Հայաստանը ցանկանում է Հնդկաստանից դրոններ և հակադրոնային միջոցներ գնել
Նմանատիպ
Հայաստանը շահագրգռված է Հնդկաստանից զենք-զինամթերք գնելու հարցում։ Այս մասին նշվում է The National Interest պարբերականում հրապարակված հոդվածում ՝ վկայակոչելով Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության աղբյուրները։ «Արդյո՞ք Հնդկաստանը և Հայաստանը գնում են դեպի ռազմավարական գործընկերության» վերնագրով հոդվածում ներկայացվում է Հայաստանի և Հնդկաստանի միջև զենքի մատակարարման մի քանի մանրամասներ։
Մասնավորապես նշվում է, որ վերջին երեք տարիներին Հնդկաստանը հայտնվել է որպես Հայաստանին զենք մատակարարող խոշոր երկիր։ Պաշտպանության այս խոշոր գործարքները ներառում են Pinaka բազմափողանի հրթիռային կայանների վաճառքը, 40 միլիոն դոլար արժողությամբ պայմանագիր, որը ներառում է SWATHI զենքի տեղորոշման ռադարներ, զինամթերք, հակատանկային հրթիռներ և 155 մմ հրանոթներ:
Հնդկաստանի արտաքին գործերի նախարարությունում հեղինակի զրուցակիցները հայտնել են, որ Հայաստանը շահագրգռված է ավելի շատ պաշտպանական գործարքներով, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքերի և հակադրոնների համակարգերի և միջին հեռահարության «երկիր-օդ» հրթիռների նկատմամբ։ Հիշեցնենք, որ 2022 թվականի հոկտեմբերին Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել էր Նյու Դելիի պաշտպանության ցուցահանդես և հանդիպել իր հնդիկ գործընկեր Ռաջնաթ Սինգհին։
Նշվում է նաև, որ 2022 թվականի սեպտեմբերին երկու երկրները ստորագրեցին փոխըմբռնման հուշագրեր (MOU) մշակույթի, թվային ենթակառուցվածքների և վերականգնվող էներգիայի ոլորտներում՝ բիզնես կապերը խթանելու համար Բենգալուրու Հնդկաստան-Հայաստան համաժողովի ընթացքում։
Հոդվածը եզրափակվում է այն մտքով, որ Հարավային Կովկասում գլոբալ տերությունների աճող ներգրավվածությունը կարող է խոչընդոտել նաև Հնդկաստան-Հայաստան հարաբերությունները ռազմավարական գործընկերության վերածելուն։ Հետևաբար Հարավային Կովկասում տիրող անորոշության և անկայունության պայմաններում Հնդկաստանը կնախընտրի առաջ շարժվել Հայաստանի հետ երկկողմանի հետագծով` հատուկ ուշադրություն դարձնելով պաշտպանական գործարքներին և տնտեսական կապերին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում