«ՎիվաՍել-ՄՏՍ». Orange-ի գովազդում ներկայացված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը

Օրերս «Օրանժ Արմենիա» ընկերությունը շրջանառության մեջ է դրել գովազդ, որում նա պնդում է, որ նա առաջինն է, որ ճանաչել է իր բաժանորդին անունով, այլ ոչ թե համարով:

Times.am-ը «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության հասարակության հետ կապերի բաժնից հարցրեց, թե արդյոք մինչև Orange-ի շուկա մուտք գործելը իրենց ընկերությունը բաժանորդներին առաջարկո՞ւմ էր անհատականացված ծառայություններ: Ճի՞շտ է արդյոք Օրանժի այն պնդումը, որ նրանք առաջինն են առաջարկել նման ծառայություններ»: Ի պատասխան մեր հարցմանը, «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը ներկայացրեց իր պաշտոնական դիրքորոշումը, որը ներկայացնում ենք ամբողջությամբ.

««Օրանժ Արմենիա» ընկերության գովազդում ներկայացված տեղեկատվությունը, մեղմ ասած, չի համապատասխանում իրականությանը:

Դեռևս 2007թ-ին, այսինքն «Օրանժ Արմենիա» ընկերության շուկա մուտք գործելուց շուրջ երկու տարի առաջ, իրավական ակտերով ամրագրվել էր բջջային կապի անվանական բաժանորդագրությունների պահանջը: Այդուհանդերձ, մեր կարծիքով, պայմանագրային կողմի անձնագրային տվյալները ճանաչելը բավարար չէ մատուցվող ծառայությունն անհատականացված համարելու համար: Ծառայությունն անհատականացված կարող է համարվել միայն այն դեպքում, երբ այն համապատասխանում է սպառողի կարիքներին:

«ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերությունը միշտ՝ իր գործունեության առաջին իսկ օրվանից, առաջնային է համարել բաժանորդի կարիքների գնահատումը և դրանց բավարարումը:

Շատերը կհիշեն, որ իր գործունեության առաջին տարիներին, առաջարկելով անվանական հետվճարային բաժանորդագրություն, «ՎիվաՍել»-ն առաջարկում էր նաև կանխավճարային բաժանորդագրություն, որի համար չէր պահանջում բաժանորդի անձնագրի պատճենը: Հենց այդ մոտեցումն էր պահանջում բաժանորդը, և մենք հպարտ ենք, որ արձագանքելով բաժանորդի պահանջին, կարողացանք հեղաշրջել ոլորտը և բջջային կապի ծառայությունները մատչելի դարձնել յուրաքանչուրի համար, անգամ հեռավոր գյուղերում, որտեղ անձնագրերի պատճենահանումը տեխնիկապես անհնարին էր:

Հետագայում ևս «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը միշտ ձգտել է լինել առաջատարն այս ոլորտում: Կարծում ենք, ավելորդ է հիշեցնել այն բոլոր նորամուծությունները, որոնք մենք ներկայացրել ենք տարիների ընթացքում: Ծննդյան շնորհավորանքները, հավատարմության ծրագրերը, անսահմանափակ սակագնային պլանները և բազում այլ ծառայություններ «ՎիվաՍել-ՄՏՍե-ն իր բաժանորդներին սկսել է առաջարկել նախքան «Օրանժ Արմենիա»-ն սկսեց իր գործունեությունը կամ սկսեց առաջարկել նման ծառայություններ:

«ՎիվաՍել-ՄՏՍ»-ն անթույլատրելի է համարում խեղաթյուրված տեղեկատվության տարածումը, սակայն չի պատրաստվում հայցել պետական մարմինների միջամտությունը: Վստահ ենք, որ բաժանորդները հրաշալի հիշում են յուրաքանչյուր օպերատորի առաջարկները և կարող են կատարել ինքնուրույն եզրակացություն՝ «Օրանժ Արմենիա» ընկերության կողմից տարածվող սխալ տեղեկատվությունը տարբերելով շիտակ իրականությունից»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում