից չողջունվեց մյուս լիդերների կողմից և այդ պահին խոսափողի մոտ հրավիրվեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: Նա ասաց, որ հպարտ է ժողովրդի կողքին լինելով, հետո հայտարարեց, թե այսօր ելույթ չի ունենա, այլ կլսի իր գործընկերներին՝ խոստանալով հաջորդ հանրահավաքին այս բացը լրացնել.

«Երբեք չի եղել, որ հայտարարություն անեմ ու հետ կանգնեմ, ինչ ասեմ, իմացեք, որ մինչև վերջ կատարելու եմ: Ես ելույթ կունենամ հաջորդ հանրահավաքին»,-ընդգծեց նա՝ վստահեցնելով, թե մեր երկիրն ու ժողովուրդն ունենալու է մեծ հաջողություն, որի սկիզբը դրվում է այսօր: Գագիկ Ծառուկյանը զգուշացրեց, որ հաջողությունը հեշտ չի տրվում, դրան հասնելու համար  պայքարի դժվար ճանապարհ պիտի անցնել:

ԲՀԿ առաջնորդից  հետո ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը մոտեցավ ամբիոնին և բավականին երկար որոշ հարցերի և խոսակցությունների շուրջ հստակեցումներ արեց: Նախ նա հարկ համարեց ընդգծել, որ եթե մինչ այս քառյակն ընդդիմադիր խորհրդարանական  ուժերի դաշինք էր, ապա այսօր այն վերածվել է համաժողովրդական շարժման: Ի դեպ, Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ հարգանքով է մոտենում Դաշնակցության որոշմանը դաշինքից դուրս գալու՝ ավետելով, որ «Հրաշալի քառյակի», ֆորմատը պահպանվելու. ՀՅԴ-ին կփոխարինի ՀԺԿ-ն.

«Ինչևիցե, կարևորն այն է, որ կազմի մասնակի փոփոխությունից հետո էլ հրաշալի Քառյակը շարունակում է մնալ նույնքան հրաշալի Քառյակ»,-հայտարարեց նա: Այնուհետ նա հերքեց լուրերը, թե Ռոբերտ Քոչարյանն ու ՕԵԿ-ը քառյակի կամ եռյակի հետ որևէ կապ ունեն. «Եթե նրանք ուզում են մեզանից անկախ կամ մեզ զուգահեռ պայքարել սարգսյանական ռեժիմի դեմ, թող պայքարեն, ոչ ոք նրանց չի խանգարում, ավելին՝ դրա համար նույնիսկ շնորհակալ կլինենք նրանց»:

Այս համատեքստում  ՀԱԿԿ ղեկավարը դիմելով քաղաքացիներին հայտարարեց, թե գործող վարչախմբի հանդեպ անխնա քննադատությամբ հանդերձ,  հանրահավաքներում իշխանության ներկայացուցիչների հասցեին անձնական վիրավորանքներ ու հայհոյանքներ չեն հնչելու։ «Մենք նրանց մասին խոսելու ենք միայնումիայն քաղաքական լեզվով, բայց չզլանալով իրերը կոչել իրենց անունով։ Եթե գող են` ասելու ենք գող, եթե կաշառակեր են` ասելու ենք կաշառակեր, եթե մարդասպան են` ասելու ենք մարդասպան, եթե տգետ են` ասելու ենք տգետ, եթե ամբարտավան են` ասելու ենք ամբարտավան, եթե ստախոս են` ասելու ենք ստախոս և այլն։   Տիրապետելով լիարժեք տեղեկատվության և ելնելով նպատակահարմարությունից, Քառյակի ղեկավարությունն է սահմանում շարժման ընթացքի արագությունը և հանրային միջոցառումների ժամանակացույցը։ Ուստի ձեզանից ակնկալվում է լիովին վստահել Քառյակին և ըմբռնումով մոտենալ նրա կայացրած որոշումներին, որովհետև առանց փոխադարձ վստահության, մեր ձեռնարկած լրջագույն գործը չի կարող հաջողությամբ պսակվել»,- շարունակեց նա՝ հավելելով, թե իրենք այդքան միամիտ չէին, որ հավատային, թե իշխանությունները կատարելու էին առաջադրված  12 պահանջները: Տեր- Պետրոսյանը հերթական անգամ զգուշացրեց, որ եթե մոտ ժամանակներս իշխանափոխություն տեղի չունենա, ապա Ղարաբաղն ու ՀՀ-ն կործանվելու են կամ նորմալ չեն զարգանալու: Լևոն Տեր-Պետրոսյանն անդրադարձավ նաև արտաքին քաղաքական հարցերին և դրա շուրջ զարգացումներին:  Նա հայտարարեց, որ շարժումն իր առջև աշխարհաքաղաքական  կողմնորոշումների խնդիր չի դնում և առաջիկա զանգվածային միջոցառումների ընթացքում  չի պատրաստվում անդրադառնալ նման թեմաների:

«Հայաստանի անդամակցումը Եվրասիական միությանը այլեւս անշրջելի իրողություն է։ Իսկ այդ առթիվ երկու-երեք տասնյակ անհատների ջղաձգումներն արդեն վերածվում են զավեշտի, քանի որ երկու-երեք տասնյակ հոգի, մարդկանց մտքերը պղտորելուց բացի, ոչ մի պարագայում չեն կարող քաղաքական օրակարգ թելադրել»,-ընդգծեց նա:

 

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում