Պնդում են՝ մեղավորը նախ մարդն է, հետո «ապահովագրվում»՝ միտում չկա, որ Հակոբյան Մաքսիմինն է, ուրեմն…

Պնդում են՝ մեղավորը նախ մարդն է,  հետո «ապահովագրվում»՝ միտում չկա,  որ Հակոբյան Մաքսիմինն է, ուրեմն…

Մաքսիմ Հակոբյանին պատկանող «Գյուղարտ» ՓԲԸ-ի սպանդանոցում հայտնաբերված բրուցելոզ հիվանդության տարածման պատճառը կամ վարակի աղբյուրը դեռ պարզ  չէ: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը  հայտարարեց ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության անասնաբուժության տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանը՝ հիշեցնելով, որ Քննչական կոմիտեի կողմից հարուցվել է քրեական գործ, ինչի արդյունքում էլ կբացահայտվեն պատճառներն  ու մեղավորները: 

Հիշեցնենք, որ մարտի 14-ին  «Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպությունը ստացել էր ահազանգ այն մասին, որ մարտ ամսվա սկզբին Կապան քաղաքի թվով 6 բնակիչ տեղափոխվել են տեղի հիվանդանոց՝ բրուցելոզ հիվանդության կասկածով: Կազմակերպությունը  մտահոգություն էր հայտնել, որ  դեպքի առնչությամբ պատկան մարմինները՝ ի դեմս Առողջապահության  և Գյուղատնտեսության նախարարությունների,  լռում  են:

«Տպավորություն է, թե պատկան մարմինները ցանկանում են կոծկել դեպքը, քանզի ի տարբերություն երկրում առկա փորձի՝ հանդես չեն եկել որևէ հայտարարությամբ: Պատկան մարմինների լռությունը կարող է ունենալ երկու պատճառ: Առաջինն այն է, որ նշված սպանդանոցը պատկանում է գործարար Մաքսիմ Հակոբյանին, երկրորդ՝ 2013-ին Սյունիքի մարզում բրուցելոզ հիվանդության նկատմամբ իրականացվել են վակցինացման աշխատանքներ»,- ասվում էր կազմակերպության տարածած հաղորդագրության մեջ:

«Իրազեկ և պաշտպանված սպառող» Հ/Կ-ից  հայտարարությունից  հետո մամուլում տարածվեց նաև  ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության արձագանքը:

Ինչո՞ւ պատկան մարմինը խնդրի մասին բարձրաձայնեց  հասարակական  կազմակերպությունից  ավելի ուշ, երբ ըստ էության, իմացել է դեպքի մասին, գուցե պատճառը սպանդանոցի սեփականատիրոջ Մաքսիմ Հակոբյանի գործո՞նն է եղել: Times.am-ի հարցին ի պատասխան  ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության անասնաբուժության տեսչության պետը նկատեց. «Նույն օրն են տեղեկացված եղել և ծառայությունը, և կազմակերպությունը: Երբ առողջապահության նախարարությունից ահազանգ ենք ստացել, անմիջապես արձագանքել ենք և օրենքի սահմաններում դիմել համապատասխան գործողությունների: Իսկ այն, որ հրապարակումը եղել է ուշ, բնավ,  էական չէ»:

Միաժամանակ, ոլորտի պատասխանատուն  շեշտեց, որ թույլ է տրվել կենսաանվտանգության չափորոշիչների խախտում, եթե սա չլիներ, ապա անկախ նրանից՝ կենդանին հիվանդ է, թե ոչ, նշյալ դեպքը  չէր գրանցվի: Այսինքն՝ մորթ անողները չեն կրել ձեռնոց,  համապատասխան ակնոց, չեն պահպանվել հիգիենայի տարրական պայմանները:

Այս համատեքստում  Հովհաննես Մկրտչյանը վստահեցրեց, թե  երբ այցելել են սպանդանոց, աշխատակիցները ձեռնոցով և արտահագուստով  են եղել:

Times.amի հակադարձմանը՝  հանկարծակի այցեր կատարե՞լ եք,  ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության անասնաբուժության տեսչության պետը պատասխանեց, թե արտահանման գործընթացը պահանջում է համապատասխան տեղեկանք, ինչը նշանակում է, որ այցեր, իհարկե, եղել են:

Այստեղ  Հովհաննես Մկրտչյանը հարկ համարեց հիշեցնել, որ փաստաթղթային ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ «Գյուղարտ» ՓԲԸ-ն 2014 թվականի հունվարի 21-ից մինչև 2014 թվականի նոյեմբերի 11-ը Հայաստանի Հանրապետության վեց մարզերից և ԼՂՀ-ից համապատասխան ուղեկցող (անասնաբուժական վկայական N1) փաստաթղթերով ընդունել և սպանդի է ենթարկել թվով 24.494 գլուխ մանր եղջերավոր կենդանի: Համաձայն անասնաբուժական N1 վկայականների (ուղեկցող փաստաթուղթ)` սպանդի ընդունված կենդանիները եղել են առողջ: Փաստաթղթային նման ուսումնասիրությունը ժամանակատար գործընթաց է, և չնայած փաստաթղթերի մեծ ծավալին ու վարակի ներթափանցման ուղին մի քանի ամիս հետո հայտնաբերելու դժվարությանը, հետագծելիության սկզբունքով առանձին-առանձին ուսումնասիրվել են բոլոր ուղեկցող փաստաթղթերը:

Դիտարկմանը, թե այդ սպանդանոցը միջազգային չափանիշներին համապատասխան սպանդանոց է, ինչպես է եղել, որ հենց այդտեղ է դեպքն արձանագրվել, Հովհաննես Մկրտչյանը  պնդեց, թե միջազգային չափորոշիչներին համապատասխան լինելը դեռ չի նշանակում, որ կանխարգելվում է հիվանդ կենդանու մուտքը սպանդանոց.  «Միջազգային չափորոշիչները վերաբերում են շենքային պայմաններին, սարքավորումներին և այլն։ Իսկ ներսում աշխատող մարդիկ պարտադիր պետք է արտահագուստով լինեն, հետևեն իրենց սանիտարական պայմաններին և անվտանգությանը»,– ավելի վաղ ասված միտքը կրկնեց Մկրտչյանը՝ բացառելով կատարված գործողությունների հիմքում Մաքսիմ Հակոբյանի գործոնը:

Վերջին պնդումը կրկնեց նաև  ՀՀ ԳՆ «Անասնաբուժասանիտարիայի, սննդամթերքի անվտանգության և բուսասանիտարիայի ոլորտի ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի
տնօրեն Արմեն Ավագյանը. «Սա անձի հետ կապ չունի»:

Փոխարենն Ավագյանը Մաքսիմ Հակոբյանին պատկանող սպանդանոցում բրյուցելոզի տարածման մեղքը գցեց   աշխատակիցների վրա.

«Չի բացառվում, որ հիվանդ կենդանիներ են մորթվել սպանդանոցում, որ կենդանիները սպանդի են ենթարկվել հիգիենայի կանոնների խախտմամբ: Հարցնում եք, թե ո՞վ է մեղավորը, ես կասեմ, որ առաջինը նախ մարդն է մեղավոր: ՀՀ օրենքին համապատասխան` բրուցելոզով հիվանդ կենդանուն  կարելի է մորթել, մսեղիքը ջերմային մշակման ենթարկել: Հիվանդության վարակի տարածման համար ամեն ինչ էլ հնարավոր է:  Չմոռանանք, որ այդ մարդիկ մորթով են զբաղվում նաև իրենց տնտեսությոեւններում»:

Մեր դիտարկմանը, որ դեռ պատճառը չպարզվեց, հիվանդության սլաքն ասես միտումնավոր ուղղում եք աշխատակիցների վրա,  Ավագյանը չհամաձայեց՝ պատմելով  հիվանդության գաղտնի շրջանի մասին:

«Մեր վերլուծություններն են ցույց տվել, որ նրանք Մաքսիմ Հակոբյանի սպանդանոցի աշխատակիցներն են: Այստեղ ոչ մի բան, միտում չի եղել, որ Հակոբյան Մաքսիմինն է, ուրեմն…եթե լիներ, ապա քրեական գործ չէր հարուցվի»,-իր հերթին լրացրեց Մկրտչյանը:

Հանդիպմանը տեղեկացվեց, որ 2015 թվականի այս պահի դրությամբ ՀՀ-ում կենդանիների կարանտին, սուր վարակիչ հիվանդության դեպքեր չեն գրանցվել, արջանագրվածները  վերաբերում են միայն բրուցելոզ հիվանդությանը.

«Թվով 644 խոշոր եղջերավոր և 285 գլուխ մանր եղջերավոր անասուններ են վարակվել հիվանդությամբ: Հիվանդների քանակը կարող է նաև ավելանալ, ընթացքի մեջ են կանխարգելիչ պատվաստման աշխատանքները: Նման դեպքերը հետագայում բացառելու համար ուղեցույց է ընդունվել»,-ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության անասնաբուժության տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանը:

Հիշեցնենք, որ բրուցելոզով հիվանդացել էին Հակոբյանի սպանդանոցի 19 աշխատակից:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում