Հայաստանը չի միացել «Մագնիտսկու եվրոպական ցուցակ»-ին. ՀՀ ԱԳՆ

Հայաստանը չի միացել «Մագնիտսկու եվրոպական ցուցակ»-ին. ՀՀ ԱԳՆ

ԵՄ խորհրդի դեկտեմբերի 4-ի սահմանափակող միջոցների վերաբերյալ որոշմանը ՀՀ-ն չի միացել։ Այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։

«Ելնելով արտաքին քաղաքական առաջնահերթություններից և ԵՄ հետ գործընկերության շրջանակներում՝ ՀՀ-ն դիտարկում և հաճախ միանում է ԵՄ հայտարարություններին՝ ցուցաբերելով իր աջակցությունն ու համերաշխությունը դրանցում արծարծվող հարցերի վերաբերյալ»,- մեկնաբանել է նա։

Նշենք, որ երեկ ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը  տարածել էր հայտարարություն, որտեղ մասնավորապես նշվում էր, որ ԵՄ կազմի մեջ չմտնող 11 երկրներ, այդ թվում Հայաստանը և Ադրբեջանը  միացել են «Մագնիտսկու եվրոպական ցուցակ»-ի հերթական՝ մեկ տարով երկարաձգելու մասին ԵՄ Խորհրդի որոշմանը, որով պատժամիջոցներ են սահմանվում մարդու իրավունքների զանգվածային ոտնահարման համար պատասխանատու պաշտոնյաների, անձանց ու կազմակերպությունների դեմ։

Ավելի ուշ Բորելի հայտարարությունը խմբագրվել է, տեքստից դուրս են հանվել Հայաստանի ու Ադրբեջանի մասին հիշատակումները։

Հետևեք մեզ նաև Telegram-ում