Հրանուշ Հակոբյանն ընդունել է իտալացի հայագետ Վալենտինա Կալցոնարիին

Հրանուշ Հակոբյանն ընդունել է իտալացի հայագետ Վալենտինա Կալցոնարիին

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունել է Հայագիտական ուսումնասիրությունների միջազգային ընկերակցության նախագահ, Ժնևի համալսարանի գրականության ֆակուլտետի հայագիտական հետազոտությունների կենտրոնի ղեկավար, ազգությամբ իտալուհի Վալենտինա Կալցոնարիին: Ինչպես տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հոկտեմբերի 14-ին կայացած հանդիպման ընթացքում խոսվել է հայագիտական խնդիրների, մասնավորապես, հայագիտական ուսումնասիրությունների միջազգային ընկերակցության հերթական՝ 13-րդ համաժողովի մասին, որը կարևոր քայլ է համարվել հայագիտության զարգացման և գիտական տեղեկատվության փոխանակման դիտանկյունից: Պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագա համագործակցության, հայագիտական լավագույն աշխատանքների մրցույթ կազմակերպելու վերաբերյալ:

Միջազգային մեծ հեղինակություն վայելող այս ընկերակցությունը հիմնադրվել է 1981թ. հայագետներ Մայքլ Սթոունի (Երուսաղեմի Եբրայական համալսարանի հայկական հետազոտությունների ծրագրի բաժնի ամբիոնի վարիչ) և Յոս Վայթենբերգի (Լեյդենի համալսարանի հումանիտար գիտությունների ֆակուլտետի համեմատական լեզվաբանության բաժանմունքի հայկական ուսումնասիրությունների ծրագրի ղեկավար) նախաձեռնությամբ։ Միավորում է ավելի քան 20 երկրից (1988թ. նաև Հայաստանից) 400-ից ավելի հայագետների և հարակից մասնագիտությունների ներկայացուցիչների: Ընկերակցության հիմնական կորիզն են կազմում եվրոպական բարձրագույն ուսումնական հաստատություններում գործող հայագիտական կենտրոնների առաջատար ուժերը՝ օտարազգի և հայ գիտնականներ:

Ընկերակցության հիմնական նպատակներից է հայագիտության զարգացումն իր բոլոր բնագավառներով խթանելը, նորագույն ուսումնասիրությունների արդյունքներն ի մի բերելը և գիտական շրջանառության մեջ դնելը, ինչպես նաև այս ոլորտի մասնագետների փորձի փոխանակում կազմակերպելը: Ընկերակցությունը կապեր է ստեղծել աշխարհի տարբեր հայագիտական կենտրոնների, այդ թվում՝ ՀՀ ԳԱԱ-ի, Մատենադարանի հետ:

Հայագիտական ուսումնասիրությունների միջազգային ընկերակցությունն (AIEA/ՀՈՒՄԸ) իր հերթական՝ 13-րդ համաժողովն անցկացրել է Երևանում՝ «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի հետ համատեղ, 2014թ. հոկտեմբերի 9-11-ը:  Համաժողովը կարևորվել է նրանով, որ AIEA-ի գո յության 33 տարիների ընթացքում այն առաջին անգամ տեղի ունեցավ Հայաստանում, որը նաև լավագույն առիթ էր եվրոպական տարբեր համալսարաններ ներկայացնող գիտնական-հայագետներին հայագիտության բնօրրանում համախմբելու համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում