Հասարակական բողոքի ալիքը լուրջ շրջադարձի վտանգի առջև

– Իսկ որտե՞ղ է ընդդիմությունը: Որտե՞ղ են կուսակցությունները: Միթե՞ այդքան խոր քնի մեջ են, – հարցնում է լրագրողն ինձ:

– Չգիտեմ: Բայց եթե իսկապես քնած են, ապա այսպես ավելի լավ է: Փորձը ցույց է տալիս, որ հասարակությունը շատ ավելի արդյունավետ է գործում առանց քաղաքական դիվիդենտներ փնտրող առաջնրդների: Մարդիկ ավելի լավ գիտեն, թե ինչն է նրանց հուզում և ինչպես է կարելի հասնել այդ հարցի լուծմանը: Իսկ կուսակցությունները թող հանգստանան: Կամ էլ կողքից նայեն և սովորեն: Կարծում եմ, անցած երկու տարիների փորձը նրանց մտածելու շատ առիթներ տված կլինի, – պատասխանում եմ ես’ համոզված լինելով, որ տրանսպորտի գների բարձրացման դեմ հասարակական դժգոհության ալիքն ավելի քան դրական ուղեգծով է զարգանում…

Բայց դա երեկ էր: Այսօր տեսարանը կարծես թե փոխվում է: Համենայն դեպս, այս պահին մարդիկ պայքարում են ոչ թե տրանսպորտի գների բարձրացման դեմ, այլ ՀԱԿԿ որոշ ակտիվիստների ազատ արձակման համար: Եվ սա կարող է հասարակական դժգոհության այս փուլում շատ լուրջ շրջադարձ լինել: Բացասական շրջադարձ:

Իհարկե, ճիշտ կլինեն բոլոր այն մարդիկ, ովքեր կպնդեն, որ երիտասարդներին բերման են ենթարկել հանրային շահերը պաշտպանելու համար: Բայց այդ ճշմարտությունը կիսատ է: Որովհետև կարելի էր այնպես անել, որպեսզի գործը ձերբակալության չհասներ: Պետք չէր ՀԱԿ-ական լեքսիկոնը նորից դնել ժողովրդի բերանում և ոստիկանների դեմքին գոռալ’ «թքել եմ ես տենց ոստիկանապետի մամայի գերեզմանի վրա»: Վերջապես պետք չէր մարդկանց ուշադրությունը շեղել բուն խնդրից և սեփական անձերի վրա հրավիրել: Եվ դա այն դեպքում, երբ հասարակական ակցիաները բավական արդյունավետ են անցնում և, թվում է, որոշակի արդյունքներ են արձանագրում:

Իրականում, խնդիրն այս պահին ավելի քան արդիական է: Ցավոք, մենք արդեն ականատեսն ենք եղել Հայաստանում մի շարք քաղաքացիական նախաձեռնությունների կատարյալ անկմանը: Տեսել ենք, թե ինչպես է մահացել բնապահպանական շարժումը, ինչ տեսք են ստացել հասրակությանը հուզող այլ խնդիրները: Միթե՞ հիմա նույնը կլինի տրանսպորտի գնի բարձրացման դեմ պայքարողների դեպքում: Վերջին հաշվով պետք է գիտակցել, որ ժողովուրդն արդեն բավական մեծ աշխատանք է տարել: Եվ ուրեմն ինչու՞ մարդկանց կրկին առաջնորդել ձախողման ճանապարհով: Ինչու՞ չհանդուրժել անկուսակցական և «քաղաքական դիվիդենտ» կոչեցյալից զուրկ բողոքի ալիքը:

 

Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում