Ապրիլյան պատերազմը հարցեր է առաջացրել. 2016-ի բարեփոխումները կվերանայվեն. Վարչապետ

Ապրիլյան պատերազմը հարցեր է առաջացրել. 2016-ի բարեփոխումները կվերանայվեն. Վարչապետ

Ապրիլյան քառօրյա պատերազմը շատ հարցեր, մտահոգություններ առաջացրեց, ինչպես նաև անհարգի կոսմոպոլիտ քաղաքական գործիչներ ի հայտ բերեց: Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ պատասխանելով «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանի հարցին:

«Կարծում եմ, ընդհանրապես մենք քննարկելու, քննադատելու, մտահոգվելու շատ խնդիրներ ունենք: Խոսքը վերաբերում է ոչ միայն կառավարությանը, այեւ Ազգային ժողովին, քաղաքացիական հասարակությանն ու քաղաքական ուժերին: Ինչ վերաբերում է կառավարության խնդիրներին եւ ապագա անելիքներին, գործադիրը նայում է դեպի ապագա, դեպի առաջ՝ չմոռանալով անցյալն ու դասեր քաղելով բացթողումներից: Մենք փորձում ենք քայլել ժամանակին զուգընթաց, այս արագ փոփոխվող աշխարհում պետք է լինենք շատ զգոն, զգուշավոր ու պատասխանատու: Կառավարության անդամի յուրաքանչյուր քայլ ու հայտարարություն կոնկրետ պատասխանատվություն ու պարտավորություն է ենթադրում: Այդ իսկ պատճառով մենք ապագայում հանդես կգանք մեծ ու համապարփակ հայտարարությամբ, եւ այն բոլոր փոփոխությունները, բարեփոխումները, որ մենք պլանավորել էինք իրականացնել 2016թ.-ին, վերանայվելու են՝ ելնելով ապրիլյան քառօրյա պատերազմից»,-  նշեց վարչապետը:

Աբրահամյանը հավելեց՝ երբ համապատասխան քննարկումներից հետո կլինի օրենսդրական նախաձեռնության փաթեթը, դա կքննարկեն ԱԺ-ի հետ: Վարչապետը կոչ արեց քաղաքական գործիչներին՝ իրավիճակը չօգտագործել պոպուլիզմով զբաղվելու համար. «Խեղդել է որոշ քաղաքական ուժերի, անհատների պոպուլիզմը: Եվ ում ջրաղացին են ջուր լցնում, դեռ անհայտ է: Պետք է կիսվենք, անկեղծանանք ու քննարկենք, պայմանավորվենք: Կառավարությունը պատրաստ է տալ բացատրություններ, կարծիք հայտնել ու իր ապագա տեսլականը ներկայացնել ձեզ»,- եզրափակեց Հովիկ Աբրահամյանը՝ նշելով, որ դա պետք է անել առանց մամուլի ներկայության, թե չէ լրագրողների ներկայությամբ ոմանք լրիվ  ուրիշ մարդ են դառնում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում