Վլադիմիր Գասպարյանը ներկայացրել է Երևանի նորանշանակ ոստիկանապետին և տվել կոնկրետ ցուցումներ (ֆոտո, տեսանյութ)

ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը հրավիրել էր աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցում էին ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներ: Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:

Ոստիկանության պետը ներկայացրել է համակարգում կատարված կադրային փոփոխությունները:

Վլադիմիր Գասպարյանը տեղեկացրել է, որ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Աշոտ Կարապետյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից ու գրանցվել կադրերի ռեզերվում:

Ոստիկանության պետը ներկայացրել է Երևան քաղաքի վարչության նորանշանակ պետին՝ ոստիկանության գնդապետ Սարգիս Մարտիրոսյանին, որը մինչ այս ղեկավարում էր ոստիկանության Շիրակի մարզային վարչությունը:

Վլադիմիր Գասպարյանի հրամանով կատարվել են նաև կադրային այլ փոփոխություններ: Մասնավորապես, ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ է նշանակվել Լոռու մարզային վարչության պետ Արտակ Կարապետյանը, որին այդ պաշտոնում փոխարինել է Տավուշի մարզային վարչության պետ Արշավիր Գևորգյանը:

Խորհրդակցության ավարտին Վլադիմիր Գասպարյանը վարչությունների նորանշանակ ղեկավարներին տվել է  կոնկրետ ցուցումներ ու հանձնարարականներ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում