Ժամը 17:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է ընտրողների 39.17 տոկոսը. Սյունիքը դարձյալ առաջատարն է
Նմանատիպ
ՀՀ սահմանադրության փոփոխությունների հանրաքվեին ժամը 17:00-ի դրությամբ մասնակցել է 1 միլիոն 5 հազար 333 մարդ կամ ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 39.17 տոկոսը: Այս մասին լրագրողներին հայտնեց ՀՀ հանրաքվեի հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանը:
Ըստ այդմ` քվեարկության մասնակիցների թվի առումով առաջատարը շարունակում է մնալ Սյունիքի մարզը` 51.11 տոկոս, այնուհետ դարձյալ Արարատը` 50.52 տոկոս և Վայոց ձորը` 45.14 տոկոս, ինչպես ժամը 14.00-ի դրությամբ: Ամենապասիվ մարզը ևս չի փոխվել` Շիրակ, որտեղ ժամը 17.00-ի դրությամբ քվեարկել է ընտրական ռեգիստրում գրանցվածների 31.82 տոկոսը: Երևանում Սահմանադրական հանրաքվեին մասնակցել է իրավունք ունեցողների 36.10 տոկոսը:
Հավելենք, որ սահմանապահ Տավուշի մարզում քվեարկել է ընտրառեգիստրում ընդգրկվածների 39.10 տոկոսը, գրեթե նույն ցուցանիշն է Կոտայքի մարզում, սրանից իրենց արդյունքներով քիչ են տարբերվում Գեղարքունիքի և Արմավիրի մարզերը` համապատասխանաբար 40.18 և 40.20 տոկոս, Արագածոտնում` քվեարկությանը մասնակցել է 48 հազար 595 մարդ կամ 42.12 տոկոս: Լոռին իր ակտիվությամբ մոտ է Երևանին` 36.85 տոկոս: