Չարաշահումներ թույլ տվածները պետք է պատժվեն. Այվազյանը խոսել է Շաբոյանի հետ

Օրեր առաջ հրավիրված ասուլիսին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը դժգոհեց. «Ինչո՞ւ պետք է տեղական արտադրանքն այդքան թանկանա»: Վարդան Այվազյանն ասաց, որ պատրաստվում է ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի ղեկավարի Արտակ Շաբոյանին հրավիրել և բացատրություն պահանջել՝ պնդելով, որ  գործ  ունենք ոչ մրցակցային պայմաններում սպեկուլյատիվ գնաճի հետ: Այսօր Times.am-ը փորձեց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահից պարզել՝ խոսե՞ց Շաբոյանի հետ, եթե այո, ապա  որքանո՞վ  էին հիմնավոր ՏՄՊՊՀ-ի ղեկավարի փաստարկները:

«Այո, հարց եմ տվել: Կենտրոնական բանկը կարող էր զսպել միայն դոլար-դրամ հարաբերությունը: Այսինքն՝ ԿԲ-ն կարգավորիչ դեր ունի միայն ֆինանսական շուկայում, բայց   գների չհիմնավորված բարձրացում թույլ չտալը, կարգավորելը, հսկողությունն այս դաշտում Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի գործն է: Օրենքում հստակ կա, թե չհիմնավորված բարձրացման դեպքում ինչ գործողություններ պիտի կիրառվեն: Ի ուրախություն, կառավարությունն արդեն սկսել է գործուն քայլեր ձեռնարկել՝ դոլարի արժևորման զսպան մեխանիզմներ ամբողջ շղթայով: Վերադառնալով դրամ-դոլար փոփոխությունների ֆոնին չարաշահումներ թույլ տվածներին, պիտի  ասեմ, որ նրանք, միանշանակ, պիտի պատժվեն»,-ասաց Այվազյանը՝ հարկ համարելով նշել, որ դրամ-դոլար փոփոխությունը պայմանավորված էր առաջին հերթին արտաքին գործոնով, որը տուրք տվեց  հայրենական  շատ տնտեսվարողների հարստանալու  մոլուցքին՝ չհիմնավորված  միջոցներով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում