Էդվարդ Նալբանդյանը շարունակում է ջանքեր գործադրել խոցված ուղղաթիռի անձնակազմի ճակատագրի հարցով
Նմանատիպ
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը տարբեր ինտենսիվ շփումների մեջ է Արցախում խոցված ուղղաթիռի անձնակազմի անդամների ճակատագրի հարցով: Այդ մասին թվիթերյան իր էջում գրել է ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:
Նոյեմբերի 12-ին` ժամը 13.45-ի սահմաններում, ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցվել է ԼՂՀ ՌՕՈւ ՄԻ-24 ուղղաթիռը: Խոցման վայրը շփման գծին չափազանց մոտ է: Հակառակորդը շարունակում է տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից ինտենսիվ կրակ վարել դեպքի վայրի ուղղությամբ: Անձնակազմի հրամանատարն է եղել մայոր Սերգեյ Սահակյանը: Մյուս երկու զինծառայողներն էին լեյտենանտ Ազատ Սահակյանը եւ ավագ լեյտենանտ Սարգիս Նազարյանը: Նոյեմբերի 12-ին կատարվածի առնչությամբ ԵԱՀԿ Մինսկի խումբը հաղորդագրություն էր տարածել ու դատապարտել կատարվածը: Եվրամիությունը, դատապարտելով կատարվածը, կոչ արել միջադեպի մանրամասները պարզելու համար անհապաղ սկսել հետաքննություն եւ արդյունքները ներկայացնել միջազգային հանրությանը: Հայտարարությամբ հանդես է եկել նաեւ ԱՄՆ պետքարտուղարությունը, տարբեր երկրների արտաքին գործերի նախարարություններ:
Նոյեմբերի 18-ին ԼՂՀ ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովը պաշտոնապես կրկին դիմել է ԿԽՄԿ-ին որպեսզի քայլեր ձեռնարկեն Ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում ադրբեջանական օդուժի կողմից խոցված հայկական ուղղաթիռի անձնակազմի մասին տեղեկություն ստանալու համար: Նման դիմում ԼՂՀ ղեկավարությունը ԿԽՄԿ-ին ներկայացրել էր նաեւ նոյեմբերի 13-ին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում