Հայաստանի դասը ՀԱՊԿ-ին և Ռուսաստանին

Հայաստանի դասը ՀԱՊԿ-ին և Ռուսաստանին

ՀԱՊԿ-ի գագաթնաժողովում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի կոշտ ելույթը տարաբնույթ մեկնաբանությունների առիթ է դարձել, որակվել անգամ սկանդալային և աննախադեպ: Կարծես Հայաստանը դեմարշ է սկսել ՀԱՊԿ-ի դեմ, ապտակում է այդ ռազմաքաղաքական դաշինքի անդամներին իրենց ոչ դաշնակցային պահվածքի համար: Սակայն պետք է փաստել, որ Սերժ Սարգսյանի հայտարարությունը նորություն չէ: Պարզապես այս անգամ Հայաստանի նախագահը խտացրել է շեշտադրումները, քանի որ վերջին տարիներին անվտանգության խնդիրն ավելի է սրվել թե՛ մեր տարածաշրջանում, թե՛ ընդհանրապես:

Փոխվել է իրավիճակը: Սիրիական խնդրի պատճառով Ռուսաստանն ու Թուրքիան առճակատվել են: Դրան զուգահեռ ավելի սանձարձակ է դարձել Ադրբեջանը: Եվ ահա այս ավելի լարված իրավիճակում Սերժ Սարգսյանը ևս մեկ անգամ, ավելի բաց տեքստով արձանագրել է այն, ինչ հայտնի է վաղուց, ինչի մասին նա խոսել է դեռ երկու տարի առաջ: Հիշեցնեմ, որ 2013թ. սեպտեմբերին Սոչիում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովի ընթացքում Սերժ Սարգսյանն իր դժգոհությունն էր հայտնել ՀԱՊԿ անդամ պետություններին Արցախի հարցում նրանց ոչ դաշնակցային պահվածքի համար, երբ ոչ միայն չեն արձագանքում Հայաստանի դեմ Ադրբեջանի հարձակումներին, այլև աջակցում են Բաքվին, տարբեր կառույցներում իրենց ստորագրությունը դնում Հայաստանի դեմ ընդունվող որոշումների տակ:

Ւհարկե, խոսքը միջինասիական պետությունների` Ղազախստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի մասին էր: Բայց այս անգամ Հայաստանի նախագահի խոսքը միայն այդ երկրներին չէ, որ հասցեագրված է: Անշուշտ, հիշում ենք, թե ինչպես Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության ժամանակ խոսեց այն մասին, որ Հայաստանը առանց Արցախի պետք է անդամակցի այդ միությանը: Հիշում ենք նաև, թե ինչպես է Ռուսաստանը զինում Ադրբեջանին, հռչակում «ռազմավարական գործընկեր»: Գիտենք նաև, որ Բելառուսի նախագահ Լուկաշենկոն բավական ջերմ հարաբերություններ է հաստատել Ալիևի հետ:

Եվ ահա հասունացել էր պահը, որ Հայաստանի ղեկավարն իր դիրքորոշումը հայտնի ստեղծված իրավիճակի վերաբերյալ, ասի դաշնակիցներին, ամենից առաջ` Ռուսաստանին, որ հասկանում ենք, Ադրբեջանի հետ կապված յուրաքանչյուրդ ունեք շահեր, սակայն եթե այդ շահերը պետք է հետապնդեք` ի հաշիվ Հայաստանի շահերի, ապա մենք դա անընդունելի ենք համարում: Դա արմատապես հակասում է ռազմաքաղաքական ցանկացած դաշինքի ոգուն, էությանն ու նպատակին:

Սերժ Սարգսյանը, խոսելով Ադրբեջանի կողմից հակամարտությունը սրելու մասին, մասնավորապես նշել է, որ Ադրբեջանի զինված ուժերը, կրակելով Հայաստանի ուղղությամբ, կրակում են Աստանայի, Դուշանբեի, Բիշկեկի, Մոսկվայի և Մինսկի ուղղությամբ: Նա նույնիսկ համեմատություն է անցկացրել ՆԱՏՕ-ի հետ` ընդգծելով, թե ինչպես են ՆԱՏՕ-ի անդամներն անվերապահ աջակցություն հայտնել Թուրքիային ռուսական ինքնաթիռը կործանելու հետ կապված:

Ըստ էության, պետք է արձանագրել հետևյալ իրողությունը. ՀԱՊԿ-ը լիարժեք ռազմաքաղաքական դաշինք չէ, որի բոլոր անդամներն ունեն ընդհանուր շահեր և միմյանց անվերապահ աջակցություն են ցուցաբերում: Ավելին, ՀԱՊԿ-ի անդամ պետություններն ունեն տարբեր քաղաքակրթական ինքնանույնականացում: Եթե, օրինակ, ՆԱՏՕ-ի պարագայում անդամ պետություններն ունեն ընդհանուր եվրոպական քաղաքակրթական ինքնանույնականացում, ժողովրդավարական համակարգի պաշտպանի դերում են հանդես գալիս, ապա նույնը չի կարելի ասել ՀԱՊԿ-ի պարագայում: ՀԱՊԿ-ի անդամներին միավորում է սոսկ խորհրդային անցյալն ու Ռուսաստանը:

ՀԱՊԿ-ը յուրաքանչյուր անդամ պետության դաշինքն է Ռուսաստանի, այլ ոչ թե միմյանց հետ: ՀԱՊԿ-ը Ռուսաստանի հետ սերտ ռազմաքաղաքական հարաբերություններ ունեցող երկրների ակումբ է, որտեղ բոլորը ընդհանուր շահեր ունեն միայն Ռուսաստանի հետ: Օրինակ, Հայաստանն ի՞նչ ընդհանուր անվտանգության շահ կարող է ունենալ Ղազախստանի, Ղրղզստանի կամ Տաջիկստանի հետ: Շատ մասնակի շահեր, որոնք գուցե այսօր վերաբերեն ավելի շատ միջազգային ահաբեկչության դեմ պայքարին:

Մնացած հարցերում մենք ոչ միայն ընդհանուր շահեր չունենք, այլև ունենք հակադիր շահեր: Թյուրքալեզու այդ պետությունների շահերը ընդհանուր են Թուրքիայի և Ադրբեջանի շահերի հետ: Եթե մի օր, ենթադրենք, Ղազախստանը պատերազմի Թուրքմենստանի դեմ, կամ Տաջիկստանը` Աֆղանստանի դեմ, մեր ինչի՞ն է պետք խառնվել այդ կռվին, ո՞րն է լինելու մեր շահը: Նմանապես միջինասիական այդ երկրները որևէ շահ չեն տեսնում Հայաստանին աջակցել Ադրբեջանի և Թուրքիային դեմ, որոնց համարում են «եղբայրական» պետություններ:

Եթե մի պահ պատկերացնենք, որ Ռուսաստանը չի անդամակցում ՀԱՊԿ-ին, ապա մի՞թե Հայաստանը մնացածների կամ նրանցից որևէ մեկի հետ կլինի դաշինքի մեջ: Իհարկե, ոչ: Հետևաբար ՀԱՊԿ ասելիս ավելին չենք էլ կարող պատկերացնել, քան սոսկ Ռուսաստանի հետ դաշինք: Իրավիճակը նույնն է նաև ՀԱՊԿ-ի մյուս երկրների համար: Այս բոլորին միավորում է միայն Ռուսաստանը: Եվ ահա հենց այդ գործոնն է, որ այսօր խնդիրներ է ստեղծել ՀԱՊԿ-ի ներսում: Ստացվում է, որ մի կողմից Ռուսաստանը անվերապահ չի աջակցում իր դաշնակիցներին, հաճախ ինքնուրույն որոշումներ է կայացնում` դաշնակիցներին դնելով անհարմար դրության մեջ (օրինակ Ուկրաինայի պարագայում), մյուս կողմից` մյուսներն այնքան էլ չեն աջակցում Ռուսաստանին:

Թուրքիայի հետ Ռուսաստանի հակամարտության հարցում թերևս միայն Հայաստանն ապացուցեց, որ Ռուսաստանի համար իրական դաշնակից է: Կարելի է ասել, որ Հայաստանը Ռուսաստանի միակ դաշնակիցն է ոչ միայն Հարավային Կովկասում, այլև ամբողջ հետխորհրդային տարածքում: Հայաստանն իր աջակցությունն է հայտնել Ռուսաստանին գրեթե բոլոր հարցերում` սկսած Ուկրաինայից, վերջացրած Թուրքիայով: Թերևս միայն Աբխազիայի և Հարավային Օսիայի խնդրում է Հայաստանը զուսպ գտնվել: Իսկ դա էլ ունի իր բացատրությունը: Եթե Ռուսաստանը ճանաչեր Արցախի անկախությունը, Հայաստանը նույն վայրկյանին կճանաչեր Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը:

Իսկ ահա ՀԱՊԿ-ի մնացած երկրները Ռուսաստանին չեն աջակցել ոչ Ուկրաինայի, ոչ Վրաստանի, ոչ էլ առավել ևս Թուրքիայի հարցում: Այս առումով Հայաստանն իրավունք ունի և պարտավոր է հայտնել իր վրդովմունքը, երբ անտեսվում են իր շահերը Ադրբեջանի հետ կապված: Լինելով հավատարիմ իր դաշնակցային պարտավորություններին` Հայաստանն իրավունք ունի Ռուսաստանին հիշեցնել սեփական պարտավորությունների մասին և ընդգծել, որ ահա, տես, ովքեր են իրական դաշնակիցներդ: Իհարկե, Ռուսաստանին դժվար է ինչ-որ բան պարտադրել, բայց հասկացնել կարելի է: Ահա թե որն էր Հայաստանի նախագահի հայտարարությունների գլխավոր իմաստը:

Ռուսաստանում երբեմն իրենց կայսերական բարձունքից այսպես են մտածում Հայաստանի մասին` «Куда вы денетесь без России?», որ առանց Ռուսաստանի օգնության թուրքերը հայերիս կուլ կտան: Բայց եթե ստացվում է, որ Ռուսաստանի հետ դաշինքի դեպքում իրերի դրությունն այնքան էլ չի փոխվում, ապա նման դաշինքի իմաստն էլ ո՞րն է: Ռուսաստանի հետագա քայլերից կպարզենք, թե արդյոք տեղ է հասել այդ «մեսիջը»:

Տիգրան ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում