Իրանում պայթյուններ են որոտացել. ի՞նչ է տեղի ունեցել
Նմանատիպ
Հունվարի 4-ին Իրանում՝ Քերմանի գերեզմանատան մոտ, պայթյուն է տեղի ունեցել, մի քանի րոպե անց լրատվամիջոցները հայտնել են երկրորդ պայթյունի մասին Գոլզարի գերեզմանատան ճանապարհին։ Այս մասին հայտնել է իրանական IRNA գործակալությունը։
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի մահվան տարելիցի կապակցությամբ գերեզմանատան մոտ տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 188-ի, ևս 141-ը վիրավորվել է։ Այս մասին հաղորդում է IRNA-ն՝ վկայակոչելով հանրապետության արտակարգ իրավիճակների ծառայությունները։ Հարկ է նշել, որ Իրանում հունվարի 4-ը սգո օր է հայտարարվել։
Այս թեմային առաջին ադրադարձը կատարել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը։ Նա, մասնավորապես, դատապարտել է ահաբեկչությունն իր բոլոր ձևերով։
Պուտինը ցավակցություն է հայտնել Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիին և նախագահ Էբրահիմ Ռաիսիին՝ Քերման քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության ողբերգական հետևանքների կապակցությամբ՝ նշելով, որ խաղաղ բնակիչների սպանությունը «ցնցող է իր դաժանությամբ և ցինիզմով»: Այս մասին փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
«Հարգելի պարոն Խամենեի, հարգելի պարոն Ռաիսի, ընդունեք իմ խորին ցավակցությունները Քերման քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության ողբերգական հետևանքների կապակցությամբ:
Գերեզմանոց այցելած խաղաղ բնակիչների սպանությունը ցնցող է իր դաժանությամբ և ցինիզմով, կարեկցանքի և աջակցության խոսքեր՝ զոհվածների ընտանիքներին և ընկերներին, ինչպես նաև շուտափույթ ապաքինում բոլոր վիրավորներին»,- ասված է Կրեմլի կայքում տեղադրված հեռագրում։
ՀՀ ԱԳՆ-ն և Նիկոլ Փաշինյանը նույնպես ցավակցություն են հայտնել Իրանին։
«Ցնցված ենք Իրանի Քերման քաղաքում տեղի ունեցած պայթյունների լուրից, որոնց հետևանքով զոհվել է ավելի քան 100 անմեղ խաղաղ բնակիչ: Մեր մտքերն ու աղոթքները տուժածների և նրանց ընտանիքների հետ են»,- այս մասին տեղեկանում ենք ԱԳ նախարարության մամուլի ծառայության x-ից:
«Սրտի խորը կսկիծով տեղեկացա այսօր Քերմանում տեղի ունեցած ողբերգության վերաբերյալ, որի հետևանքով զոհվել և վիրավորվել են անմեղ մարդիկ։
Այս ծանր պահին Հայաստանի Հանրապետության ժողովրդի և անձամբ իմ անունից, Ձե՛րդ գերազանցություն, թույլ տվեք վշտակցության խոսքեր հղել զոհերի բոլոր հարազատներին և շուտափույթ ապաքինում մաղթել բոլոր վիրավորներին»,- ասված է Փաշինյանի ցավակցական հեռագրում:
Իսկ, ահա, ԱՄՆ պետքարտուղարությունը անմիջապես հայտարարել է, որ ԱՄՆ-ն կապ չունի Իրանում տեղի ունեցած պայթյունների հետ և որևէ պատճառ չի տեսնում ասելու, որ Իսրայելը ներգրավված է դրանցում:
«Մենք ուշադիր հետևում ենք Իրանից եկող հաղորդագրություններին, մենք չունենք որևէ անկախ տեղեկատվություն։ Ցավակցում ենք այս սարսափելի պայթյունների զոհերի ընտանիքներին և հարազատներին»,- ասել է նա ճեպազրույցում։
«Դեռ վաղ է, համենայնդեպս, մեզ համար ասել, թե ինչն է եղել տեղի ունեցածի պատճառը, բայց ես կուզենայի պատասխանել որոշ անպատասխանատու մեղադրանքներին, որոնք ես տեսել եմ, որոնք շրջանառվում են և ասել, որ ԱՄՆ-ը որևէ կերպ առնչություն չունի դրա հետ։
Հակառակ հայտարարությունները ծիծաղելի են: Մենք հիմք չունենք ենթադրելու նաև, որ Իսրայելը ներգրավված է այս ամենի մեջ»,- ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում