Ջավախքին խիստ ծանր օրեր են սպասում

Ինչպես երեկ տեղեկացրել է Times.am գործակալությունը, Վրաստանի հայկական Սամցխե-Ջավախք տարածաշրջանում նոր նահանգապետ է նշանակվել: Այդ պաշտոնում Լաշու Չկադուային փոխարինել է Իվանե Ցիկլաուրին, որը մինչ նոր նշանակումը տարբեր պաշտոններ է զբաղեցրել Վրաստանի ներքին գործերի նախարարությունում, որոշ ժամանակ ղեկավարել է նաեւ Ջավախքի ոստիկանության գլխավոր վարչությունը։
«Ջավախքում դեռ թարմ են Ցիկլաուրիի պաշտոնավարման հիշողությունները: Որպես ոստիկանապետ նրա գործողություններն այնքան կոպիտ և ապօրինի էին, որ տեղի հայերից շատերի մոտ նա հոգեկան հիվանդի տպավորություն էր թողնում», - Times.am-ին ասել է Ռազմավարական մշակումների կենտրոնի տնօրեն Հրանտ Մելիք-Շահնազարյանը:
«Պետք է նշել, որ նախկին նահանգապետը Ջավախքում օժտված չէր իրական իշխանությամբ: Բռնությունների ու հալածանքների քաղաքականություն որդեգրած Վրաստանում ամեն ինչ որոշվում էր ՆԳՆ աշխատասենյակներում: Ջավախքի դեպքում դա առավել վառ տեսք ուներ: Եվ հիմա, երբ Վանո Մերաբիշվիլին այլևս զբաղեցնում է երկրի վարչապետի պաշտոնը, նա փորձում է իր մարդկանց տեղավորել կարևոր դիրքերում: Այս ամենը միայն նշանակում է, որ խորհրդարանական և նախագահական ընտրությունների նախաշեմին Վրաստանի իշխանությունները փորձում են ուժեղացնել ճնշումների քաղաքականությունը և ոչնչացնել հայկական տարածաշրջանը իբրև քաղաքական գործոն: Դրա մասին է վկայում նաև վերջերս ջավախահայ քաղաքական գործիչ Մելիք Ռաիսյանի հանդեպ սկիզբ առած քաղաքական հետապնդումը», - ասել է Մելիք-Շահնազարյանը՝ ավելացնելով, որ Ջավախքին խիստ ծանր օրեր են սպասում: