Հայաստանում սողանքային աղետի կառավարման ծրագիրը վերջնական փուլում է

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրեն Մուշեղ Ղազարյանը հունվարի 23-ին ընդունեց Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA/ՃՄՀԳ) հետ համագործակցող անկախ փորձագետ Հիրո Օկուդայի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպման նպատակն էր քննարկել 2014 թ.-ին մեկնարկած՝ «ՀՀ-ում սողանքային աղետի կառավարում» ծրագրի վերջնական գնահատման ընթացքում կատարված աշխատանքներն ու արդյունքները:

Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Մ. Ղազարյանը ողջունեց հյուրերին, նշեց, որ միասին աշխատաելու դեռ բազամթիվ ուղղություններ կան, որոնք, անկասկած, կիրագործվեն:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից,ՀՀ ԱԻՆ բնակչության պաշտպանության և աղետների հետևանքների վերացման կազմակերպման վարչության պետ, փ/ծ գնդապետ Ա. Դավթյանը նույնպես անդրադարձավ համագործակցությանը՝ նախանշելով արդեն գրանցված հաջողությունները: «Արդեն երրորդ տարին է, որ աշխատում ենք սողանքների կառավարման ուղղությամբ ու հիմա ժամանակն է արդյունքները տեսնելու: Սա լավ նախադրյալ է հետագայում մեր համագործակցությունը շարունակելու համար»,- նշեց նա:

Ճապոնական կողմը ևս շնորհակալություն հայտնեց ընդունելության համար, ներկայացրեց կատարված աշխատանքները. «Ծրագիրը բավական հաջող ծրագիր է՝ նախատեսված արդյունքները ստանալու տեսանկյունից: Հուսով ենք, որ ամեն բան դրական ընթացք կունենա»:

Հանդիպմանը քննարկվեցին նաև ծրագրի ընդլայնման հնարավորությունները:

Ծրագրի շրջանակներում սողանքային լանջերի վրա ակտիվացումներ գրանցող խորքային և մակերևութային էլեկտրոնային տվիչների տեղադրման և չափումների արդյունքում ինժեներապաշտպանական միջոցառումներ իրականացնելու համար ընտրվել էին ՀՀ Շիրակի մարզի Առափի և Տավուշի մարզի Գետահովիտ համայնքները:

Պիլոտային ծրագրով՝ որպես 3-րդ տեղամաս, ընտրվել է Կոտայքի մարզի Ողջաբերդ համայնքը: Այստեղ տեղադրված սողանքի տեղաշարժը չափող 2 էլեկտրոնային, խորքային էքստենզոմետրներից բացի, Երևան-Գառնի ավտոճանապարհի այդ հատվածին հարող լանջի տարբեր տեղերում տեղադրվել են 4 մակերեսային պարզագույն չափիչ սարքեր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում