Կդիմանա՞ արդյոք Րաֆֆին Նիկոլի մրցակցությանը

Եվ այսպես Րաֆֆի Հովհաննիսյան-Նիկոլ Փաշինյան դաշինքն այլևս կարելի է կայացած փաստ համարել: Ինչպես տեսնում ենք, «Ազատության» հրապարակում սկիզբ առնող նոր շարժմանը կմիանան նաև «Նախախորհրդարան» քաղաքացիական նախաձեռնության անդամները: Չի բացառվում, որ Րաֆֆիի կողքին հայտնվեն նաև այլ ուժեր (այդ թվում նաև Դաշնակցությունը), որոնց հավաքական ամբողջականությունը կապահովի շարժման բազմամարդությունը:

Այս ամենը, իհարկե, ինչ-որ չափով հիշեցնում է 2007-2008 թվականների զարգացումները: Բայց մի կարևոր բացառությամբ. այս անգամ հրապարակում չի լինի ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: Ավելին՝ երկու ճամբարների բաժանված Հայ ազգային կոնգրեսի նրա թիմակիցներն այսօր լծված են Րաֆֆի Հովհաննիսյանին ու նրա կողմնակիցներին վարկաբեկելու գործին: Նրանց այդպիսի պահվածքը շատ տրամաբանական է: Կոնգրեսը կուսակցության վերափոխող Տեր-Պետրոսյանը հասկանում է, որ Րաֆֆի-Նիկոլ դաշինքը իրեն կարող է զրկել քաղաքականության մեջ մնալու վերջին գործիքից՝ հրապարակում կանգնած քաղաքացուց: Եվ այս անգամ ոչ մի «քաղաքական վերլուծություն» նրան այլևս չի փրկի: Ըստ երևույթի, Րաֆֆի Հովհաննիսյանի պոտենցիալ նոր շարժումը վերջնականապես դուրս կմղի Տեր-Պետրոսյանին քաղաքական ասպարեզից, և սա դրական է:

Հավանական է նաև, որ Րաֆֆի-Նիկոլ դաշինքը կործանարար լինի նաև «Բարգավաճ Հայասատանի» համար: Վերջապես չպետք է մոռանալ, որ ԲՀԿ-ն այն ուժն է, որը պատասխանատու պահին հրաժարվեց իր ընտրողներին կողմնորոշելու առաքելությունից, ինչի արդյունքում վերջիններս հայացքներն ուղղեցին դեպի նոր առաջնորդը՝ Րաֆֆի Հովհաննիսյանը: ԲՀԿ-ի գործոնի հնարավոր չեզոքացումը հանգամանքների համապատասխան դասավորվածության դեպքում նույնպես կարելի է դրական երևույթ համարել:

Առաջին հայացքից պոզիտիվ հեռանկարներ խոստացող այս շարժումը, սակայն, շատ կարևոր մի խնդիր ունի լուծելու: Խոսքս առաջնորդի մասին է: Հարցը, թե ո՞վ կգլխավորի ձևավորվող շարժումը, դեռևս անպատասխան է մնում: Իհարկե, ներկայումս բոլորի ուշադրության կենտրոնում Րաֆֆի Հովհաննիսյանն է: Բայց սա կարող է խիստ ժամանակավոր լինել: «Ազատության» հրապարակում փետրվարի 19-ին տեղի ունեցած բացօդյա ասուլիսը ցույց տվեց, որ մարդիկ Րաֆֆուց կտրուկ գործողություններ են պահանջում: Քաղաքակիրթ այն լեքսիկոնը, որը կիրառում «Ժառանգության» առաջնորդը, ցավոք, հասարակության համար այդքան էլ հասկալի և ընդունելի չէ: Նրանք պահանջում են այլ մոտեցումներ և այլ մեթոդներ: Իսկ այդ «այլընտրանքը» մարդկանց կարող է առաջարկել միայն Նիկոլ Փաշինյանը, որի կողմնակիցներն էլ հենց հանդիասանում են այդ «պահանջարկի» հիմնական կերտողները: Բոլոր դեպքերում ակնհայտ է, որ Րաֆֆիի ու Նիկոլի համագործակցությունը չի կարող երկարատև լինել: Մնում է սպասել և տեսնել, թե ինչ ձև ու բովանդակություն կստանա նոր ձևավորվող շարժումը:

 

Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում