Ա. Տեր֊Թադևոսյան. Մեր միասնությամբ լինենք արժանի մեր զինվորների թափած արյանը
Նմանատիպ
«Մենք պետք է ապրենք ոչ թե այսօրվա օրով, այլ վաղվա: Ես չգիտեմ՝ պատերազմական գործողությունները շարունակություն կունենան, թե ոչ: Ես միայն գիտեմ, որ մենք պետք է պատրաստ լինենք իրադարձությունների ցանկացած զարգացման»։ Այս մասին Ստեփանակերտում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում ասել է Արցախի հերոս, գեներալ֊մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը, ով համայն հայության ջանքերը համախմբելու իր ծրագիրն է այսօր ներկայացրել հանրությանը:
«Ամենամեծ զենքը, որ ունենք մեր համախմբվածությունն է, հայրենասիրությունն ու անձնազոհ նվիրումը: Մեզ զանգում են աշխարհի տարբեր երկրներից: Բոլորին ասում ենք, որ իրենց օգնության կարիքը դեռևս չկա: Այս ծրագրով մենք ուզում ենք, որ մարդկանց մարտադաշտ ուղարկելուց առաջ նախապատրաստենք»:
Ա. Տեր֊Թադևոսյանը հանդես է եկել աշխարհասփյուռ հայ զինվորականներին ուղղված կոչով, որը ներկայացնում ենք ստորև․
Հարգելի աշխարհասփյուռ Հայության գեներալներ և ռազմական փորձագետներ…
Այսօր Հայության առջև ծառացել են կենաց-մահու խնդիրներ: Պանթուրքիզմը փորձեց և շարունակելու է փորձել ծնկի բերել Հայ ժողովրդին, քանզի ՀՀ և Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն է հանդիսանում այդ գաղափարախոսության կյանքի կոչման հիմնական խոչնդոտներից մեկը: Իրենց յուրահատուկ վայրագությամբ և նենգությամբ, օգտագորցելով բոլոր տեսակի զինյալներին և զինատեսակները, իսլամական պետության զինյալներից սկսած մինչև սմերչեր, հարձակվեցին սահմանին կանգնած Հայ զինվորի վրա: Չնայած գործադրած բոլոր ջանքերին, Հայ զինվորը դիմագրավեց և հաղթեց, զոհվեց, բայց չընկրկեց: Նրանք իրենց կյանքը նվիրաբերեցին սուրբ գործին, որպեսզի կանգուն մնա Հայոց Աշխարհը:
Եվ հիմա, կորստի ափսոսանքի ու ոգևորության օրերին մենք պետք է լինենք արժանի Հայ զինվորին: Մենք իրավունք չունենեք թույլ տալու որպեսզի նրա գործած սխրանքը կորչի իզուր: Եվ որպեսզի լուծվեն Հայ ժողովրդի առաջ ծառացած խնդիրները և այլևս երբեք թշնամին չհանդգնի հարձակվել մեզ վրա, առավել ևս ոտք դնի մեր Սուրբ հողին, մենք պետք է լինենք միասնական:
Կոչ եմ անում. Աշխարհասփյուռ Հայ գեներալներին և ռազմական փորձագետներին հավաքվել Երևանում, Հայության առաջ ծառացած խնդիրների լուծումները և համահայկական բանակի ուղիները գտնելու նպատակով:
Մեր միասնությամբ լինենք արժանի մեր զինվորների թափած արյանը:
Արկադի Տեր-Թադևոսյան
Հետևեք մեզ նաև Telegram-ում