ԵՄ-ն փորձում է Ուկրաինային 20 մլրդ եվրոյի օգնություն հատկացնել
Նմանատիպ
Եվրամիությունը մեխանիզմ է մշակում, որը թույլ կտա 20 միլիարդ եվրոյի օգնություն հատկացնել Ուկրաինային՝ անդամ երկրների երաշխիքների ներքո պարտք վերցնելով։ Այս մասին հայտնում է Financial Times թերթը՝ վկայակոչելով աղբյուրներ։
Օգտագործելով այս մեխանիզմը՝ ԵՄ երկրները ծրագրում են չորս տարով շրջանցել Հունգարիայի վետոն Ուկրաինային 50 միլիարդ եվրոյի չափով օգնության հարցում։ Հրատարակության աղբյուրների համաձայն՝ ԵՄ երկրները ֆինանսական երաշխիքներ են ստանձնելու ընդհանուր բյուջեի համար։ Դա հնարավորություն կտա Եվրահանձնաժողովին անհրաժեշտ գումար վերցնել կապիտալի շուկաներից՝ Ուկրաինային օգնելու համար։
Նմանատիպ մեխանիզմ արդեն կիրառվել է կորոնավիրուսային համավարակի ժամանակ՝ անդամ երկրներին 100 միլիարդ եվրո օգնություն հատկացնելու համար։ Նման մեխանիզմը չի պահանջում ԵՄ անդամ բոլոր երկրների համաձայնությունը. որոշումը կկայացնեն բարձր վարկային վարկանիշ ունեցող երկրները։ Որոշ երկրներում, ինչպիսիք են Գերմանիան և Նիդեռլանդները, նախքան դա անելը պետք է ստանալ խորհրդարանի հաստատումը:
Որպես մեկ այլ տարբերակ՝ ԵՄ իշխանությունները դիտարկում են Ուկրաինային էժան կարճաժամկետ վարկեր տրամադրելու հարցը։ Այս սխեմայով Ուկրաինան արդեն ստացել է 18 միլիարդ եվրո 2023 թվականին։ Միևնույն ժամանակ, ըստ թերթի աղբյուրների, անդամ երկրների առաջնահերթությունը Ուկրաինային 50 մլրդ եվրոյի չափով օգնություն տրամադրելն է։ Հրապարակման աղբյուրների համաձայն՝ Եվրամիության ղեկավարությունը խոստացել է Ուկրաինային օգնություն տրամադրել մարտից ոչ ուշ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում