Սպանդանոցը, որի աշխատակիցները վարակվել են բրուցելոզով, պատկանում է Մաքսիմ Հակոբյանին. ՀԿ

Սպանդանոցը, որի աշխատակիցները վարակվել են բրուցելոզով, պատկանում է Մաքսիմ Հակոբյանին. ՀԿ

«Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպությունը ստացել է ահազանգ այն մասին, որ մարտ ամսվա սկզբին Կապան քաղաքի թվով 6 բնակիչ տեղափոխվել են տեղի հիվանդանոց՝ բրուցելոզ հիվանդության կասկածով:

Այս մասին տեղեկանում ենք կազմակերպության տարածած հաղորդագրությունից, որում, մասնավորապես, նշված է.

«Որոշ ժամանակ անց քաղաքացիների մոտ հիվանդությունը հաստատվել է, պարզվել է, որ վերջիններս հանդիսանում են Կապան քաղաքում գործող սպանդանոցի աշխատակիցներ, իսկ այս պահի դրությամբ հիվանդների թիվը հասել է 15-ի: Բրուցելոզը զոոնոզ հիվանդություն է, մարդուն փոխանցվում է ինչպես հիվանդ կենդանու կամ վերջինիս մսեղիքի հետ շփման, այնպես էլ չվերամշակված մթերքի օգտագործման միջոցով:Խիստ մտահոգիչ է, որ դեպքի առնչությամբ պատկան մարմինները՝ ի դեմս Առողջապահության նախարարության և Գյուղատնտեսության նախարարության, լռում են:

Տպավորություն է, թե պատկան մարմինները ցանկանում են կոծկել դեպքը, քանզի ի տարբերություն երկրում առկա փորձի՝ հանդես չեն եկել որևէ հայտարարությամբ: Պատկան մարմինների լռությունը կարող է ունենալ երկու պատճառ: Առաջինն այն է, որ նշված սպանդանոցը պատկանում է գործարար Մաքսիմ Հակոբյանին, երկրորդ՝ 2013-ին Սյունիքի մարզում բրուցելոզ հիվանդության նկատմամբ իրականացվել են վակցինացման աշխատանքներ, իսկ «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ն մշտապես բարձրաձայնել է վակցինացման հնարավոր ռիսկերի և վտանգների մասին և դեմ է եղել բրուցելոզի նկատմամբ կենդանիների վակցինացմանը, քանզի գործող ենթակառուցվածքների պայմաններում, կենդանիների համատարած համակարակալման և հաշվառման համակարգի բացակայության, տեղաշարժի անվերահսկելիության, ինչպես նաև մի շարք անհրաժեշտ պայմանների բացակայության պարագայում, մասնավորապես այն, որ անհնար է լաբորատոր փորձաքննության միջոցով պարզել արդյոք կենդանին հիվանդ է, թե՝ վակցինացված, վակցինացում իրականացնելը նպատակահարմար չէ: Գիտակցել ենք, որ այս ամենը շատ լավ պատկերացնում են նաև պատասխանատուները, իսկ վակցինացումը, հնարավոր է, իրականացվում է հիվանդ գլխաքանակը թաքցնելու կամ ծածկադմփոցի համար:

Դեպքի վերաբերյալ մանրամասներ ճշտելու նպատակով «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ աշխատանքային խումբը կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանի գլխավորությամբ այս պահին մեկնել է Կապան քաղաք՝ տեղում ծանոթանալու ստեղծված իրավիճակին, պարզելու` ինչն է հանդիսացել վարակի պատճառ, ինչ աշխատանքներ են իրականացվել պատկան մարմինների կողմից, ինչու խնդիրը չի բարձրաձայնվել: Նշված հարցերի վերաբերյալ պարզաբանում ստանալուց հետո հանդես կգանք լրացուցիչ հայտարարությամբ:

Հ.Գ. Բրուցելոզ հիվանդության թաքնված շրջանը տևում է 3 շաբաթից մինչև 2 ամիս։ Հիվանդությունն ուղեկցվում է բարձր ջերմությամբ (39-40°), որը կարող է տևել մի քանի շաբաթ։ Տենդը կարճատև ընդմիջումներից հետո կարող է կրկնվել մի քանի անգամ և ուղեկցվում է դողով։ հիվանդության ախտանիշներից են խիստ արտահայտված քրտնարտադրությունը, անքնությունը, վերջույթներում ճնշող ցավերի զգացումը, ախորժակի նվազումը, բերանի չորությունը, լեզվի չափավոր փառակալումը, ծարավի զգացումը, փորկապությունը, հոդային, ոսկրային ցավերը, իսկ սեռական օրգանների կողմից կարող է զարգանալ միակողմանի օրխիտ, երբեմն նաև երկկողմանի, ինչպես նաև ամորձիների ցավոտություն»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում