Արարատի մարզում ավարտվեց նախազորակոչային եւ զորակոչային տարիքի երիտասարդության ռազմամարզական խաղերի տարածաշրջանային փուլը

Արարատի մարզում ավարտվեց նախազորակոչային եւ զորակոչային տարիքի երիտասարդության ռազմամարզական խաղերի տարածաշրջանային փուլը

Արարատի մարզում ավարտվեց նախազորակոչային եւ զորակոչային տարիքի երիտասարդության ռազմամարզական խաղերի տարածաշրջանային փուլը, որն անց էր կացվում սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ռազմամարզական խաղերի մարզային պատասխանատու, մարզպետարանի աշխատակազմի կրթության բաժնի առաջատար մասնագետ Սուրեն Շահինյանը, հանրակրթական դպրոցների վեց հաղթող թիմեր հոկտեմբերի 20-ին Արտաշատի մարզադաշտում կմասնակցեն մարզային փուլին: Այդ օրը կորոշվի, թե որ թիմերը նոյեմբերի 2-5-ը կմասնակցեն Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում կայանալիք խաղերի եզրափակիչ փուլին:

Շահինյանն ասաց, որ հավաքական թիմերը մրցել են վեց մարզաձեւերում, ցույց են տվել բարձրարվեստ խաղ եւ հաղթանակը ձեռք բերել թեժ մրցապայքարում:

Վերոհիշյալ խաղերը նպատակ ունեն նախազորակոչային եւ զորակոչային տարիքի երիտասարդության կենցաղում արմատավորել առողջ ապրելակերպ, հայրենիքին տալ նրա պաշտպանությանը պատրաստ եւ ՀՀ ազգային բանակում ծառայելու համար ֆիզիկապես կոփված երիտասարդներ:

Ռազմամարզական խաղերն անցկացվում են ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության կողմից, որին աջակցում են ՀՀ ՊՆ-ը, ՀՀ ԿԳՆ-ը եւ ՀՀ զինվորական կոմիսարիատները:

Լիլիթ Մաճկալյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում