Թուրքիան, Ռումինիան և Բուլղարիան Սև ծովում ռազմածովային խումբ կստեղծեն
Նմանատիպ
Թուրքիայի, Ռումինիայի և Բուլղարիայի պաշտպանության նախարարությունները հուշագիր են ստորագրել Սև ծովում ականազերծման ռազմածովային խմբի ստեղծման մասին։ Այս մասին հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը X սոցիալական ցանցի իր էջում։
«Ռազմական գործողությունները Ուկրաինայում բացասական պայմաններ ստեղծեցին Սև ծովում անվտանգության համար, ստեղծեցին ականների վտանգ: Մենք երեք երկրի շրջանակում անցած ամառ որոշեցինք միջոցներ ձեռնարկել պաշտպանության համար, ստեղծել համատեղ խումբ: Որոշում է կայացվել և այժմ այն ստորագրված է: Կստեղծվի հանձնաժողով, որում ձայների մեծամասնությամբ կորոշվի այս աշխատանքին մասնակցելու հարցը»ՙ – փաստաթղթի ստորագրման արարողության ժամանակ ասել է Թուրքիայի պաշտպանության նախարարության ղեկավար Յաշար Գյուլերը։
Նրա խոսքով, միայն հուշագիրը ստորագրած երեք երկրի ռազմածովային ուժերը կմասնակցեն Սև ծովն ականներից մաքրելու աշխատանքներին։
«Այս նախաձեռնությունը բաց կլինի միայն սևծովյան երեք երկրի նավերի մասնակցության համար: Մենք բարձր ենք գնահատում ոչ սևծովյան երկրների և մեր դաշնակիցների հնարավոր ներդրումը այս գործում: Նրանց օգնությունն այս աշխատանքին կարող է որոշվել ապագայում, եթե ստեղծվեն հարմար պայմաններ»,- ասել է թուրք նախարարը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում