Ինչպես խոսել Ռուսաստանի հետ

Ինչպես խոսել Ռուսաստանի հետ

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի այցը Երևան, կարծես թե, որոշակի սպասելիքներ է առաջացրել հայ հասարակության շրջանում։ Թերթերի էջերում և սոցիալական ցանցերում բավական ակտիվ քննարկումներ կան այն մասին, թե ինչ առաջարկներ կարող է իր հետ բերել ռուսական արտաքին գերատեսչության ղեկավարը։ Շատերն անգամ հղվում են ռուսաստանյան որոշ թերթերում հնչած այն տեղեկություններին, իբր Վ. Պուտինը նոր առաջարկներ ունի հայկական և ադրբեջանական կողմերի համար։ Համընդհանուր այս աղմուկի մեջ, ցավոք, այդքան էլ լսելի չեղավ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի մամուլի խոսնակ Վլադիմիր Հակոբյանի խոսքն այն մասին, որ Լավրովի այցը «լավ առիթ կլինի Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի կողմից ագրեսիվ գործողություններին Ռուսաստանի մոտեցումները քննարկելու համար»։ Այսինքն՝ պաշտոնական Երևանը հստակ ասում է, որ Ռուսաստանից ոչ թե առաջարկներ, այլ բացատրություններ է ակնկալում։ Պարզ է, որ ադրբեջանա֊արցախյան սահմանում տեղի ունեցած վերջին զարգացումներից հետո հայկական կողմը պարզապես չէր կարող ուրիշ մոտեցում ունենալ։ Հիմա դիրքորոշումներն հստակեցնելու և նոր մարտավարություն մշակելու ժամանակն է։

Ուստի, ի՞նչ կարել սպասել Ս. Լավրովի այցից։ Ոչինչ։ Կամ՝ գրեթե ոչինչ։ Այս պահին հստակ է միայն այն, որ թե՛ Ռուսաստանը և թե՛ Հայաստանը իրավիճակը գնահատելու, ընթացիկ զարգացումների տրամաբանությունը հստակ հասկանալու անհրաժեշտություն ունեն։ Այդ իսկ պատճառով կողմերը մամուլում տարաբնույթ սցենարներ են առաջ քաշում, այնուհետև սկսում ուշադիր հետևել դիմացից եկող արձագանքներին։ Այս ամենը ոչ այլ ինչ է, քան հասարակական և քաղաքական տրամադրություններ ստուգելու փորձ։ Հետևաբար, նման հոդվածներին հենց այդպես էլ պետք է վերաբերվել՝ չգերագնահատել, բայց նաև չթերագնահատել դրանց նշանակությունը։

Որքան էլ Լավրովի այցի էմոցիոնալ ֆոնը խիտ լինի, պարզ է, որ Հայաստան֊Ռուսաստան հարաբերություններում, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումներում, վերջին հաշվով գերակայող է լինելու քաղաքական շահը։ Կապված այն հանգամանքից, թե կողմերից որը ավելի հետևողական կլինի իր շահերի պաշտպանության գործում, կարելի կլինի ասել, թե ինչ հեռանկար է սպասում հայ֊ռուսական հարաբերություններին և ընդհանրապես տարածաշրջանին։ Իհարկե, հասկանալի է, որ Ռուսաստանին որոշակի դիրքորոշում պարտադրելու համար Հայաստանի ռեսուրսը, մեղմ ասած, այդքան էլ մեծ չէ։ Բայց կան իրավիճակներ, հատկապես երբ խոսքը վերաբերվում է երկրի անվտանգության հարցերին, երբ այդ քիչ ռեսուրսն էլ բավարար է մեծ խնդիրներ լուծելու համար։ Կարծում եմ՝ հիմա Հայաստանը հենց այդպիսի օրեր է ապրում։

Կարդացեք նաև՝ Անհրաժեշտ է Ադրբեջանին նոր պատերազմի մղել

Իրականում, այն ինչ տեղի ունեցավ ադրբեջանա֊արցախյան սահմանում ապրիլի սկզբին, հայկական կողմի համար բավական հետաքրքիր հնարավորություններ և հեռանկարներ է բացել։ Գրեթե համոզված եմ, որ աշխարհում շատ քչերն էին սպասում, որ Հայոց Բանակը կարող է դիմակայել Ադրբեջանի ագրեսիային և կրկին հաղթել ապօրինածին այդ պետությանը։ Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական զարգացումներին վերաբերող բոլոր նախկին հաշվարկներն հիմնված էին այն թյուր կարծիքին, թե Ադրբեջանն ունակ է ռազմական ճանապարհով ղարաբաղյան հարցն իր օգտին լուծել։ Հետևաբար թե՛ Ռուսաստանը, թե՛ Արևմուտքը փորձում էին հանդես գալ Հայաստանի փրկչի դերում և ազդել մեր երկրի քաղաքական որոշումների վրա։ Իհարկե, հայկական կողմը պակաս մեղավոր չէ այդ իրողության համար։ Մշտապես հանդես գալով իբրև՝ Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելու փոխզիջումային տարբերակի ջատագով, մենք ինքներս ենք անվստահություն սերմանել մեր կարողությունների հանդեպ։ Արդյունքում եկել է մի պահ, երբ աշխարհաքաղաքական և հատկապես աշխարհատնտեսական խնդիրներ լուծելու համար Կրեմլում որոշել են, որ կարող են մեկ անգամ անտեսել Հայաստանի շահը։ Նույն հաջողությամբ նման որոշում կարող էր կայացվել աշխարհի ցանկացած այլ ուժային կենտրոնում՝ Վաշինգտոնում, Բրյուսելում, Անկարայում և այլն։ Բայց հիմա գործ ունենք Ռուսաստանի հետ։ Այն նույն Ռուսաստանի, որի հաշվարկները սխալ դուրս եկան և որը հիմա ստիպված է լինելու բացատրություններ տալ Երևանում։

Պաշտոնական Երևանը պարզապես պարտավոր է օգտվել այս իրավիճակից և շտկել նախկին սխալները։ Սա չի նշանակում, որ պետք է առճակատման գնալ Ռուսաստանի հետ։ Ամենևին։ Ռուսաստանը եղել է և շարունակելու է մնալ մեր դաշնակիցը։ Հատկապես Թուրքիայի հետ դիմակայության հարցերում նրա դերն անգնահատելի է։ Եվ սա չպետք է մոռանալ։ Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունները նույնքան կարևոր են նաև Հայաստանի սոցիալ֊տնտեսական զարգացման համար։ Բայց հիմա պետք է ձգտել ավելիին և Մոսկվային դաշնակից դարձնել նաև Ադրբեջանի դեմ մեր պայքարում։ Այս խնդրի լուծումը որևէ զոհողություններ չի ենթադրում։ Ոչ էլ մրցակցություն Ռուսաստանի հետ։ Ընդամենը պետք է Ադրբեջանի հետ հարաբերություններում լինել մաքսիմալ պահանջատեր։ Հրաժարվել ղարաբաղյան հակամարտության կարգավորման փոխզիջումային անիծյալ տարբերակներից, քաղաքական դաշտում ամրագրել այն հաղթանակը, որը կրկին ունեցանք ապրիլի սկզբին և վերջ։ Այսքանը։ Դրանից հետո ոչ միայն Ռուսաստանը, այլև մեր տարածաշրջանում շահ հետապնդող ցանկացած այլ գերտերություն կարող է դառնալ Հայաստանի լավագույն դաշնակիցը։ Այս է օրենքը քաղաքականության՝ դաշնակցում են միայն ուժեղի և սեփական շահը հստակ գիտակցող ու առաջ տանող կողմի հետ։ Ի դեպ, Ադրբեջանի հաշվարկը հենց այդ գաղափարի վրա է հիմնված։ Թերևս այդ է պատճառը, որ պաշտոնական Բաքուն շտապեց հրապարակել բանակցությունները վերսկսելու իր նախապայմանները։ Բնականաբար՝ պահանջում են հայկական զորքերի ամբողջական դուրսբերում Արցախից…

Հրանտ ՄԵԼԻՔ֊ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում