Միամսյակը կանանց համար սեփական առողջության մասին հոգ տանելու առիթ է

Միամսյակը կանանց համար սեփական առողջության մասին հոգ տանելու առիթ է

Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի տվյալներով` կրծքագեղձի քաղցկեղով հիվանդությունն ամենաշատը հանդիպում է Գեղարքունիքի մարզի կանանց մոտ, իսկ վահանաձև գեղձի տարբեր հիվանդությունները հանդիպում են Սյունիքի բնակիչների մոտ:

Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց «Հայ-ամերիկյան առողջության կենտրոն» հիմնադրամի գործադիր տնօրեն Խաչանուշ Հակոբյանը, ում խոսքով` քաղցկեղը հատկապես հաճախ հանդիպում է 50-60 տարիքային խմբի կանանց մոտ, բայց վերջերս նկատվում է հիվանդության երիտասարդացում: «Երիտասարդ աղջիկներ ունենք, որ դիմում են մեզ, և նրանց մոտ ախտորոշվում է այդ հիվանդությունը: Ի ուրախություն մեզ` երբեմն սխալ ախտորոշմամբ են մեզ մոտ գալիս: Վերջերս եկավ 25 տարեկան աղջիկ, ում մոտ մեկ այլ կենտրոնում ախտորոշել էին քաղցկեղ, նշանակել էին վիրահատություն, նա եկավ մեզ մոտ, մենք իր համար իրականացրեցինք մանրակրկիտ հետազոտություն և ի երջանկություն մեզ ու այդ աղջկա, նրա ընտանքի` ոչ մի խնդիր չուներ: Սա նաև մեր սարքերի զգայունության մասին է խոսում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ`ասաց Խաչանուշ Հակոբյանը:

Անդրադառնալով տղամարդկանց կրծքի քաղցկեղին` բանախոսը հայտնեց, որ դեպքերը չեն ավելանում, բայց տղամարդկանց դեպքում խնդիրն ավելի շատ նրանում է, որ չեմ դիմում բժշկի: «Տղամարդիկ ուղղակի չեն պատկերացնում, որ իրենց կրծքում գոյացություն կարող է լինել, քանի որ քաղցկեղը շատ նենգ հիվանդություն է, չի ցավում, զգացնել չի տալիս մինչև բավականին խորացված փուլ: Բժշկի են դիմում, երբ բավականին ուշ է լինում, ու բժշկությունն արդեն անզոր է լինում: Խորհուրդ ենք տալիս, որ տղամարդիկ ևս զգոն լինեն, եթե փոքր փոփոխություն են տեսնում իրենց կրծքում, դիմեն բժշկի: Պետք չէ բարդույթներ ունենալ կամ ամաչել բժշկի դիմելուց»,-ընդգծեց Խաչանուշ Հակոբյանը` հավելելով, որ մինչ այժմ իրենց կենտրոնում 43 տղամարդու մոտ է ախտորոշվել կրծքագեղձի քաղցկեղ:

Բանախոսի տեղեկացմամբ` իրենց կենտրոնը տարվա մեջ մի քանի անգամ կազմակերպում է ակցիաներ` հայտարարելով զեղչեր իր ծառայությունների համար` բնակչության ուշադրությունը սեփական առողջության հանդեպ մեծացնելու նպատակով: «Մեր նպատակն է ավելի մեծ թվով կանանց ներգրավել այդ ակցիաներում: Մեր բժիշկները շատ վաղ փուլում հայտնաբերում են հիվանդությունը, ասեղով ուղեցույցային լոկալիզացիայի արդյունքում վիրաբույժը հեռացնում է նույնիսկ ամենափոքր ձևափոխված բջիջների խումբը ու փրկում հիվանդությունից: Կարող ենք հանգիստ զգալ, որ մեր գործունեությամբ հասարակության համար կարևոր գործ ենք արել»,-ասաց Խաչանուշ Հակոբյանը` ավելացնելով, որ իրենց կենտրոնում օրական 140-180 կին են հետազոտվում:

Մարտի 8-ից ապրիլի 7-ը մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ Հայ-ամերիկյան առողջության կենտրոնը առաջարկում է 30 տոկոս զեղչ իր մի շարք հետազոտությունների համար: Մանրամասների համար ցանկացողները կարող են զանգահարել 010 58 39 35 հեռախոսահամարով կամ այցելել հետևյալ կայքը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում