Եթե լինի միասնական մոտեցում, ԼՂ խնդրի լուծումը կգտնվի, բայց կոնֆլիկտները շատ երկրներ դիտարկում են իրենց ազգային շահից (տեսանյութ)
Նմանատիպ
Ադրբեջանը փորձում է ղարաբաղյան հակամարտությանը կրոնական երանգ տալ, ինչը իրականությանը չի համապատասխանում, ընդ որում՝ սա արվում է, երբ լսարանը մահմեդական է, իսկ եվրոպական լսարանի դեպքում արդեն խոսում են տարածքային ամբողջականության սկզբունքից, Հեռավոր Արևելքում բոլորովին այլ բանի մասին են խոսում: «Ալ-Մայադին» հեղինակավոր հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ նշելով, որ հայերը տիրապետում են համակեցության կանոններին, և որ գուցե Ադրբեջանն է կրոնական տարբերակումներով առաջնորդվում:
Այնուհետ ՀՀ նախագահն ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն ինքը պիտի որոշի իր վերջնական կարգավիճակը՝ մնալ անկախ պետություն, թե՞ միանալ Մայր Հայաստանին:
«Ինձ համար ամենից կարևորն այն է, որ ԼՂ բնակչության անվտանգությունն ապահոված լինի, որ նրանք հնարավորություն ունենան ապրել իրենց պատմական հայրենիքում այնքան, որքան աշխարհը գոյություն կունենա: Իսկ ԼՂ անվտանգությունը կարող է ապահովել միայն ու միայն Ադրբեջանի կազմից դուրս: Որևէ մեկի համար կասկած չկա, որ եթե ինչ-որ մի չար կատակով գոնե մեկ օր Ղարաբաղը հայտնվի Ադրբեջանի կազմում, Ղարաբաղում մի հայ չի մնա: Ամենակարևորն այն է, որ Ղարաբաղը դուրս լինի Ադրբեջանի կազմից»,– նշել է Սերժ Սարգսյանն՝ ակնարկելով, որ եթե ինքոնորոշման իրավունքն աշխարհում գերակա չլիներ, այսօր ՄԱԿ-ը բաղկացած կլիներ 50-60 պետությունից:
ՀՀ Նախագահը ևս մեկ անգամ շեշտել է, որ Լեռնային Ղարաբաղում հազարամյակներ ապրել են հայեր ու երբեք Ղարաբաղը Ադրբեջանի մաս չի եղել. «Երբ Ռուսաստանը խորհրդայնացվեց ու խորհրդայնացման գաղափարները տարածվեցին դեպի մեր տարածաշրջան, Հայաստանն անկախ երկիր էր, թեև փոքր ժամանակով, նույնը՝ Ադրբեջանը: Կուսակցական մարմնի՝ Կոմունիստական կուսակցության կովկասյան բյուրոյի որոշմամբ Ղարաբաղը բռնակցվեց Ադրբեջանին՝ չունենալով Ադրբեջանի հետ որևէ ընդհանրություն: Իմիջայլոց, այդպես վարվեցին նաև Նախիջևանի հետ: Այսօր Նախիջևանում մեկ հայ չի մնացել՝ ամբողջովին հայաթափվել է, հայկական պատմամշակութային ժառանգությունը գրեթե ամբողջովին ոչնչացվել է»: Այսինքն՝ ԼՂՀ-ն չի համակերպվել բռնակցման որոշման հետ և դուրս է եկել պայքարի:
«Եթե նույնիսկ հիմա ամբողջ աշխարհը, բոլոր հիմնական ուժերը միավորվեն ու Լեռնային Ղարաբաղի բնակչությանը համոզեն, որ պետք է ապրել Ադրբեջանի կազմում, անհնար կլինի՝ այդ մարդիկ չեն համաձայնի: Ասածս հետևյալն է՝ կարելի է ղարաբաղցիներին ոչնչացնել, բայց համոզել ապրել Ադրբեջանի կազմում, դա անհնար է: Վստահ եմ՝ եթե բանակցային գործընթացում լինի միասնական մոտեցում, խնդրի լուծման տարբերակը կգտնվի: Բայց չկա տարածաշրջանային որևէ խնդիր, որը շատ երկրների կողմից չդիտարկվի իրենց ազգային շահերի տեսանկյունից: Անկեղծ ասած, դրա դեմ պայքարելու դեղատոմսը չգիտենք, կամ արդյոք կա դրա կարիքը»,- շեշտել է նախագահը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում