Հրանտ Դինքի սպանության գործի նոր հետաքննությունը կսկսվի զրոյից
Նմանատիպ
Թուրքիայում ամբողջությամբ վերանայվում է Ստամբուլի «Ակոս» թերթի հայազգի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության գործը:
Հրանտ Դինքի սպանության գործի նոր հետաքննությունը կսկսվի զրոյից: Ինչպես գրում է «Ակոս» թերթը, Ստամբուլի Շիշլի շրջանի նոր դատախազ Մուամեր Ակաշը խնդրել է ևս մեկ անգամ հարցաքննել առանցքային վկաներին:
Ակաշը, որը եղել է «Էրգենեկոնի» գործով դատախազներից մեկը, որոշել է ընդլայնել Դինքի սպանության գործի հետաքննությունը: Տասը նոր վկաներ, այդ թվում ոստիկանության ու ժանդարմերիայի աշխատակիցներ են վերջերս ցուցմունք տվել:
Դատախազությունը նաև վերլուծել է սպանությունը գործած Օգյուն Սամասթի և սպանությունը հրահրելու համար դատապարտված Յասին Հայալի ցուցմունքները: Հարցաքննությունների արդյունքում հայտնաբերվել են մի շարք անհամապատասխանություններ:
Նոր ցուցմունքներ են տվել նաև Էրսին Յոլջուն ու Ահմեդ Իսկենդերը, որոնք դատապարտվել են սպանությանը մեղսակից լինելու համար, ինչպես նաև Էրհան Թունջելը, որին դատարանը արդարացրել է:
Հետևեք մեզ նաև Telegram-ում