Գերմանիայում բացվել է ալիևների ընտանիքի հերթական կոռուպցիոն գործը. Süddeutsche Zeitung

Գերմանական հեղինակավոր Զյուդդոյչե Ցայտունգ (Süddeutsche Zeitung) օրաթերթում սեպտեմբերի 19-ին լույս է տեսել «Ադրբեջանի կապը ՔԴՄ կուսակցության պատգամավորի հետ» վերնագրով հոդված: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, հոդվածում, մասնավորապես, նվում է, որ Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության անդամ, Բունդեսթագի պատգամավոր Կարին Շտրենցը գումար է ստացել ինչ-որ ընկերությունից, որն ակնհայտորեն վճարովի լոբբիստական գործունեության է մատուցել Ադրբեջանի իշխանություններին:

Այդ ընկերությունը պատկանում է Քրիստոնեասոցիալական կուսակցությունից նախկին պատգամավոր, քաղաքական գործիչ Էդուարդ Լինթներին, ով 2009թ. ի վեր իր կողմից հիմնադրված «Գերմանա-ադրբեջանական հարաբերությունների խթանման ընկերություն»-ով հանդես է գալիս որպես Ադրբեջանի լոբբիստ:

Կարին Շտրենցը 2009թ.-ից ԳԴՀ Բունդեսթագի պատգամավոր է: Նա արդեն վաղուց համարվում է Ադրբեջանի ակնհայտ լոբբիստն ու աջակիցը: Նրա համացանցային կայքի գլխավոր էջում նրա լուսանկարն է նախագահ Իլհամ Ալիևի հետ:

Մի քանի օրից տեղի կունենան ԳԴՀ Բունդեսթագի ընտրությունները և Կարին Շտրենցը հույս ունի երրորդ անգամ զբաղեցնել պատգամավորի պաշտոնը:

Իր պատգամավորական կայքէջում Կարին Շտենցը նշել է, որ Line M-Trade անվամբ ինչ-որ ֆիրմայից ինչպես 2014թ., այնպես էլ՝ 2015թ. հունվարին, նա համապատասխանաբար 7500 և 15000 եվրո գումար է ստացել` լրացուցիչ աշխատանք կատարելու դիմաց: ԳԴՀ-ում գրանցված ընկերությունների պաշտոնական ռեգիստրի համաձայն` վերոնշյալ ֆիրման նույնպես պատկանում է Էդուարդ Լինթներին:

«Զյուդդոյչե Ցայտունգ» օրաթերթի տեղեկատվությամբ՝ շուրջ երկու տարի Լինթներն ավելի քան 800 000 եվրո է ստացել երեք կասկածելի ընկերություններից, որոնք օգտագործվում էին Ալիևի իշխող ընտանիքի կողմից:

2014թ. Կարին Շտրենցը «Գերմանա-ադրբեջանական հարաբերությունների խթանման ընկերություն» ֆիրմայի ինչ-որ աշխատակցի հետ միասին հիմնել է իր սեփական ֆիրման` Extnet ՍՊԸ-ն` հանդես գալով որպես գործադիր տնօրեն և բաժնետեր, սակայն Բունդեսթագի իր պաշտոնական կայքէջում այդ մասին ոչ մի տեղեկություն զետեղված չէ: Հիմնադրումից մի քանի ամիս հետո Շտրենցը ընկերության տնօրինությունը և իր բաժնեմասը փոխանցել է իր ամուսնուն` Կուռթ Շտրենցին: Ամեն ինչ հասկանալի է:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում