«Toyota Mirai»-ն, ապագայի էներգիան ու փոքր երկրի մեծ նորարարը
Նմանատիպ
Կենսաջրածին. թափոններից արտադրվող էներգիան
Գիտնականին տարիքով գնահատելու Հայաստանում ձևավորված կարծրատիպը կոտրել են Կարեն Թռչունյանն ու իր նմանները: Կարենը դա արել է փաստերով ու հիմնավորումներով` ինչպես գիտության մեջ է անում: 27 տարեկանում հասնելով դոկտորի գիտական աստիճանի և ձեռք բերելով հարուստ գիտափորձ արտասահմանյան առաջատար լաբորատորիաներում` վստահ է. «Մեզ մոտ մտածելակերպը պետք է փոխվի: Պետք է լինել նախաձեռնող, նորարար, չպետք է սպասել, որ կբերեն ու քեզ գումար կտան, այլ աշխատել ու հիմնավորել, որ պետք է ներդրում արվի»:
21-րդ դարի հիմնական մարտահրավերներին` էներգետիկ խնդրին ու ինֆեկցիոն հիվանդություններին դիմակայելու են կենսաբանները` մասնավորապես մանրէաբանները. Կարենը սա ոչ միայն ասում է, այլև` փորձում փաստել: Երիտասարդ գիտնականն ուսումնասիրում է, թե ինչից և ինչ պայմաններում կարելի է արտադրել կենսաջրածին, որը, որպես այլընտրանքային էներգիայի աղբյուր, ոչ հեռու ապագայում կսկսի լայնորեն կիրառվել ամբողջ աշխարհում: Կենսաբանական ճանապարհով մեծ ծավալով կենսաջրածնի ստացման հստակ տեխնոլոգիա ու փորձ դեռևս չկա ոչ մի երկրում: Սակայն նավթի և գազի պաշարների նվազմանը զուգահեռ, դրա անհրաժեշտությունը մեծանում է:
Որպես էներգիայի այլընտրանքային աղբյուր` կենսաջրածինն ունի մի շարք առավելություններ. նախ` այն վերականգնվող էներգիա է, երկրորդ` էկոլոգիապես մաքուր է՝ այրելիս անջատվում է միայն ջուր, երրորդ` ունի բարձր արդյունավետություն, չորրորդ` ավելի մատչելի է, և, որ շատ կարևոր է, կարող է լուծել էներգետիկ անվտանգության խնդիրը: «Մեր նպատակը կենսաջրածնի արտադրման համընդհանուր կիրառելի տեխնոլոգիա մշակելն է: Դրա համար էլ փորձում ենք կենսաջրածին ստանալ այնպիսի օրգանական թափոններից, որոնք առկա են գրեթե բոլոր երկրներում` ալկոհոլի, կաթնամթերքի, գարեջրի և այլն: Բացի տեխնոլոգիա մշակելուց, պետք է աշխատենք նաև նոր տեսակի մանրէների անջատման ուղղությամբ: Մտածում ենք` գո՞ւցե կարողանանք այլ մանրէներ անջատել, որոնք ավելի շատ կենսաջրածին կկարողանան արտադրել: Այսօր արդեն ունենք տարբեր մանրէներ, որոնց համար հստակ մշակվել և կատարելագործվել են տարբեր տեխնոլոգիական պայմաններ` բարձրացնելու կենսաջրածնի արտադրությունը խմորման պայմաններում, որպես օրինակ` Հայաստանի հանքային ջրերի աղբյուրներից անջատված մանրէները»,-ասում է երիտասարդ գիտնականը:
Փոքր քայլերով` դեպի կենսավառելիք
Մոտավոր հաշվարկներով` 2050թ. աշխարհի բնակչության էներգետիկ կարիքները մոտ 3 անգամ ավելանալու են, և էներգիայի եղած պաշարներով` մասնավորապես` նավթով և գազով, հնարավոր չի լինի բավարարել մարդկության պահանջները: Դրա համար ի հայտ են եկել այլընտրանքային էներգիայի աղբյուրները: Կարեն Թռչունյանը վստահեցնում է` պետք է զարգացնել էներգիայի բոլոր այլընտրանքային աղբյուրները, որպեսզի յուրաքանչյուրն օգտագործվի ըստ նպատակահարմարության: Պատկերացնելու համար, թե որքան ձեռնտու կլինի կենսավառելիքի` մասնավորապես կենսաջրածնի օգտագործումը, երիտասարդ գիտնականը համեմատություն է բերում: «Մեկ լիտր ջրածնի այրումից 3-4 անգամ ավելի շատ էներգիա է անջատվում, քան նույն քանակով նավթի կամ գազի այրումից: Ըստ այդմ` մենք առաջարկում ենք, որ այն գումարները, որոնք ծախսվում են թափոններից ազատվելու համար, ներդրվեն նոր տեխնոլոգիաների կիրառման ուղղությամբ և վերածվեն էներգիայի: Արդյունքում կունենանք էժան վառելիք` կենսավառելիք, և միաժամանակ կազատվենք թափոններից: Հասկանո՞ւմ եք պետք է կարողանաս էժան տեխնոլոգիա մշակել, որ քո արտադրանքն իրացվի: Կենսավառելիքը բացի էժան լինելուց, ինչպես արդեն նշեցինք, նաև էկոլոգիական խնդիր է լուծելու, քանի որ այրելիս միայն ջուր է անջատվում: Դա շատ կարևոր խնդիր է` գլոբալ առումով, բայց պարզից էլ պարզ է, որ մարդ, նախ և առաջ, մտածում է իր գրպանի մասին: Այնպես որ, աշխարհում աստիճանաբար կարևորվող կենսավառելիքի արտադրությունը մասսայական դառնալու միտում ունի: Ներկայումս Եվրոպայում արևմուտքը արևելքի, հյուսիսը հարավի հետ կապող մայրուղիներ են կառուցվում, որտեղ ջրածնային լցակայաններ են լինելու: Եթե Հայաստանը կարողանա ընդգրկվել այդ ցանցում, ապա տեխնոլոգիական զարգացման նոր մակարդակի կհասնենք»:
Եվրոպական տարբեր երկրներում աշխատած ու նրանց փորձն ուսումնասիրած, միջազգային բազմաթիվ գիտաժողովների մասնակցած երիտասարդ գիտնականը չի ժխտում` նորարարության վրա ծախսված գումարն անմիջապես հետ չի գալիս, բայց վստահ է` ինչ-որ բան ունենալու համար պետք է ներդրում անես և որոշ ժամանակ սպասես, որ հետ ստանաս ներդրումդ: Մեր զրուցակցի տեղեկություններով` մինչև 2020թ. ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում նախատեսվում է կառուցել 250 ջրածնային լցակայան: ԵՄ մի շարք երկրներում արդեն իսկ կան նման կայաններ, բայց առաջատարը շարունակում է մնալ Գերմանիան` 45 կայանով. «2014թ. արտադրվող ճապոնական «Toyota Mirai» առաջին մասսայական ավտոմեքենաներն են, որոնք աշխատում են ջրածնով: Բացի Ճապոնիայից, այս մեքենաներն արդեն պահանջարկ ունեն նաև Կալիֆոռնիայում: Հետևաբար մեծանում է ջրածնային լցակայանների կառուցման անհրաժեշտությունը: 2016թ. Սարագոսայում (Իսպանիա) կայացած Ջրածնային էներգիայի 21-րդ համաշխարհային կոնգրեսին, որտեղ բանավոր ելույթ ունեցա, փորձնական ջրածնային լցակայաններ էին ներկայացված, որոնք արդեն տեղադրված էին և աշխատում էին Ճապոնիայում ու Գերմանիայում: Մեկ կայանը, միջին հաշվարկներով, պահանջում է 2-4 մլն ԱՄՆ դոլարի ներդրում, որը, կարծում եմ, մեծ գումար չի»:
Բայց նախքան ջրածնային լցակայաններ կառուցելը պետք է կարողանալ կենսաբանական ճանապարհով մեծածավալ ջրածնի արտադրություն ապահովել, ինչը հեշտ չէ: Ըստ Կարեն Թռչունյանի` նախ պետք է ստանալ լաբորատոր պրոտոտիպ, որից հետո արդյունաբերական մեծ ծավալների մասին մտածել, իսկ դրա համար` արտասահմանում, թե Հայաստանում, հատուկ պայմաններ են պետք. «Ֆրանսիայի Ազգային գյուղատնտեսական հետազոտությունների ինստիտուտի շրջակա միջավայրի կենսատեխնոլոգիայի հետազոտական լաբորատորիայում, որտեղ կա արդյունաբերական փորձարկման համար մեծ ծավալի (400 լիտր) միակ կենսաջրածնային ֆերմենտացիոն կայանը, փորձում ենք տեսնել` ի՞նչ ձևով լաբորատոր պրոտոտիպից անցնենք բետա` արտադրական պրոտոտիպի: Եթե ամեն ինչ հաջող ընթանա, կնշանակի, որ տեխնոլոգիան պատրաստ է»:
Նպատակը` կրճատել «ուղեղների» արտահոսքը
Կարենը չի պատկերացնում, որ միայն Հայաստանում աշխատելով կհասներ նրան, ինչի հասել է: Նրա խորին համոզմամբ` գիտության մեջ համատեղ աշխատանք պետք է լինի. «Եթե համագործակցում ես արտասահմանյան գործընկերների հետ և համատեղ հոդվածներ տպագրում հեղինակավոր ամսագրերում, դա մեծ հեղինակություն է բերում երկրին և այն խմբին, որում աշխատում ես, ինչպես նաև ճանաչելի է դարձնում Հայաստանը և այդ ուղղությամբ աշխատող գիտնականին` աշխարհում»: ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իսպանիայի, Նիդեռլանդերի, Շվեդիայի, Իտալիայի և այլ երկրների բուհերում ելույթների և լաբորատորիաներում աշխատելու ընթացքում երիտասարդ գիտնականը անվանի պրոֆեսորներից շատ է լսել` փողը`մեզնից, ուղեղը` ձեզնից:
Պետք է նշել, որ երիտասարդների արտահոսքը մասամբ նվազեցնելու ուղղությամբ վերջին տարիներին ձեռնարկվել են և շարունակում են իրագործվել տարբեր ծրագրեր. ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի կողմից ասպիրանտների աջակցության և երիտասարդ գիտնականների աջակցության թեմատիկ ֆինանսավորման, ինչպես նաև Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի կողմից երիտասարդ գիտնականներին միջազգային գիտաժողովներին մասնակցության և ազդեցության գործակից ունեցող պարբերականներում տպագրվելու համար գումարներ են տրամադրվում։ Ահա թե ինչու մեր զրուցակիցը պատահական չի համարում այն, որարտասահմանյան հեղինակավոր գիտական ամսագրերում շատացել են հայ գիտնականների հոդվածների վրա հղումները:
Նորարարական գիտական աշխարհում Հայաստանի տեղն ամրագրելու գործում իր ներդրումն ունեցած Կարեն Թռչունյանի ջանքերով ԵՊՀ-ում շուտով հնարավոր կլինի կյանքի կոչել կենսաբանների նորարար գաղափարները: Կրթության բարելավման ծրագրով ԵՊՀ–ն ընթացիկ տարվա վերջին կունենա մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն, որը ուսանողներին և երիտասարդ մասնագետներին հնարավորություն կտա տեղում իրագործելու գաղափարները` լաբորատոր պրոտոտիպի մակարդակով: Երիտասարդ կենսաբանի խոսքով` դա առավելագույնն է, որ հնարավոր է անել գիտակրթական հաստատությունում: Մնում է` գումար լինի, որ կարողանան պահպանել ժամանակակից սարքավորումները, որոնցով հագեցած է կենտրոնը, և պատրաստել համապատասխան բարձրորակ կադրեր, որովհետև, ինչպես Կարեն Թռչունյանն է սիրում ասել. «Ցանկացած ոլորտի զարգացում ապահովում են անհատները: Միայն գումարով կամ սարքավորումներով գիտությունը չի կարող զարգանալ»:
Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ
Հետևեք մեզ նաև Telegram-ում