Բնապահպանության նախարարությունը հաշվարկել է 1.14 միլիոն դրամի շրջակա միջավայրի հասցված վնաս

ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կողմից նոյեմբերի 21-ից 25-ը իրականացված շրջայցերի ժամանակահատվածում, ԲՊՏ վարույթին հանձնված գործերի քննության և հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 480 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 7 որոշում և հաշվարկվել 1.14 միլիոն դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակության հետ կապերի վարչությունից:

Մասնավորապես` բուսական աշխարհի պահպանության ոլորտում կազմվել է վարչական տուգանքի մեկ որոշում՝ 50 հազար դրամով և հաշվարկվել է 1.116 միլիոն դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին պատճառված վնաս, որից ՝ Լոռու տարածքային բաժնի կողմից ապօրինի հատված 48 բարդի տեսակի ծառի համար հաշվարկվել է 1056.5 հազար դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: Նյութերն ուղարկվել են ոստիկանության Գուգարքի բաժին հետագա ընթացք տալու համար:

Սյունիքի տարածքային բաժինն ապօրինի ծառահատման դեպքի համար հաշվարկել է 60 հազար դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Վայոց ձորի տարածքային բաժնի կողմից ապօրինի ծառահատման դեպքի համար կայացվել է 50 հազար դրամի վարչական տուգանքի որոշում:

Կենդանական աշխարհի պահպանության ոլորտում շաբաթվա ընթացքում հայտնաբերվել և առգրավվել է 18 հատ(8.5կգ) «սիգ» տեսակի տիրազուրկ թարմ ձուկ, 20 հատ գետի ձուկ և 6.5 կգ կենդանի խեցգետին, որից՝

Շիրակի տարածքային բաժնի կողմից շրջայցերի ընթացքում առգրավվել է 18 հատ (8.5կգ) «սիգ» տեսակի թարմ ձուկ, ինչը հանձնվել է «Ֆ.Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության հաստատություն»:

Տավուշի տարածքային բաժնի կողմից շրջայցերի ընթացքում առգրավվել է 20 հատ գետի ձուկ, ինչը հանձնվել է «ՍՈՍ Իջևանի մանկական գյուղ»:

Գեղարքունիքի տարածքային բաժնի վարույթին հանձնված 6.5կգ խեցգետնի ապօրինի որսի համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50 հազար դրամի վարչական տուգանքի որոշում: Խեցգետինը կենդանի վիճակում բաց է թողնվել Սևանա լիճ:

Սյունիքի տարածքային բաժինը ձկան ապօրինի որսի համար ֆիզիկական անձի նկատմամբ հաշվարկվել է 25 հազար դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: Բնապահպանական և բնօգտագործման վճարի եռամսյակային հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար կազմվել է վարչական տուգանքի 4 որոշում՝ 300 հազար դրամ գումարով, որից՝ Արագածոտնի տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 150 հազար դրամի վարչական տուգանքի որոշում:

Շիրակի տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50 հազար դրամի վարչական տուգանքի որոշում:

Սյունիքի տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50 հազար դրամի վարչական տուգանքի որոշում:

Գեղարքունիքի տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50 հազար դրամի վարչական տուգանքի որոշում:

Առանց շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական դրական եզրակացության գործունեություն իրականացնելը Գեղարքունիքի տարածքային բաժինը «Սևան ԱՊ» ՊՈԱԿ-ի հետ համատեղ ֆիզիկական անձի նկատմամբ կայացրել է 80 հազար դրամի վարչական տուգանքի որոշում:

Վարչարարության և փորձաքննության վերահսկողության բաժինը դատական ակտերի հարկադիր կատարման է ներկայացվել վարչական տուգանքի որոշում 300 հազար դրամ գումարի չափով:

Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած նախորդ պատժամիջոցներից հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 1.1 միլիոն դրամ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում