Հյուսիսային Կորեան մոտ 200 արկ է արձակել հարավկորեական կղզիների ուղղությամբ
Նմանատիպ
Հյուսիսային Կորեան ավելի քան 200 արկ է արձակել Հարավային Կորեայի կղզիների ուղղությամբ, որոնք գտնվում են Դեղին ծովում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնում է Yonhap գործակալությունը։
Ըստ Կորեայի Հանրապետության զինված ուժերի շտաբների պետերի միացյալ կոմիտեի՝ արձակումը տեղի է ունեցել հունվարի 5-ի առավոտյան, տեղի ժամանակով ժամը 9։00-ից մինչև 11։00-ն ընկած ժամանակահատվածում։
Գործակալության տվյալներով` հարավկորեացի խաղաղ բնակիչների և զինվորականների շրջանում տուժածներ չկան։ Արկերն ընկել են Դեղին ծովի բուֆերային գոտում, որը սահմանվել է 2018 թ․ միջկորեական ռազմական համաձայնագրի շրջանակներում, որից դուրս գալու մասին Հյուսիսային Կորեան հայտարարել է 2023 թ․ նոյեմբերին։
Տեղի ժամանակով կեսօրից հետո Հարավային Կորեայի զինվորականները երկրի արևմտյան սահմանին գտնվող Յոփյոնդո և Պենյոնդո կղզիների բոլոր բնակիչներին հրահանգել են տարհանվել։
Հարավային Կորեայի ռազմական գերատեսչությունը Հյուսիսային Կորեայի կողմից արկերի արձակումն անվանել է «սադրիչ գործողություն» և նախազգուշացրել, որ համապատասխան քայլեր կձեռնարկի։ Ի պատասխան արկերի արձակման՝ Սեուլը նախատեսում է զորավարժություններ անցկացնել հյուսիս-արևմտյան սահմանային կղզիներում։
2018 թ․միջկորեական համաձայնագրից Սեուլը մասնակիորեն դուրս էր եկել նոյեմբերին՝ ի նշան բողոքի Հյուսիսային Կորեայի կողմից ռազմական հետախուզական արբանյակի արձակման դեմ։ Դրանից հետո Հյուսիսային Կորեան միակողմանիորեն չեղարկեց համաձայնագիրը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում