Այսօր 44-օրյա արյունալի պատերազմի 4-րդ տարելիցն է

Այսօր 44-օրյա արյունալի պատերազմի 4-րդ տարելիցն է

2020 թվականի սեպտեմբերի 27-ին, ժամը 07։10-ին Ադրբեջանը լայնածավալ հարձակում սկսեց Արցախի դեմ՝ թիրախավորելով Արցախի ողջ տարածքը։ 

Ադրբեջանական զինված ուժերը, Թուրքիայի ակնհայտ աջակցությամբ և ահաբեկիչ վարձկանների ներգրավմամբ, սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 9-ն անդադար ռմբակոծել են Արցախի բնակավայրերը՝ կիրառելով միջազգային իրավունքով արգելված զինատեսակներ։

Պատերազմը տևեց 44 օր․ ռազմական գործողություններն ավարտվեցին նոյեմբերի 9-ի՝ լույս 10-ի գիշերը՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարությամբ: Նոյեմբերի 9-ի փաստաթղթի՝ իրեն վերաբերող ոչ մի դրույթ Ադրբեջանն այդպես էլ չկատարեց, իսկ հայկական կողմը ստանձնած բոլոր պարտավորությունները կատարելով՝ Ադրբեջանին առանց մի կրակոցի հանձնեց Ակնան, Քարվաճառի ու Քաշաթաղի շրջանները՝ վտանգի տակ դնելով Արցախը Հայաստանին կապող կյանքի ճանապարհը։

Ադրբեջանի օկուպացրած տարածքներից բռնի տեղահանվեց շուրջ 30 000 հայ։

Պաշտոնական տվյալներով հայկական կողմը 44-օրյա պատերազմում ունեցել է 3825 զոհ, հարյուրավոր գերիներ ու անհետ կորածներ։

Ռազմական գործողությունների դադարեցման մասին պայմանավորվածությունների պահպանման համար ռուսական դիտակետեր տեղակայվեցին Արցախի և Ադրբեջանի սահմանի, ինչպես նաև Հայաստանն ու Արցախը միացնող Լաչինի միջանցքի երկայնքով:

Թեկուզ պաշտոնապես ազդարարվել էր կրակի դադարեցման մասին, սակայն Ադրբեջանը պարբերաբար խախտեց հրադադարը, ներխուժեց Արցախի տարածք ու գրավեց ռազմավարական նշանակության բարձունքներ։

44-օրյա պատերազմում Արցախի տարածքի շուրջ 75 տոկոսն Ադրբեջանն օկուպացրեց։

2022թ․ դեկտեմբերի 3-ին մի քանի ժամով,  իսկ  դեկտեմբերի 12-ին՝ արդեն մեկընդմիշտ  Ադրբեջանը փակեց Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը։ Արցախի բնակչությանը 9 ամիս պահելով լիակատար շրջափակման մեջ, զրկված սննդից ու դեղորայքից, ագրեսոր երկիրը 2023թ․ սեպտեմբերի 19-ին կրկին լայնածավալ հարձակում սկսեց Արցախի դեմ։ 24 ժամ տևած խիստ անհավասար պատերազմում Արցախը պայքարեց միայնակ՝ տալով 223 զոհ՝ այդ թվում 20 խաղաղ բնակիչ, որոնցից 6-ն՝ անչափահաս։

Բնիկ հայկական Արցախը, որը հազարամյակներ շարունակ եղել է հայերի բնօրրանը, մի քանի օրում ամբողջությամբ հայաթափվեց։ Ադրբեջանի հարկադրանքով բռնի տեղահանվեց շուրջ 120 000 հայ, պատանդառվեց Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը։

Առայսօր Ադրբեջանն իր ռազմական հանցագործությունների համար պատասխանատվության չի ենթարկվել, իսկ հայ գերիներն ու պատանդները շարունակում են խոշտանգվել Բաքվի բանտերում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում