Քաղաքագետ. Հայկական կողմը լուրջ երկընտրանքի առջև է հայտնվել
Նմանատիպ
Ադրբեջանա-արցախյան սահմանում տեղի ունեցող զարգացումները շարունակում են մնալ տարածաշրջանային քաղաքական օրակարգի ամենավտանգավոր, հետևաբար նաև՝ կարևոր խնդիրների շարքում։ Հատկապես վերջին օրերի լարվածությունը հստակ ազդակ է այն մասին, որ իրավիճակն ամեն պահ կարող է պայթել՝ դառնալով լայնամաշտաբ պատերազմի վերսկսման պատճառ։ Այս մասին Politics.am-ի հետ զրույցում ասել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։
«Մեծ հաշվով այն, ինչ տեղի է ունենում Արցախի և Ադրբեջանի սահմանում, ոչ այլ ինչ է, քան իրական պատերազմի նախապատրաստություն։ Ընդ որում, ադրբեջանական կողմը չի էլ թաքցնում, որ պատերազմը՝ որպես հարցի լուծման միջոց, իր համար ընկալելի և ընդունելի գործիք է։ Ավելին՝ նաև նախընտրելի։ Հետևաբար Ադրբեջանի ախորժակը զսպելու համար Արցախի և Հայաստանի իշխանություններին մնում է երկու տարբերակ՝ կա՛մ ակտիվ ռազմական կանխարգելիչ գործողություններ, կամ դիվանագիտական ճնշման և պահանջատիրության մեծացում։ Երկուսն էլ գործուն մեխանիզմներ են և կարող են Հայաստանի ու Արցախի համար անվտանգության խնդիր լուծել։ Ընտրության խնդիր է, որը պետք է շուտ լուծվի», – ասել է Մելիք-Շահնազարյանը։
Փորձագետը նշում է, որ այս առնչությամբ Երևանում և Ստեփանակերտում քաղաքական որոշում, կարծես, դեռ չկա։ Բայց նման որոշում կայացնելու անհրաժեշտությունից հնարավոր չի լինի խուսափել։ Որքան էլ բարդ և մեծ պատասխանատվություն ենթադրող որոշում լինի, այն պետք է կայացվի և կյանքի կոչվի, վստահ է քաղաքագետը։
«Իհարկե, հնարավոր է նաև (անգամ ցանկալի) երկու վերոնշյալ սցենարների համադրություն։ Ավելին՝ դա պետք է արվի։ Բայց համադրությունը չի նշանակում կիսապատերազմ կամ կիսադիվանագիտություն։ Ցավոք սրտի, դա այն է, ինչն ունենք այսօր և ինչը չի աշխատում։ Ռազմական կամ դիվանագիտական ճանապարհով Ադրբեջանին զսպելու տարբերակների համադրությունը պետք է անզիջում պայքար ենթադրի թե՛ առաջին և թե՛ երկրորդ ճակատներում։ Սա, իհարկե, ավելի բարդ իրականացվող քաղաքականություն է, բայց արդյունքներն էլ անհամեմատ ավելի լավը կարող են լինել։ Հետևաբար, գործել է պետք և վերջապես կողմնորոշվել, թե ինչպես ենք ուզում լուծել Ադրբեջանի հետ ունեցած մեր խնդիրը», ֊ ասել է Հրանտ Մելիք-Շահնազարյանը։
Սակայն, ըստ փորձագետի, նման որոշում կայացնելու համար անհրաժեշտ է մի քանի բան հասկանալ և ունենալ անկյունաքարային մի շարք կարևոր հարցերի պատասխաններ։
«Նախ, ցանկանու՞մ է արդյոք Ադրբեջանը խնդրի խաղաղ կարգավորում։ Կա՞ արդյոք հարցը քաղաքական ճանապարհով լուծելու հնարավորություն։ Ովքե՞ր են նպաստում և ովքեր խոչնդոտում տարածաշրջանում խաղաղություն հաստատելու գործընթացին։ Ի՞նչ հնարավորություններ ունեն հակամարտող կողմերը։ Ինչպե՞ս կարող են միջազգային միջնոդներն ու հանրությունը ազդել Ադրբեջանի, Արցախի և Հայաստանի որոշումների վրա։ Ինչպիսի՞նն է ուժերի իրական համադրությունը տարածաշրջանում։ Ի՞նչ կարելի է սպասել ռազմական սցենարի կյանքի կոչումից և ինչ՝ դիվանագիտականից։ Ահա այս և նմանատիպ բազում հարցեր հստակ պատասխանների կարիք ունեն։ Ոչ թե դիվանագիտական գնահատականներ, կամ քարոզչական, պաթոսային հայտարարություններ, այլ ճշմարիտ ու հիմնավորված պատասխաններ, այն էլ՝ իրական ժամանակում։ Անհրաժեշտ է կենտրոնացնել հայկական գիտական և մտավոր ողջ պոտենցիալն ու հասնել նրան, որպեսզի հնարավորինս շատ մարդիկ սկսեն զբաղվել լուծումներ որոնելու գործով։ Դա կարող է արդարացված լինել, հատկապես եթե հաշվի առնենք, որ բանակցային գործընթաց, ըստ էության, վաղուց այլևս չկա, իսկ քաղաքական իրավիճակը տարածաշրջանում կարող է հեշտ փոփոխվել», – վստահ է Հրանտ Մելիք-Շահնազարյանը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում