Թրամփն առաջին անգամ առաջ է անցել Քլինթոնից ընտրողների շրջանում ժողովրդականության գծով. հարցախույզ

Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփն այս տարվա մայիսից ի վեր առաջին անգամ ամերիկացի ընտրողների շրջանում ժողովրդականության գծով առաջ է անցել ընտրարշավում իր գլխավոր մրցակցից՝ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնից: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ն, այս մասին են վկայում նոր հասարակական հարցման՝ հուլիսի 26-ին հրապարակված արդյունքները, որը կատարել է Ipsos միջազգային սոցիոլոգիական կենտրոնը՝ Reuters գործակալության հետ համատեղ:

Հուլիսի 22-ից մինչեւ 26-ն ընկած ժամանակամիջոցում ստացված տվյալների համաձայն՝ այս տարվա նոյեմբերին կայանալիք ընտրություններում Թրամփի օգտին պատրաստ է իր ձայնը տալու հարցման մասնակիցների 39 տոկոսը: Իսկ Քլինթոնին մտադիր է պաշտպանել հարցվածների 37 տոկոսը: Հետազոտության մնացած մասնակիցներն իրենց ֆավորիտի մասին հարցին այլ պատասխան են տվել:

Ընթացիկ տարում նախկին պետքարտուղարը, որպես կանոն, ժողովրդականությամբ մշտապես առաջ էր անցնում միլիարդատիրոջից: Վերջին անգամ հանրապետականին հաջողվել Է առաջ անցնել մայիսին: Ipsos-ի եւ Reuters-ի՝ հուլիսի 22-ի հարցման արդյունքների համաձայն՝ Քլինթոնի վարկանիշը 3 տոկոսով բարձր է եղել քան Թրամփինը: Այս ամսվա ամենասկզբին տարբերությունը կազմել է 15 տոկոս հօգուտ նախկին պետքարտուղարի, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում