Արծվիկ Մինասյանն ամենայն հավանականությամբ կնշանակվի Բնապահպանության նախարար. Աղվան Վարդանյան

ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Արծվիկ Մինասյանն առաջիկայում ամենայն հավանականությամբ կզբաղեցնի Բնապահպանության նախարարի պաշտոնը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:

«Մենք երկար, տեւական հանդիպում ենք ունեցել վարչապետի հետ, քննարկել ենք առկա հնարավոր բոլոր հարցերը, նրա համար կարեւոր են տնտեսական բլոկի բարեփոխումները: Վարչապետը նոր նախարարությունում պատկերացնում է ավելի բիզնես մտածողություն ունեցող անձի»,-ասաց Աղվան Վարդանյանը՝ դրական գնահատելով Արծվիկ Մինասյանի կարողությունները Բնապահպանության նախարարության գործառույթներն իրականացնելու հարցում:

Նա նշեց, որ դաշնակցականների համար կարեւոր է ոչ թե նախարարների հստակ թվաքանակ ունենալը, այլ առաջադրված խնդիրների լուծումը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում