Նոր մանրամասներ Արցախում տեղի ունեցած մարտերի մասին։ Ոչնչացվել է առնվազն 14 ադրբեջանցի
Նմանատիպ
Ինչպես տեղեկացրել է Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության Բանակի մամուլի ծառայությունը, 08:30-ի սահմաններում, հակառակորդի հատուկ նշանակության ջոկատի ուժեղացված խումբը հարձակում է ձեռնարկել հյուսիսային (Գյուլիստանի) ուղղությամբ տեղակայված դիրքերի վրա, որի արդյունքում հայկական կողմը 3 կորուստ է ունեցել։ Եվս 4 զինծառայող վիրավորվել են։
Times.am-ին հայտնի են դարձել միջադեպի որոշ մանրամասներ։ Ինչպես հայտնի է, իրավիճակը սահմանի այդ հատվածում վերջին երկու օրերին լարված էր։ Հակառակորդի ակտիվությունը զսպելու նպատակով ՊԲ հատուկ ստորաբաժանումները կանխարգելիչ գործողություններ են իրականացրել, մաքրելով տարածքը ադրբեջանցիներից։ Սակայն, ինչպես հետագայում պարզվել է, թշնամու հատուկ ջոկատայինների 20-25 հոգանոց խումբ թաքստոց էր մտել և այսօր վաղ առավոտյան անակընկալ հարձակվել հայկական դիրքերի վրա։ Մարտերը տևել են մոտ երկու ժամ։ Թշնամին նահանջել է այն ժամանակ, երբ նրանց դիմադրություն ցույց տվող մեր զինվորներին օգնության են եկել հետախուզական ջոկատը։ Ադրբեջանցիները սկզբից փորձել են կազմակերպված նահանջել, սակայն օգնության հասած տղաների հարվածը ստիպել է նրանց խուճապահար փախնել։ Ադրբեջանցիների խումբը բաժանվել է երկու մասին։ Առաջինը փորձել է վազքով անցնել բացատը, սակայն դա նրանց չի հաջողվել։ Հայկական դիրքերից աշխատող դիպուկահարը այդ հատվածում ոչնչացրել է 7 ադրբեջանցի զինծառայող։
Ադրբեջանցիների երկրորդ խմբի հիմնական մասը ոչնչացվել է մեր զինվորների հետ ծավալված մարտերում։ Եվս մի քանի ադրբեջանցի պայթել են ականների վրա։ Նախնական տեղեկություններով, թշնամին այդ մարտում կորցրել է առնվազն 14 զինծառայող։
Հետևեք մեզ նաև Telegram-ում